HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդլայնվել է գլխուղեղի կաթվածների ծրագիրը. տրամադրվել է 770 ծառայություն․ Անահիտ Ավանեսյան

Ապրիլի 11-ին խորհրդարանը շարունակել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

«Մենք շարունակելու ենք Կառավարության ծրագրով նախանշված բարեփոխումները, որոնց մեջ ամենակարեւորը, թերեւս, ապահովագրությունն է: Նախորդ տարի ընդունվեց հայեցակարգը, որի հիման վրա մշակվել է մոդելը, իրականացվել են հաշվարկները, եւ առաջիկայում օրենսդրական փաթեթը կներկայացնենք նաեւ  ձեզ: Այս մասին ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝  հարակից զեկույցում ներկայացնելով 2023 թվականի առողջապահության ոլորտում  իրականացված աշխատանքները:

Նախարարի տեղեկացմամբ հաշվետու տարում ավելացել են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային, դժվարամատչելի բժշկական օգնության եւ սպասարկման ծավալները, մասնավորապես, մատուցված ծառայությունների թիվը կազմել է 861,845, ինչը 74,981-ով ավելի է 2022 թվականին եւ շուրջ 2,5 անգամ ավելի է 2017 թվականին մատուցված 349,260 ծառայության համեմատ:

Ներդրվել է հերթագրման էլեկտրոնային միասնական ավտոմատ համակարգ: Չարորակ նորագոյացություններով պացիենտներին մատուցվել է վիրահատական եւ ոչ վիրահատական՝ քիմիաթերապեւտիկ եւ ճառագայթային բուժման, բժշկական օգնության եւ սպասարկման շուրջ 50,000 ծառայություն, ինչը 1,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման նպատակով ծրագրի մեկնարկից ի վեր իրականացվել է 26,979 մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություն, որոնցից 9681-ը՝ 2023 թվականին:

2021 թվականի համեմատ 2022 թվականին կյանքում առաջին անգամ ախտորոշված չարորակ նորագոյացությունների դեպքերն աճել էին 6,6 տոկոսով, իսկ մահացության դեպքերը՝ նվազել 3,4 տոկոսով. մատուցված ծառայությունների արդյունքում այս դինամիկան շարունակվել է նաեւ 2023 թվականի 8 ամսվա ընթացքում:

Նախորդ տարվա համեմատ կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերն աճել են եւս 3,3 տոկոսով, իսկ նորագոյացություններից մահացությունը 2023 թվականին նվազել է շուրջ 1 տոկոսով: Մատուցվել է սիրտ-անոթային հիվանդությունների բժշկական օգնության եւ սպասարկման շուրջ 42,000 ծառայություն, ինչը շուրջ 7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Մատուցվել է սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) 2530 ծառայություն՝ 2022 թվականի 2443 ծառայության համեմատ:

Ընդլայնվել է գլխուղեղի կաթվածների ծրագիրը. տրամադրվել է 770 ծառայություն՝ 2022 թվականի 714 ծառայության համեմատ:

Նոր ներդրված աորտայի շերտազատված անեւրիզմայի վիրահատական բուժման ծրագրի շրջանակում մատուցվել է 67 ծառայություն:

2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, այդ թվում՝ նշված ծրագրերի իրականացման արդյունքում, արյան շրջանառության համակարգի հիվանդություններով պայմանավորված մահացության դեպքերը նվազել են 14,1 տոկոսով, ինչը շարունակվել է նաեւ 2023 թվականին` 12 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նշված պատճառով պայմանավորված մահվան դեպքերը նվազել են եւս 10,2 տոկոսով, ավելացել է օրգանների փոխպատվաստման ծառայությունների թիվը` կազմելով 68 (երիկամի փոխպատվաստում 20 վիրահատություն, լյարդի փոխպատվաստման 5 վիրահատություն, ոսկրածուծի/ցողունային բջիջների աուտոփոխպատվաստման 43 վիրահատություն):

Ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող շահառուների ցանկը. նախկին սահմանափակ խմբերի փոխարեն շահառու են դարձել 20-35 տարեկան, 2 տարվա «անպտղություն» ախտորոշում ունեցող ՀՀ քաղաքացի անզավակ բոլոր կանայք: «Անպտղություն» ախտորոշում չունեցող անզավակ կանանց համար տարիքային շեմը 36-ից իջել է 28-ի, կատարվել են 5441 շահառուի ախտորոշում եւ բուժում. արդյունքում գրանցվել է 736 հղիություն, եւ ծնվել է 159 երեխա, որոնցից 28-ը` զոհված զինծառայողների ընտանիքներում:  Իրականացվել են նաեւ այլ ծրագրեր:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ, անդրադարձել դեռեւս խնդրահարույց հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter