HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի իշխող կուսակցությունը կրկին խորհրդարանի օրակարգ է բերել «արտասահմանյան գործակալների» մասին վիճելի օրինագիծը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, որոշել է կրկին խորհրդարանի օրակարգ բերել «արտասահմանյան գործակալների» մասին վիճելի օրինագիծը։ Այդ մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ Նույն օրինագիծը հետ էր կանչվել 2023 թվականի գարնանը բողոքի լայնածավալ ցույցերից հետո։ 

Մդինարաձեն հայտարարել է, որ օրինագիծը ներկայացվել է նույն տեքստով, ինչ նախորդ անգամ, սակայն «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն այնտեղ այս անգամ օգտագործվում է «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն» տերմինը։

Նրա խոսքով՝ օրինագծի քննարկման մեկնարկը տրվում է ապրիլի 3-ին և մինչև նստաշրջանի ավարտը, որը նախատեսված է հունիսի վերջին, կընդունվի խորհրդարանի կողմից՝ բոլոր երեք ընթերցումներով։ Ավելի ուշ, խորհրդարանում մեկնարկել է օրինագծի քննարկումը, որը, սակայն, առանց միջադեպերի չի ընթացել։ Ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցությունից պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել է, որ իշխող կուսակցության կողմից այս վիճելի օրինագծի օրակարգ բերելը վիրավորանք է բոլորի համար և ռուսական օրենք է հանդիսանում։

Էլիսաշվիլիի հայտարարությունը վրդովմունք է առաջացրել իշխող կուսակցության պատգամավորների մոտ, իսկ լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին պահանջել է, որ պատգամավորները չօգտագործեն «ռուսական օրենք» արտահայտությունը։ Այնուհետև խոսնակը Ալեկո Էլիսաշվիլիին դուրս է հանել նիստերի դահլիճից։

Մեկ տարի առաջ ներկայացված օրինագծի տեքստը նախատեսում էր, որ Վրաստանում կստեղծվի «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 %-ը գալիս է արտերկրից։

Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն: Խախտման դեպքում նրանց համար ֆինանսական պատժամիջոցներ էին նախատեսվում։ 

Առաջին անգամ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը նախաձեռնվել էր 2023 թվականի փետրվարին, իսկ մարտի սկզբին Վրաստանի խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր մարդկանց, բողոքի ցույցերը ցրել ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազ կիրառել:

Օրինագիծը դատապարտել էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Մի քանի օր անց օրինագիծը հետ էր կանչվել «հասարակության շրջանում տարաձայնությունների» պատճառով։

Լուսանկարը՝ Seif Sallam/ Wikimedia Commons

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter