HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով հերթական նիստն այսօր հետաձգվեց։ Պատճառն այն էր, որ գործով որպես երրորդ անձ ներգրավված Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նիստին ներկա չէր․ դատարանի ծանուցումը նրան չէր հասել։

Հիշեցնենք, որ ըստ Դատախազության ուսումնասիրության՝ Սուրիկ Խաչատրյանը մի շարք անձանց, այդ թվում՝ Հայկազ Բաղմանյանին գումարներ էր տվել՝ որպես փոխառություն։ Բաղմանյանին պարտքով տված գումարը 10 մլն դրամ էր։

Սակայն, Հայկազ Բաղմանյանը «Առավոտին» հայտնել էր, թե չգիտի՝ ինչ փոխառության մասին է խոսքը․ ««Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսվում, նման բան չկա, ի՞նչ փոխառություն, ի՞նչ պարտք: Երեկ ես էլ եմ լսել այդ մասին, եթե նման բան կա, թող ինձ գոնե մի անգամ հրավիրեին, հարցնեին՝ կա, չկա: Ինչ-որ ասում են՝ այնտեղ փոխառության պայմանագիր կա, եթե պայմանագիր կա, ուրեմն ես պետք է ստորագրած լինեմ: Նման բաներ չկան, չգիտեմ՝ էդ ինչ նոր խաղեր են, վերջիվերջո, ես անտեղյակ եմ, երեկ եմ առաջին անգամ լսել: Անունս են տալիս, գոնե մի անգամ հարցնեին՝ տեղյա՞կ ես»,- ասել էր Հայկազ Բաղմանյանը:

Այս հայտարարությունը հիմք ընդունելով՝ պատասխանողների ներկայացուցիչները միջնորդել են դատարանին՝ Բաղմանյանին երրորդ անձ ներգրավել, ինչը դատարանը բավարարել էր նախորդ նիստին։ Եվ այս նիստին Բաղմանյանն արդեն պետք է գար դատարան։

«Ներգրավել էինք, որ եթե ինչ-որ բան ունի հայտնելու դրա հետ կապված, գա, էս գործով հայտնի, բայց այս նիստի մասին ծանուցումը չէր ստացել, դատարանն ուղարկել էր, «չպահանջվածով»  վերադարձվել էր նամակը»,- «Հետքին» ասաց Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ հայցի ներկայացումն արդեն ավարտել են, այս փուլում պատասխանողների ներկայացուցիչները ծավալուն առարկություններ են հայտնում բանավոր կերպով․ սկսել են նախորդ նիստին, այս նիստին շարունակվելու էր, սակայն հետաձգվեց։

Գևորգ Քոչարյանը գործի ընթացքը գնահատում է նորմալ՝ հաշվի առնելով, որ դատարանը ծանրաբեռնված է։ «Եվ դատավորներն են ծանրաբեռնված, և առհասարակ դատարանն է ծանրաբեռնված՝ սկսած սենյակներից, նույնիսկ սենյակներ չեն լինում, որ նիստերը նշանակվեն։ Դրա համար այդ ամենը հաշվի առնելով՝ նորմալ է ընթացքը»,- նշեց նա։ Դատախազն առանձնացրեց ևս մեկ խնդիր՝ կապված ծանուցման հետ․ «Որոշակի ժամկետ պետք է լինի ծանուցումների համար, այսինքն՝ ծանրաբեռնվածությունից բացի, ինչ-որ ժամկետից շուտ չեն կարող նիստերը նշանակել»,- ասաց Գևորգ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին գործերը ծավալուն են, ներգրավված կողմերը շատ են, դրա համար է ընդհանուր գործընթացը դանդաղ ընթանում։ 

Անդրադառնալով հաշտություն կնքելուն՝ դատախազն ընդգծեց, որ հաշտության նախաձեռնողականություն պատասխանողները պետք է դրսևորեն, իսկ Դատախազությունը բոլոր գործերով պատրաստ է այդ հաշտությունները քննարկել։ «Այս գործով դեռևս հաշտության առաջարկ չունենք, բայց ցանկացած փուլում դա կարող է տեղի ունենալ, չենք բացառում, որ կարող է լինել»,- ասաց նա։

Դատախազը կարծում է, որ շատ բան կախված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ Սահմանադրական դատարանի ընդունելիք որոշումից։ 

«Դա էլ շատ լուրջ պատճառ է, որ սպասում են կողմերն այն ակնկալիքով, որ կարող է ՍԴ-ն այնպիսի որոշում կայացնի, որ էլ հաշտության կարիք չունենան»,- ասում է Գևորգ Քոչարյանը՝ ցածր գնահատելով ՍԴ-ի կողմից նման որոշման ընդունման հավանականությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter