HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Մեքենա չկա, բենզին չկա, կալանավորին ուղեկցող անձնակազմ չկա․ ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով». դատավոր

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում էր Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Դատական նիստը 1 ժամ 15 րոպե ուշացումով սկսվեց, որովհետև Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) կալանավորին ուշացումով բերեցին դատարան։ Նիստերի քարտուղարն այդ ընթացքում մի քանի անգամ կալանավայր զանգեց՝ պարզելու, թե գործով մեղադրյալին երբ են բերելու։ Պատասխանել էին, որ մեքենա չկա կալանավորին բերելու համար, դատարան ուղևորված մեքենաները պետք է վերադառնան, որ մյուսներին տեղափոխեն։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այս գործով արդեն երկրորդ անգամ է բացատրություն պահանջում մեղադրյալի ուղեկցողներից, որոնք կանայք են։ «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նիստը 5 րոպեից հետաձգելու եմ, ուրիշ գործով նիստ ունեմ, կալանավորին կարող եք հետ տանել»,- զայրացած հայտնեց դատավորը։

Դատավորի դժհոգությանը միացան նաև գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ համատարած այս վիճակն է։ Կալանավորի ներկայությունը դատական նիստերին ապահովելը պետության պոզիտիվ պարտավորությունն է, որը չի կատարվում։ Մեկ գործով ուշացումը շղթայաբար տարածվում է հաջորդների վրա, և խախտվում է օրվա աշխատանքային գրաֆիկը։ Փաստաբանները դատարանին խնդրեցին միջնորդագիր ուղարկել ՔԿՀ։

Արտուշ Գաբրիելյանը համաձայն էր։ «Դանակը ոսկորին է հասել, միջնորդագիր է պետք ուղարկել»,- ասաց նա։

Այս գործով վերջին դատական նիստը տեղի էր ունեցել 2023թ․ նոյեմբերի 20-ին։ Այս տարվա հունվարի 20-ին նշանակված դատական նիստը չկայացավ «դատարանի՝ հերթապահությամբ ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ»: Անցյալ տարի նիստերը չէին կայանում, որովհետև ոստիկանությունը չէր ապահովում դատակոչված վկաներին։ Այն ժամանակ էլ դատավարության կողմերը համակարծիք էին, որ դատարանն իր որոշումների կատարումը ապահովելու գրավոր պահանջ ներկայացնի ոստիկանության վերադաս մարմիններին։

Այսօրվա նիստում հարցաքննվեց մեկ վկա՝ ծնունդով Արցախից Արթուր Գասպարյանը, որը պահեստազորային էր եղել 2020թ44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա հոկտեմբերի 12-ին Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի Դ-20 հրետանային դիվիզիոնի հետ գտնվել էր Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» տեղամասում։ Ցորի զորամասի շրջափակման մեջ հայտնվելու դեպքով գրեթե ոչինչ չհայտնեց՝ ասելով, թե չի հիշում, անցել է 4 տարի։

Հիշեցնենք, որ Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանը մեղադրվում է Դ-20 հրետանային դիվիզոնի զինվորների ինքնապաշտպանությունը չկազմակերպելու, վերջիններիս տարհանումը չկազմակերպելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար։

Դատավարության կողմերը զուր ջանքեր գործադրեցին՝ հարցերի միջոցով դեպքի վերաբերյալ մանրամասներ լսելու նրանից։ Գուցեև դատաքննության երկարաձգումները նպաստում են մանրամասնությունները մոռացության տալուն։ Վկան հայտնեց, որ մայոր Գևորգյանի փախուստի դիմելու մասին լսել է ուրիշներից, նաև քննիչներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter