
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե վերջինս օգնի Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը Չինաստանի Գուանչժոու քաղաքում հանդիպել է այդ երկրի Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենի հետ: Հանդիպման ընթացքում ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ եթե պարզվի, որ չինական բիզնեսն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, ապա Չինաստանին «լուրջ հետեւանքներ» են սպառնում:
«Ելենն ընդգծել է, որ ընկերությունները, այդ թվում՝ Չինաստանում, չպետք է նյութական աջակցություն ցուցաբերեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, այդ թվում՝ ռուսական պաշտպանական-արդյունաբերական բազային աջակցություն»,- ասված է ԱՄՆ ֆինանսների նախարարության մամլո հաղորդագրության մեջ։
2023 թվականի հունիսին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկօրյա այցով ժամանել էր Չինաստան։ Նա դարձել էր ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը Չինաստան էր այցելել 2018 թվականից ի վեր։ Այցից հետո նա հայտարարել էր, որ Չինաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ Ռուսաստանին մահաբեր օգնություն չեն մատակարարում՝ Ուկրաինայում այն օգտագործելու համար: Նոյեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել էին Սան Ֆրանցիսկոյում, սակայն նրանց գագաթնաժողովն ավարտվել էր առանց լուրջ բեկումների:
Լուսանկարը՝ Tingshu Wang/Reuters
Մեկնաբանել