
Դատավորները կրիպտոարժույթի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանն ընկերների խորհրդով 2021թ. վերջին ձեռք է բերել կրիպտոարժույթներ: Դատավորը «Հետք»-ին փոխանցեց, որ կրիպտոարժույթ ձեռք բերելու հիմքում բացառապես հետաքրքրությունն է եղել, իսկ առավելությունից տեղյակ չէ, «քանի որ ձեռքբերման օրվանից որևէ գործողություն դրանց հետ չի կատարվել»:
Դատավոր Յուզբաշյանը 2023թ. վերջին հայտարարագրել է 12 տեսակի կրիպտոարժույթ, որոնց ընդհանուր գումարը 194 հազ. 500 դրամ է: Նա նույն տեսակի և արժեքի կրիպտոարժույթ է հայտարարագրել և՛ 2022թ. տարեկան հայտարարագրում, և՛ 2023թ. սկզբին, և՛ վերջին: Մինչդեռ կրիպտոարժույթների փոխարժեքները տատանվում են, հետևաբար այդ գումարը չէր կարող մնալ անփոփոխ: Օրինակ՝ դատավորը հայտարարագրել է 7 500 դրամի Solana տեսակի կրիպտոարժույթ, որը երկու տարվա ընթացքում նույնն է մնացել։ Այս պատկերը մյուս 11 տեսակի կրիպտոարժույթների դեպքում նույնպես կրկնվում է: Բացի այդ, հայտարարագրում նշված է ոչ թե կրիպտոարժույթի միավորի չափը, այլ արժեքը, այն էլ՝ հայկական դրամով: Այս հանգամանքն ավելի է դժվարացնում առանց այդ էլ գրեթե անվերահսկելի կրիպտոարժույթի իրական արժեքը պարզելը: Կրիպտոարժույթի դեպքում կարևոր է քանակը:
Հասկանալու համար, թե որքան է Սամվել Յուզբաշյանի կրիպտոարժույթների արժեքը՝ դրամի վերածած, այն հաշվեցինք 2022-ի հունվարից սկսած։ Դրանք բավականին տարբերվում են, քանի որ իր հայտարարագրած կրիպտոարժույթների փոխարժեքները փոխվել են։ Հաշվարկը կատարելու համար մենք հիմք ենք ընդունել 2022-ի տարեսկզբի համար լրացված կրիպտոարժույթները և դրանց թիվը, որոնք լրացվել են դրամով։
2022թ․-ի տարեսկզբի դրամով հայտարարագրված կրիպտոարժույթները հաշվելու համար նույն ժամանակահատվածի ԱՄՆ դոլար-դրամ փոխարժեքով այն վերածել ենք դոլարի, իսկ դոլարը՝ նույն ժամանակահատվածի համապատասխան փոխարժեքով վերածել կրիպտոարժույթի։ Օրինակ՝ 2022-ի տարեսկզբին դատավորը հայտարարագրել է 7500 դրամի Solana կրիպտոարժույթ։ Այդ ժամանակահատվածի միջին փոխարժեքներով 7500 դրամը 16 ԱՄՆ դոլար է, որն էլ իր հերթին 0.0887 Solana կրիպտոարժույթ է։
2023-ի հուվարին Solana կրիպտոարժույթը արժեզրկվել է, և 0.0887 Solana-ն արժեցել է 1 դոլար, իսկ 2023-ի դեկտեմբերին 0.0887 Solana-ն արժեցել է 9 դոլար։ Այս տրամաբանությամբ հաշվել ենք նաև մյուս 11 տեսակի կրիպտոարժույթները։ Մինչդեռ, ինչպես արդեն նշել ենք, երկու տարվա ընթացքում 12 տեսակի կրիպտոարժույթների չափը հայտարարագրվել է դրամով և անփոփոխ է մնացել։
Սամվել Յուզբաշյանը միակը չէ դատական համակարգում, որ կրիպտոարժույթ է հայտարարագրել: Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը ևս կրիպտոարժույթներ ունի: Նա 6 տեսակի կրիպտոարժույթները մեկտեղել է և գրել դրանց ընդհանուր արժեքը 2022թ. վերջի դրությամբ՝ 1950 դոլար, որը տարվա սկզբում եղել է 6799 դոլար: Այստեղ նույնպես քանակ նշված չէ, և դժվար է պարզել դրանց իրական արժեքը:
Դատավոր Հարությունյանն առաջին անգամ կրիպտոարժույթ հայտարարագրել է 2021թ. հայտարարագրում: Այդ ժամանակ նշել է միայն «6799» առանց փոխարժեք կամ կրիպտոարժույթի տեսակ նշելու:
Պարզաբանում ստանալու նպատակով Վարչական դատարանի մամուլի պատասխանատուի միջոցով դիմել էինք Անի Հարությունյանին: Վերջինս փոխանցել է, որ կրիպտոարժույթները մեկ ընդհանուր տողով է հայտարարագրել, «որովհետև իր մոտ հավելվածում մեկ տողով է նշված ամբողջը»: Դատավորը հավելել է նաև, որ կրիպտոարժույթներն ինքն է ձեռք բերել:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը 2022թ. ունեցել է 14,225 Star Network և 2,500 PI տեսակի կրիպտոարժույթ: Նրանից նույնպես փորձել ենք պարզաբանում ստանալ: Հակակոռուպցիոն դատարանների մամուլի պատասխանատուի միջոցով դատավորը փոխանցել է, որ այն, ինչ կա, «պարզ ու արդար ձևով» ներկայացված է իր հայտարարագրում ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ հրապարակել է, ավելացնելու որևէ բան չունի:
Մինչդեռ մենք հետաքրքրվել էինք նաև, թե ինչպես է ձեռք բերվել հայտարարագրված կրիպտոարժույթները: Այս հարցի պատասխանը հրապարակված հայտարարագրում չկա, իսկ Գ. Հովհաննիսյանը չի պարզաբանում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավոր Դավիթ Արղամանյանը 2022թ. վերջին 4 տեսակի՝ «Clover Finance», «Terra Classic», «Waves», «Moonriver» կրիպտոարժույթ է ձեռք բերել:
Կրիպտոարժույթով հետաքրքրված են նաև դատավորների ընտանիքների անդամները:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանի որդին՝ Հակոբ Վաղարշակյանը, 2022թ.-ին հայտարարագրել է «DENCHCOIN» տեսակի կրիպտոարժույթ, որի գինը նույն տարվա վերջին հայտարարագրում նշված է 334 հազ. 500 ԱՄՆ դոլար: Հ. Վաղարշակյանը կրիպտոարժույթը ձեռք է բերել 2020թ․-ին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավոր Դիանա Հովհաննիսյանի ամուսինը հայտարարագրել է «DOGE» տեսակի կրիպտոարժույթ, որի գինը 2022թ. վերջին եղել է 970 դոլար:
«Հետք»-ն ավելի վաղ գրել էր, որ Հայաստանում կրիպտոարժույթները չեն վերահսկվում Կենտրոնական բանկի կողմից: Իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար հայտարարատու անձանց կրիպտոհաշիվների ու դրանցով կատարվող գործարքների վերահսկողության գործիքներն ու մեխանիզմները խիստ սահմանափակ են:
Հանձնաժողովը հայտնել էր, որ պաշտոնատար անձանց կողմից կրիպտոարժույթներով կատարվող գործարքներում հնարավոր ռիսկեր է տեսնում: Մասնավորապես՝ թվային եղանակով կաշառքի ստացումը և հնարավոր յուրացումը՝ հիմք ընդունելով դրամական միջոցների հնարավոր անվերահսկելի շարժը:
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության (Ideogram) միջոցով
Մեկնաբանել