
Վերջին պարտություններից հետո Հայաստանի հավաքականը նահանջել է վարկանիշային աղյուսակում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման ապրիլ ամսվա վարկանիշային ցուցակը: Հայաստանի ընտրանին, որը հաշվետու ժամանակահատվածում 2 պարտություն է կրել (Հայաստան-Կոսովո՝ 0-1, Չեխիա-Հայաստան՝ 2-1), նահանջել է 1 հորիզոնական եւ հիմա 95-րդն է:
Համաշխարհային վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են Ֆրանսիան, Բելգիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Իտալիան, Խորվաթիան:
Ազգերի լիգայի 2024-2025 թթ. խաղարկությունում Հայաստանի առաջիկա մրցակիցներից Հյուսիսային Մակեդոնիան 69-րդն է (-1), Ֆարերները 133-րդն է (+2), իսկ Լատվիան՝ 136-րդը (0):
Նախկին ԽՍՀՄ երկրների մեջ լավագույն արդյունքը Ուկրաինայինն է (22), հաջորդում են Ռուսաստանը (35), Ուզբեկստանը (64), Վրաստանը (75): Մյուս հավաքականները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր տեղում Իրանն է (20), Թուրքիան 40-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 75-րդը, իսկ Ադրբեջանը՝ 112-րդը:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Լյուբլյանայում ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի հետ, որն այս պահին 57-րդն է, իսկ հունիսի 7-ին Երեւանում կընդունի Ղազախստանի ընտրանուն, որը 103-րդն է:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել