
Թուրքիան Հայաստանին կոչ է անում Ադրբեջանին տրամադրել «ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները»
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ապրիլի 4-ին՝ ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ Հայաստանին կոչ է արել Ադրբեջանին փոխանցել «ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան կիսում է «բռնազավթումից ազատագրված տարածքներում (ի նկատի ունեն Արցախի տարածքը, խմբ.) տեղադրված ականների մեծ քանակի պատճառով անվտանգության հետ կապված» Ադրբեջանի մտահոգությունը։
Թուրքիայի ԱԳՆ-ն հավելել է, որ ականների դեմ պայքարող երկրներին ցուցաբերվող աջակցությունը կշարունակվի:
Հիշեցնենք, որ Հայաստանն Ադրբեջանին մի քանի անգամ փոխանցել է Արցախում ականապատ դաշտերի քարտեզներում։ Ընդ որում, երբեմն դա արվել է նաև հայ գերիների դիմաց։ Երևանում նշում են, որ այդ քարտեզները համապատասխանում են իրականությանը, մինչդեռ Բաքվում պնդում են, թե դրանք ոչ ամբողջական են և մասամբ են ճիշտ։ Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման ժամանակ Հայաստանում նշում են, որ դա արվում է մարդասիրական նպատակներով։
Իլյուստրացիան՝ Shutterstock-ից
Մեկնաբանել