HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչպես են ծանրաբեռնվում քրեական գործեր քննող դատարանները

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դատավորների ծանրաբեռնվածությունը թոթափելու հիմնական միջոցը շարունակում է համարել  գործերի բաշխման ցանկից նրանց անունը ժամանակավորապես հանելը: Չկա հստակ վերլուծություն, թե ինչով է պայմանավորված դատավորների ծանրաբեռնվածությունը, որոնք են դրա պատճառները: Ընտրվել է կարճ ճանապարհ. բաշխման ցանկից հանել դատավորի անունը՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնելով մյուս դատավորների համար, իսկ որոշ ժամանակ անց ցանկից հանել նաև այդ ծանրաբեռնված դատավորներին: Եվ այսպես շարունակ:

«Հետք»-ը «Դատալեքս» տեղեկատվական պորտալում հրապարակված տեղեկատվության հիման վրա ուսումնասիրել է 2023թ. գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանված, քրեական ուղղվածության տարբեր ատյանների և մարզերի հինգ դատավորների վարույթում առկա գործերը: Որպեսզի պարզ դառնա նրանց ծանրաբեռնվածությունը, ուսումնասիրել ենք գործերի բաշխման ցանկից հանելու մասին ԲԴԽ-ի որոշմանը նախորդած երեք ամիսների տվյալները: 

Դատավորներն ընտրվել են՝ հաշվի առնելով, թե քանի անգամ է նրանց անունը ցանկից հանվել, ինչպես նաև՝ ապահովելով մարզերի, Երևան քաղաքի, տարբեր ատյանների ներգրավվածությունը:

Ընտրել ենք Երևան քաղաքի, Արմավիրի, Շիրակի, Տավուշի մարզերի ընդհանուր իրավասության և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին:

Արդեն գրել ենք, որ 2023թ. քրեական մասնագիտացման 48 դատավորի անուն է ժամանակավորապես հանվել գործերի բաշխման ցանկից:

Նարեկ Բադալյան, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նարեկ Բադալյանը պաշտոնում նշանակվել է 2023թ. հունվարի 30-ին: Մինչ այդ եղել է դատավորի օգնական, դրանից առաջ՝ դատավորի գործավար:

Դատավոր նշանակվելուց մոտ մեկ ամիս անց Նարեկ Բադալյանը դիմել է ԲԴԽ իր անունը գործերի բաշխման ցանկից հանելու խնդրանքով:

Քննարկելով Նարեկ Բադալյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի գրությունը, ԲԴԽ-ն 2023թ. ապրիլի 3-ին որոշել է մի խումբ դատավորների, այդ թվում՝ Նարեկ Բադալյանի անունը ժամանակավորապես՝ ապրիլի 4-25-ը, հանել գործերի բաշխման ցանկից: 

ԲԴԽ-ից հետաքրքրվել էինք, թե ինչ ծանրաբեռնվածություն է ունեցել դատավորն այն պահին, երբ նրա անունը հանվել է գործերի բաշխման ցանկից: Պարզվում է՝ նորանշանակ դատավորն իր վարույթում ունեցել է 33 գործ, ինչն էլ ԲԴԽ-ն համարել է ծանրաբեռնվածություն:

Ուսումնասիրել ենք ԲԴԽ-ի որոշումից առաջ 3 ամսվա կտրվածքով (2023թ. հունվարի 4-ից ապրիլի 4-ը) հրապարակային տվյալները և արձանագրել, որ Նարեկ Բադալյանի վարույթում իրապես եղել է 33 գործ: 

Այդ գործերով 3 ամսվա ընթացքում նա 44 նիստ է հրավիրել, որից կայացել է 37-ը, 7 նիստ չի կայացել դատավորի վատառողջության և դատական նիստերի դահլիճների ծանրաբեռնվածության պատճառով:

Վարույթում գտնվող 33 գործից միայն 12 գործով է մեկից ավելի նիստ հրավիրել: Իսկ 5 գործով նշված ժամանակահատվածում ընդհանրապես նիստ չի հրավիրել: Այդ ընթացքում 3 գործով վճիռ է հրապարակել, իսկ 2 գործ ուղարկել է այլ դատարան՝ ըստ ընդդատության:

ԲԴԽ-ի որոշման ժամանակ Ն. Բադալյանը փաստացի իր վարույթում ունեցել է ընդամենը 28 գործ: Այս պայմաններում ԲԴԽ-ն որոշել է, որ Նարեկ Բադալյանն ունի  աշխատանքային խիստ ծանրաբեռնվածություն: Ավելին, 4 ամիս անց ԲԴԽ-ն դատավոր Բադալյանի մոտ դարձյալ ծանրաբեռնվածություն է նկատել: 2023թ. օգոստոսի 8-ին կրկին որոշում է կայացրել դատավորի անունը ժամանակավորապես հանել գործերի բաշխման ցանկից՝ օգոստոսի 8-12-ը: 

Այս որոշմանը նախորդող 3 ամիսներին դատավորի ծանրաբեռնվածության ուսումնասիրությունից պարզվում է, որ 2023թ. մայիսի 8-ից օգոստոսի 8-ը Նարեկ Բադալյանի վարույթում եղել է 51 գործ:

Այդ գործերով 102 նիստ է հրավիրել, որից կայացել է 67-ը, 35 նիստ չի կայացել: Նիստերից 16-ը չի կայացել դատավորի վատառողջության պատճառով, 9 նիստ չի կայացել, քանի որ հերթապահ է եղել և քննել է կալանքի միջնորդություններ: 

«Դատական բարեփոխումների»  համատեքստում 2021թ․–ին փոփոխություններ կատարվեցին Դատական օրենսգրքում, և  մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները, այդ թվում՝ անձանց կալանավորելու, հեռախոսային խոսակցությունները վերահսկելու, խուզարկության թույլտվություններ ստանալու և այլ հարցերը քննելու էին առանձին, մասնագիտացած դատավորները:

Երևան քաղաքում մասնագիտացած դատավորների համար նույնիսկ շենք առանձնացվեց՝ «Աջափնյակ-1» նստավայրը։ Մարզերի դատարաններում ընտրվել էր մեկական դատավոր՝ միայն այդ միջնորդությունները քննելու համար: Սակայն, գործունեությունից մոտ մեկ տարի անց դարձյալ փոփոխություն կատարվեց, և վերը նշված միջնորդությունների քննությունը կրկին վերապահվեց քրեական գործեր քննող դատավորներին: Այդպես էլ հստակ չպատճառաբանվեց, թե որն էր «վերադարձի» պատճառը:

Նարեկ Բադալյանի քննած գործերով 5 նիստ չի կայացել «առանձին սենյակում գտնվելու պատճառով» (այլ գործով դատական ակտ կայացնելու-հեղ.), 3-ը՝ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու և 2 նիստ՝ տեխնիկական պատճառներով: 51 գործից միայն 36-ով է մեկից ավելի անգամ նիստ նշանակվել, իսկ 8 գործով նշանակվել է վճռի հրապարակում:

Սաթենիկ Անդրեասյան, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 

Սաթենիկ Անդրեասյանը ևս համեմատաբար նոր է սկսել դատավորի կարիերան: Այդ պաշտոնում նշանակվել է նույն օրը, ինչ Նարեկ Բաբայանը՝ 2023թ. հունվարի 30-ին: Դրանից առաջ եղել է ավագ դատախազ:

Նշանակվելուց մոտ 7 ամիս անց ԲԴԽ-ն Սաթենիկ Անդրեասյանի անունը 4 ամսով հանել է գործերի բաշխման ցանկից: Պատճառաբանությունը նույնն է՝ ծանրաբեռնվածությունը:

Այդ որոշմանը նախորդող 3 ամիսների տվյալներով՝ Ս. Անդրեասյանի վարույթում եղել է 76 գործ:

Այդ գործերով ընդհանուր նշանակել է 110 դատական նիստ, որից կայացել է 98-ը: 2 նիստի վերաբերյալ տեղեկություն չկա. 7 նիստ չի կայացել այլ գործով դատավորի ծանրաբեռնված լինելու, իսկ 3 նիստ՝ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու պատճառով:

76-ից միայն 24 գործով է 3 ամսվա ընթացքում մեկից ավելի դատական նիստ նշանակել: Վարույթում գտնվող գործերի կեսով՝ 37 գործով, հաջորդ դատական նիստը նշանակել է 3 ամիս անց:

Հրաչյա Մեխակյան, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Մեր ուսումնասիրած դատավորներից ամենից շատ գործ եղել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի վարույթում:

Հ․ Մեխակյանը դատավորի կարիերան սկսել է 2018թ. դեկտեմբերին: Նախ նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ապա` 2 տարի անց, տեղափոխվել Արմավիրի մարզ:

ԲԴԽ-ն Մեխակյանի անունը գործերի բաշխման ցանկից հանել է տարվա ընթացքում 2 անգամ՝ իրար հաջորդող 3-ական ամիս: Առաջին անգամ նոր գործերի մակագրումից դատավորն ազատվել է 3 ամսով՝ 2023թ. հունվարի 25-ից մինչև ապրիլի 25-ը:

«Դատալեքսի» տվյալների հիման վրա պարզել ենք, որ ԲԴԽ-ի որոշումից առաջ՝ 3 ամիսների ընթացքում, դատավորն իր վարույթում ունեցել է 208 քրեական գործ, որոնցով հրավիրել է 264 նիստ: Կայացել է 219 նիստ:

Մնացյալ 45 նիստերը չեն կայացել Հ. Մեխակյանի՝ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու, այլ գործով ծանրաբեռնված լինելու, կողմերի ոչ պատշաճ ծանուցված լինելու, ուղեկցող ջոկի ծանրաբեռնված լինելու պատճառով: Միայն 9 նիստ հետաձգվել է դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցման պատճառով:

208 գործից միայն 38-ի դեպքում է մեկից ավելի նիստ նշանակվել: Այսինքն՝ 170 գործով 3 ամսվա ընթացքում մեկական նիստ է նշանակվել:

151 գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 3-5 ամիս անց: 

Մեկ գործով (ԱՐԴ/0156/01/21) դատական հաջորդ նիստը նշանակվել է 7 ամիս անց, սակայն այդ օրն էլ նիստը չի կայացել, քանի որ մեղադրողը գտնվել է արձակուրդում, և հաջորդ նիստը նշանակվել է 3 ամիս հետո: Այս անգամ էլ վկան չի ներկայացել, և հաջորդ նիստը նշանակվել է 2 ամիս անց: Այդ օրը վկան դարձյալ չի ներկայացել, և նիստը ևս 2 ամսով հետաձգվել է: Ստացվում է՝ մեկ տարվա ընթացքում դատավորին չի հաջողվել կոնկրետ գործով նիստ անցկացնել:

Քանի որ դատավոր Հրաչյա Մեխակյանը գործերի մեծ մասով հաջորդ դատական նիստը նշանակել է 4 ամիս անց, 4 ամիս հետո նրա մոտ կրկին  ծանրաբեռնվածություն է առաջացել:

ԲԴԽ-ի՝ բաշխման ցանկից Մեխակյանի անունը հանելու ժամկետի լրանալու օրը՝ ապրիլի 25-ին, դարձյալ որոշում է կայացվել Հ. Մեխակյանին ազատել նոր գործերի մակագրումից: Այս անգամ նույնպես նրա անունը ցանկից հանվել է 3 ամսով՝ 2023թ. ապրիլի 26-ից մինչև հուլիսի 26-ը:

Այս ժամանակահատվածին նախորդող 3 ամիսների ընթացքում, մեր ուսումնասիրության համաձայն, Հ. Մեխակյանի վարույթում եղել է 177 գործ: Սրանք հիմնականում հետաձգված գործերն են կամ որոնց հաջորդ նիստը նշանակվել է 3-5 ամիս անց:

Հ. Մեխակյանը 177 գործով 267 նիստ է հրավիրել, որից 36 նիստ չի կայացել՝ դատավորի վատառողջության, այլ գործով ծանրաբեռնվածության, կողմերի բացակայության, ոչ աշխատանքային օր լինելու պատճառով:

Մասնավորապես՝ գործերից մեկով (ԱՐԴ/0072/01/22) դատավորը դատական նիստ է նշանակել ոչ աշխատանքային օր՝ ապրիլի 24-ին: Այն չի կայացել, և հաջորդ նիստը նշանակել է 3 ամիս հետո: Այս սխալի պատճառով մոտ 7 ամիս այս գործով դատավորը որևէ ձևով ծանրաբեռնված չի եղել, քանի որ դրա նախորդ նիստն էլ նշանակվել էր մոտ 4 ամիս առաջ: Սակայն այդ գործը քանական առումով «ծանրացրել» է դատավորի աշխատանքը:

Մեր ուսումնասիրած երեք ամսվա ընթացքում միայն 52 գործով է մեկից ավելի նիստ նշանակվել: 113 գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է 3-5 ամիս ընդմիջումով: 

Փաստացի, տարվա ուղիղ կեսը՝ 6 ամիս, Հրաչյա Մեխակյանին նոր գործեր չեն մակագրվել, և ծանրաբեռնվել են մարզի քրեական մասնագիտացման մյուս  դատավորները:

Դավիթ Բալայան, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր 

Դավիթ Բալայանը նոր չէ դատական համակարգում: Դատավորի պաշտոնում աշխատում է արդեն 23 տարի:

Նրա անունը 2023թ. ընթացքում երեք անգամ հանվել է գործերի բաշխման ցանկից, սակայն վերը նշված դատավորների համեմատությամբ՝ շատ ավելի կարճ ժամանակահատվածով:

Առաջին անգամ Բալայանի անունը հանվել է 2 ամսով՝ 2023թ. հունվարի 31-ից մինչև մարտի 31-ը:

Դատական դեպարտամենտից փոխանցում են, որ Դավիթ Բալայանի վարույթում եղել է 118 քրեական գործ: Սակայն, մեր ուսումնասիրությունները ցույց են տվել 102 գործ: Տարբերությունն այդքան էլ էական չէ, և տվյալները կարող են տարբերվել՝ հաշվի առնելով, որ «Դատալեքսում» տեղեկատվությունը միշտ չէ, որ հրապարակվում է ամբողջական և ժամանակին: Բացի այդ, դատավորների վարույթում գտնվող գործերի թիվն ամեն օր փովում է, հետևաբար տարբերությունը կարող է պայմանավորվել նաև այդ հանգամանքով:

102 գործով հրավիրել է 184 նիստ, որից 12-ը չի կայացել,  53 նիստ հետաձգվել է: 8 նիստ հետաձգվել է մեղադրյալին ՔԿՀ-ից դատարան չբերելու պատճառով, իսկ 45-ը՝ ամբաստանյալի, պաշտպանի կամ մեղադրողի բացակայության, դիմումների հիման վրա:

56 գործով մեկից ավելի նիստ է նշանակվել: Ընդ որում, որոշ գործերով 3 ամսվա ընթացքում 5 նիստ է նշանակվել: Այդ ժամանակահատվածում 30 գործի վարույթ կարճվել է, կամ ընդհանուր հիմունքներով կայացվել է դատավճիռ:  

ԲԴԽ-ն հաջորդ որոշումը կայացրել է ապրիլի 13-ին՝ դատավորին ցանկից հանելով ընդամենը 19 օրով՝ ապրիլի 14-ից մայիսի 2-ը:

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ այդ ժամանակ դատավորի վարույթում եղել է 97 քրեական և 31 այլ դատական գործ, այսինքն՝ կալանքի միջնորդություններ և այլն:

Քանի որ կալանքի միջնորդությունների քննությունները հրապարակային չեն, այդ անչությամբ դատական տեղեկատվական համակարգում տվյալներ չկան: Սակայն, այդ որոշմանը նախորդող 3 ամիսների ընթացքում ուսումնասիրել ենք 86 գործ:

86 գործով հրավիրվել է 174 նիստ, որից 5 նիստ չի կայացել, իսկ 47 նիստ հետաձգվել է: 7 նիստ հետաձգվել է դարձյալ մեղադրյալին ՔԿՀ-ից դատարան չբերելու կամ ուշ բերելու պատճառով, իսկ մնացած 40-ը՝ ամբաստանյալի, պաշտպանի կամ մեղադրողի բացակայության, դիմումների հիման վրա:

62 գործով մեկից ավելի նիստ է նշանակվել երեք ամսվա ընթացքում, 16 գործի վարույթ կարճվել է, կամ ընդհանուր հիմունքներով կայացվել է դատավճիռ:  

ԲԴԽ-ն Դ. Բալայանի վերաբերյալ  երրորդ որոշումը կայացրել է հունիսի 5-ին՝ դատավորին գործերի բաշխման ցանկից հանելով ընդամենը 10 օրով՝ հունիսի 6-16-ը: Դեպարտամենտի տվյալներով՝ այդ ժամանակ Բալայանի վարույթում եղել է 114 քրեական գործ: «Դատալեքսով» ուսումնասիրել ենք 92 գործ:

Այդ գործերով հրավիրել է 185 նիստ, որից 9-ը չի կայացել, իսկ 38-ը հետաձգվել է: 8 նիստ հետաձգվել է մեղադրյալին ՔԿՀ-ից դատարան չբերելու պատճառով: Կեսից ավելիի դեպքում՝ 60 գործով, մեկից ավելի անգամ նիստ է նշանակվել: 24 գործի վարույթ կարճվել է, կամ ընդհանուր հիմունքներով կայացվել է դատավճիռ:  

Ստացվում է, որ դատավորի վարույթում գտնվող գործերով միայն 23 նիստ հետաձգվել է, քանի որ պետությունը չի կարողացել իր պոզիտիվ պարտականությունը կատարել և անազատության մեջ գտնվող անձին ժամանակին ներկայացնել դատարան: Մինչդեռ, այդ պատճառով դատարանը լրացուցիչ ծանրաբեռնվել է, ռեսուրս ծախսել:

Այս խնդիրը սրվում է հատկապես այն համատեքստում, որ անազատության մեջ գտնվող անձանց գործերով օր առաջ պետք է որոշումներ կայացվեն, որպեսզի արդարացվելու դեպքում ազատ արձակվեն: Այնինչ, պատկան մարմինները չեն կարողանում  նրանց ժամանակին դատարան բերել:

Ռուբիկ Մխիթարյան, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Դատավոր Ռուբիկ Ներսիսյանի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանվել է ԲԴԽ-ի 2023թ. մայիսի 29-ի որոշմամբ՝ 2 ամսով:

Դատական դեպարտամենտի տվյալներով՝ դատավորը ծանրաբեռնված է եղել, քանի որ նրա վարույթում առկա էր 14 քրեական և 58 այլ դատական գործ: Մենք որոշմանը նախորդող 3 ամսվա կտրվածքով ուսումնասիրել ենք 17 գործ, որոնցով 16 նիստ է հրավիրել, կայացել է 14-ը:

5 գործով դատավորը որոշումներն ընդունել է գրավոր ընթացակարգով (վերանայման բողոք): Երեք ամսվա ընթացքում 17-ից միայն մեկ գործով է մեկից ավելի նիստ նշանակվել:

Այսպիսով՝ այս դատավորների գործերի թիվը, նիստերի քանակը, հաջորդականությունը, գործերի ձգձգման պատճառները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ԲԴԽ-ն որոշումները կայացնում է առանց լուրջ հիմնավորումների և ուսումնասիրության: Այդ է պատճառը, որ օրինակ, դատավորներից մեկը կարող է 6 ամսով ազատվել նոր գործերի մակագրումից և պակաս արդյունավետությամբ աշխատելն, մինչդեռ մեկ այլ դատավոր, որին կարճ ժամկետով են ազատել նոր գործերի մակագրումից, ավելի արագ քննի գործերն ու թեթևացնի բեռը: Դատավորի անունը մակագրման ցանկից հանելուց առաջ, փաստորեն, վերլուծություն չի կատարվում:

Գրաֆիկական պատկերները՝ հեղինակի

Գլխավոր պատկերը՝ Տիրայր Մուրադյանի

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter