HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Դատական իշխանությունը քրեական գործեր քննող դատարանները բեռնաթափելու փաստարկված ու չափելի ցուցանիշներ չի ներկայացնում

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումով 2023թ․-ի ընթացքում քրեական գործեր քննող 48 դատավորի անուն է ժամանակավորապես հանվել գործերի բաշխման ցանկից։ Դատավորներ կան, որոնց անունները մեկ տարվա ընթացքում երկու-երեք անգամ են հանվել։ ԲԴԽ-ն այս միջոցին է դիմում դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար, նաև՝ դատավորներ է գործուղում մի դատարանից մյուսը։ ԲԴԽ որոշումներում դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ վիճակագրական տվյալներ չկան։ Որոշումների համար հիմք են ընդունում աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դատավորի դիմումը և դատարանի նախագահի գրությունը։

Համեմատության համար նշենք, որ 2023թ․-ի ընթացքում քաղաքացիական գործեր քննող 40 դատավորի անուն է ժամանակավորապես հանվել գործերի բաշխման ցանկից։ ԲԴԽ-ն ընդունում է, որ քաղաքացիական գործեր քննող դատարանը գերծանրաբեռնված է և որոշ միջոցառումներ է իրականացրել բեռնաթափելու համար։ Համոզված են, որ 2024թ․ առաջին կիսամյակից դատավորների ծանրաբեռնվածությունը կսկսի նվազել, որի արդյունքում քաղգործեր քննող դատարանները մինչև 90% կբեռնաթափվեն։

2023թ․-ին հրապարակված Համաշխարհային բանկի «Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին, հայացք ապագային» մոնիտորինգի զեկույցի համաձայն՝ 2021թ․-ին քաղաքացիական գործերի քննության ժամկետի աճը մոտավորապես կրկնակի է եղել, վարչական գործերինը գրեթե ութապատկվել է, իսկ քրեական գործերի լուծման ժամկետն աճել է ինն անգամ։

Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու հարցն ընդգրկված է «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության ծրագրում»։ Մեզ հետաքրքրողը քրեական գործեր քննող դատարանները բեռնաթափելուն միտված նախաձեռնություններն են՝ ի՞նչ գործողություններ են պլանավորվել և ի՞նչ ժամանակամիջոցում են իրականացվելու։

Քրեական գործեր քննող դատարանների համար նախատեսվում է՝

  • Գործարկել «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քրեական գործերով էլեկտրոնային մոդուլը։
  • Արդիականացնել դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման համակարգը, ինչպես նաև կատարելագործել դատական ակտերի պաշտոնական հրապարակման համակարգը։
  • Ներդնել e-criminal case (քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգ) էլեկտրոնային կառավարման համակարգը։

«Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի» ժամանակացույցով երեքն էլ պետք է իրականացված լինեին։ «Էլեկտրոնային դատարան» միասնական կառավարման համակարգը գործարկելու ժամկետը նախատեսված էր այս տարվա 2-րդ եռամսյակում, սակայն Կառավարության որոշումով հետաձգվել է 2024թ․-ի 4-րդ եռամսյակ։ Ասվում է, որ ներկայում Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակվում է քրեական գործերով էլեկտրոնային մոդուլի տեխնիկական առաջադրանքը։ Այս համակարգերը ներդնելու արդյունքում կանխատեսում են, որ քրեական վարույթի շրջանակներում իրականացվող դատական գործառույթների առնվազն 20%-ը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։

Քրեական գործերի մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման e-criminal case համակարգը հնարավորություն կընձեռի վարույթի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունն իրականացնել էլեկտրոնային եղանակով: Ակնկալվում է, որ, համակարգը ներդնելով, քրեական գործերի քննության ընթացքում կնվազեն սխալները, քրեական գործերը կքննվեն առավել արագ և արդյունավետ, ինչպես նաև՝ նվազ ծախսատար եղանակով, կհեշտանա քրեական գործերի քննության ընթացքում ապացույցների ձեռքբերումը։ Համակարգը պլանավորված էր գործարկել 2023թ․ 4-րդ եռամսյակում։

Արդարադատության նախարարությունը գործարկում է «Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի» կատարման մշտադիտարկման հարթակ: Հարթակում հրապարակված հաշվետվությունը տեղեկացնում է, որ e-criminal case համակարգը լիարժեք չի աշխատում, և չի դյուրինացվել քրեական գործերի քննության ընթացքում ապացույցների ձեռքբերումը։ Համակարգի քայլերի հաջորդականությունը ևս ամբողջապես ապահովված չէ։

Դատավորների ծանրաբեռնվածության պատճառներից էր համարվում նաև այն, որ դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման համակարգը հաշվի չէր առնում դատավորների ծանրաբեռնվածությունը և գործերի բարդությունը: Հաշվետվության համաձայն՝ 2023թ․ հուլիսից ներդրված գործերի մակագրման նոր համակարգն ընկալում է թեթև և բարդ գործերը և դրանք հավասարաչափ է մակագրում դատավորներին։ Այս գործողությունը 40%-ով իրականացված է համարվում։

Ռազմավարական ծրագիրը քրեական գործերով ծանրաբեռնվածության բովանդակային վերլուծություն և վիճակագրություն չի ներկայացնում։ Դատարանների ծանրաբեռնվածության և բեռնաթափելուն միտված գործողությունների մասին դատական իշխանության ղեկավարներն ավելի շատ խոսում են սոցիալական հարթակներում։ Հասկանալի է, որ այստեղ չափելի ցուցանիշներ չեն ներկայացվում։ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԽԴ) նախագահ Կարեն Անդրեասյանը 2023թ․-ի դեկտեմբերի 15-ին ԲԴԽ-ի «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական դատարանները կբեռնաթափվեն շուրջ 40%–ով։ 

Դատական համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ հաղորդումներ է պատրաստում Դատական դեպարտամենտի լրատվական բաժինը։ Տեսանյութերից մեկում դատավորները հայտնում են, որ քրեական գործերով դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար որոշ գործողություններ են իրականացվում։ Այսպես․

  • «Քրեական դատավարության օրենսգրքով» նախատեսվում է որոշ՝ ոչ մեծ ծանրության հանցագործություններով գրավոր ընթացակարգի ներդնում՝ կողմերի միջև հաշտության և տուգանքին առնչվող փոփոխություններ։ Թեթեւ հանցանքների դեպքում, եթե մեղքն ընդունում են՝ 15 օրյա ժամկետում գրավոր կարգով դատավճիռ են կայացնում՝ տուգանքի նվազագույն չափ նշանակելով։ Դարձյալ վիճակագրական տվյալներ չեն ներկայացնում, դատավորները հայտնում են, որ իրենց հաշվարկներով այդ բնույթի գործերը 40–50% են կազմում։ 
  • Դատարանը, եթե նախկինում հարցում էր կատարում Պետեկամուտների կոմիտե կամ անձի դատվածությունը ճշտելու համար՝ ոստիկանություն, այդ պատճառով կարող էր նաև հետաձգել դատական նիստը, այժմ րոպեների ընթացքում Mulberry համակարգով ստանում է տեղեկատվությունը։
  • Համալրվել են նաև դատավորների թափուր հաստիքները, նրանց ասելով՝ այն նույնպես կնպաստի ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն։ 

Իհարկե, թվարկվածները դատավարական խոչընդոտներ են, բայց ամբողջը չեն։ ՀԲ-ի զեկույցում նույնպես նշվում է, որ դատավարական խոչընդոտները լրջորեն խանգարում են գործերի ժամանակին լուծմանը: «Ակնհայտորեն առկա են ընթացակարգային սողանցքներ, սակայն շահագրգիռ կողմերի շրջանում կարծես դրանք բարելավելու քիչ հետաքրքրություն կամ շահագրգռություն կա»,– ասվում է զեկույցում:

Դատավարական խոչընդոտների վերաբերյալ «Հետք»-ը մի քանի հրապարակում է ունեցել կոնկրետ դատական գործով։ Դրանք համակարգային բնույթ ունեն, բայց ինչպես զեկույցի հեղինակներն են նշում՝ շահագրգիռ կողմերի արձագանքը նկատելի չէ։

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով դատական նիստը մեկ ժամից ավել ուշացումով սկսվեց, որովհետև Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) կալանավորին ուշացումով բերեցին դատարան։ Նիստերի քարտուղարն այդ ընթացքում մի քանի անգամ կալանավայր զանգեց՝ պարզելու, թե գործով մեղադրյալին երբ են բերելու։ Պատասխանել էին, որ մեքենա չկա կալանավորին բերելու համար, դատարան ուղևորված մեքենաները պետք է վերադառնան, որ մյուսներին տեղափոխեն։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս գործով արդեն երկրորդ անգամ էր բացատրություն պահանջում մեղադրյալին ուղեկցողներից, որոնք կանայք են։ «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա»,– ասաց նա։ Դատավորի դժգոհությանը միացան նաև գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ավելացնելով, որ համատարած այս վիճակն է, և դատարանին խնդրեցին միջնորդագիր ուղարկել ՔԿՀ։

Դատավարական մյուս խոչընդոտը՝ մեկ ուրիշ անգամ նույն գործով դատական նիստը հետաձգվեց դատարանի՝ հերթապահությամբ ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ: Դատարանները, հիմնականում, ծանրաբեռնված են մինչդատական վարույթի գործերով։ Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում դատարանների թույլտվությամբ անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունները քննում է միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը։

Երրորդ խոչընդոտը՝ դատական նիստերը հետաձգվում են, որովհետև ոստիկանությունը չի ապահովում դատակոչված վկաներին։ Ոստիկանությունը չի կատարում դատարանի որոշումները, դատական գործերով բերման ենթարկելու որոշումներն ապահովելու փոխարեն հերթապահ արձանագրություններ են ուղարկում դատարան։

«Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության ծրագրի» կատարողականի վերաբերյալ 2023թ․-ին հրապարակվեց նաև Համաշխարհային բանկի մոնիտորինգի զեկույցը։ «Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին», հայացք ապագային» զեկույցում ասվում է, որ Հայաստանում իրականացվող 2022-2026թթ․ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը նախանշում է արդարադատության մատչելիությունը՝ որպես բարեփոխումների առաջնահերթություններից մեկը։ Արդարադատության մատչելիությունը ներառում է այն բոլոր բաղադրիչները, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս ստանալու իրենց բողոքների բավարարում և ապահովելու իրենց իրավունքների պաշտպանությունը:

Այս ռազմավարությունը, ինչպես և նախորդ՝ 2019-2023թթ. ռազմավարությունը, ներառում է անվճար իրավաբանական օգնության բարելավում՝ որպես ռազմավարական ուղղություն, սակայն չի ճանաչում արդարադատության մատչելիության բոլոր ասպեկտների ամրապնդմանն ուղղված քաղաքացիակենտրոն կամ համապարփակ մոտեցման անհրաժեշտությունը:

Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով առաջարկում են կազմել գործերի կուտակումների կրճատման պլաններ՝ հիմնվելով լուծված և չլուծված գործերի ժամկետայնության վերաբերյալ տվյալների վրա։ Առաջարկում են դատարաններում կուտակված գործերի նվազեցման ծրագրի մշակում․

  • Գործերի քննության հետաձգումներին նպաստող օրենսդրական խոչընդոտների վերացում:
  • Ըստ առաջնահերթության գործերի քննության վերահսկում (սկզբում քննել հին գործերը, բացառությամբ այն գործերի, որոնք, օրենքի համաձայն, պահանջում են արագ քննություն):
  • Դատական նիստերի ժամանակացույցի խստացում, կուտակված գործերի լսումների հաճախականության ավելացում:
  • Ավելի մեծ դատարաններում կուտակված գործերի համար հատուկ խմբերի ստեղծում:  
  • Դատարանների միջև հանդիպումների կազմակերպում` ընդհանուր մարտահրավերները քննարկելու, փորձի փոխանակման և գործընթացների նորարարությունները քննարկելու համար:

Զեկույցի հեղինակները հայտնում են, որ, այնուամենայնիվ, դեռ կան դատարանի անկախության, արդյունավետության և որակի հետ կապված հիմնախնդիրներ։ Դրանք ներառում են համընդհանուր անարդյունավետ կառավարումը, դատական համակարգի լիակատար անկախությանը և անաչառությանը չնպաստող ինստիտուցիոնալ կառուցվածքը և դատավորների չափազանց ծանրաբեռնվածությունը, որը դատական որոշումների որակի առումով ազդեցություն է թողնում արդարադատության արդյունավետության վրա՝ հաճախ հանգեցնելով ձգձգվող դատավարությունների:

Մյուս թերություններից են՝ փաստերի վրա հիմնված արդարադատության բարեփոխումների բացակայությունը։ «Դատական համակարգում անբավարար մշտադիտարկումը և գնահատումը, դատաիրավական վիճակագրական տվյալների ոչ պատշաճ հավաքումն ու վերլուծությունը ընդգծում են հետագա բարեփոխումների անհրաժեշտությունը»,- ասվում է մոնիտորինգի զեկույցում:

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter