
Փակ անուն (էսսե)
Տարիներ առաջ մի տարօրինակ պատմվածք գրեցի «Փակ անուն» վերնագրով: Գրեցի, բայց չավարտեցի: Ներսումս գիրը չէր ամբողջացել, թերևս, անորոշ տեղից էր սկսվել: Պատմվածքը Հուդայի մասին էր: Գործողությունները կատարվում էին մեր քաղաքում:
Տեղանքի ընտրությունը պատահական չէր: Անհրաժեշտ էր գտնել մի հին, շատ հին տարածք, որը պատմական որևէ առանձնահատկություն, դիմագիծ չունենար: Բնականաբար, ժամանակը ևս նույն տրամաբանության մեջ էր ձևավորված: Մեծ գյուտ չէր արածս, բայց տարածքի ու ժամանակի ընտրությունը բնավ պայմանական չէր:
Ես ուսումնասիրել էի (ինձ համար, իհարկե), թե Խորհրդավոր ընթրիքի ժամանակ ի՞նչ գինի է խմվել, և ի՞նչ տեսակի հաց են կերել: Ովքե՞ր են այդ գինին քաշել, հացահատիկը` աճեցրել: Ի՞նչ հիվանդություններով են վարակվել գինեգործների երեխաները, ինչպիսի՞ կպչուն մտքեր են ունեցել հնձվորներն ու կալսողները: Սեղան-աթոռները ևս բծախնդրորեն ընտրված էին: Տպավորիչ էր, որ ատաղձագործի աջ մատնեմատը կտրված էր:
Մի խոսքով, պատմվածքն արժեքավոր էր տարբեր, առաջին հայացքից միանգամայն չկապակցվող գենետիկ հոսանքների շնորհիվ: Բայց զգայական ամենաուժեղ հարվածը բոլորովին ուրիշ տեղ էր: Գրելու ընթացքում ես նյարդային քորով վարակվեցի: Տարօրինակ հիվանդություն էր. մարմինս քորվում էր այնպես, ասես քոսով հիվանդ լինեի: Իհարկե, փորձեցի օգտագործել այդ տարօրինակ-մաշկային հոգեվիճակը...
Հուդան անընդհատ քորում էր մարմինը, հատկապես` սրունքներն ու անութները: Մի օր էլ (Խորհրդավոր ընթրիքին նախորդած գիշերը) քորն այնքան ուժգնացավ, որ Հուդան վեր կացավ, վառեց լույսն ու տեսավ իր մազմզոտ ազդրի վրա երթևեկող մի ոջիլի: Նա ահաբեկված զննեց մարմինը: Ոջիլների ձվերն այնքան շատ ու այնպիսի խտությամբ էին կպել մաշկին, որ մարմինը ոջլագույն էր դարձել: Հուդան մտավ բաղնիք, տաք ջուրը միացրեց ու ածելիով սկսեց սափրել մարմինը:
Քորը խեղդում էր: Հուդան, նյարդային դողի մեջ, ածելիով էր քորում իր` թղթի նման ճմրթվող, ցավոտ մաշկը: Շուտով նրա մարմինը անմազ էր ու կարմիր: Բայց քորը չէր դադարում: Նվնվացող մատներով Հուդան ոջիլ էր փնտրում: Ջուրը վառում, եփում էր նրան, բայց ոջիլների հարուցած վախը ստիպում էր էլի ու էլի լոգանք ընդունել:
Լույսը բացվեց: Գարնանային ոջլոտ առավոտ էր: Ժամը երկարել էր: Մինչև ընթրիքի գնալը Հուդան ածիլվում ու լողանում էր: Վեցի կողմերը սկսեց հագնվել: Հագավ պաշտոնական. զինվորականները պետք է նրան կոստյումից ճանաչեին:Չէ՞ որ մյուս աշակերտներն էլ էին սիրում Հիսուսին համբուրել: Մետաքսե վերնաշապիկը խսխսում էր, կպչում, իր քրքրուն մազմզուկներով` վերքերը ցավեցնում:
Բաճկոնն էր հագնում, երբ զգաց, որ արևային հանգույցի վրա ինչ-որ բան է շարժվում, ավելի ճիշտ` երթևեկում: Հանվեց միանգամից` մի շարժումով: Ոջիլ էր: Բթամատերի եղունգային մասերն իրար հպելով` ոջլին ճտտացրեց: Նայեց: Մարմինը վերքոտ, բայց մաքուր էր: Փորձեց հագնվել, երբ նույն մասում խլրտոց զգաց: Էլի՞... Լարեց ուշադրությունը: Լյարդի մոտ, կողոսկրերի վրա ծակ կար: Ոջիլներն էդ ծակից էին դուրս գալիս...
Մնացածը բոլորովին պարզ չէր: Պատմությունը զարգանում էր բնականորեն, և բնականորեն էլ քորը դառնում էր անտանելի: Հետո սկսեցի վախենալ: Իմ պատմության մեջ տեղ չգտան հայտնի կարծրատիպերից շատերը, հատկապես երեսուն արծաթը: Տարօրինակ-մազմզոտային զգացողություն էր այցելում, երբ փորձում էի ստեղծագործել:
Հետո պատմվածքն անսպասելիորեն կորավ: Չէ, միստիկ կամ վերերկրային ոչինչ չկար: Պարզապես համակարգչի հիշողությունից ջնջվեց: Գրի ներսում եղած պատկերները մինչ այսօր հիշում եմ, բայց վերականգնելը անիմաստ եմ համարում, քանի որ չիրականացավ մի կարևոր բան:
Հուդայի կարծրատիպն այնքան էր հեռացել իր նախնական վիճակից, որ անհնար էր այն գտնել: Նման կերպարների վրա կուտակած ճենճն ու փոշին քերելու ու թափ տալու համար ահռելի ժամանակ և ջանքեր են պահանջվում: Չհաշված մի կարևոր հանգամանք ևս:
Կարծրատիպերը բնական են իրենց ամրությամբ: Սակայն որոշ կարծրատիպեր, հատկապես` աստվածաշնչյան կերպարները, անբացատրելի շերտերից են հյուսված: Գրողը կարող է երեսուն արծաթը փոխարինել նույնաքանակ բանկային քարտերով, բայց կերպարի խարանը, տվյալ դեպքում` դավաճանությունը փոխարինելն անհնար է: Ես պարզապես փորձեցի Հուդայի կերպարում իմ զգացածը կամ վերապրածը «արտատպել»:
Ես սիրում էի իմ ուսուցչին: Պաշտպանում էի նրան վարկաբեկումից և քննադատությունից: Սկզբում չէի հասկանում, որ խաղում է բազմաթիվ մարդկանց ճակատագրերի հետ:
Մեր գաղափարը մեկն էր: Հետո եկավ մի պահ (այդ պահի գալը, ցավոք, լավ չեմ հիշում), երբ սկսեցի նրան ատել: Ես կարծում էի` լավ է լինելու, սակայն պարզվեց, որ իմ ներսում (ըստ նրա) լավ լինելու որևէ շարժառիթ, հույս, շնորհք չկա: Բացի այդ` նրա ուղին ավարտվում էր:
Պարզվեց, որ նա ոչ տաղանդավոր է, ոչ` հզոր: Պարզապես սադո-մազոխիստ է, մեզ էլ իր նման էր դարձրել: Թույլ չի տվել ուրիշ ուղղությամբ մտածել: Իսկ ես այլընտրանք եմ ուզում: Չեմ ուզում նրա կրկնօրինակը լինել, նրա խոսքերը մեջբերել: Ի վերջո, պարզվեց` նրա գաղափարն էլ է սուտ: Միայն իր համար էր ճիշտ, իր ներսում լավ զգալու համար: Իսկ մեզ մի կտոր հացով խաբել, կապել էր, կապե~լ...
Հացն ու ինձ կողոպտած գաղափարը վերջնականապես կորցնելու վախը երբեմն նախկին սերն էր արթնացնում: Էդ պահերին հանգիստ էր, սիրալիր, բայց բավական է ձայնը բարձրացներ` մեջս խավարասերներ էին խլրտում: Գիշերը չէի քնում: Աչքս կպնում ու բացվելիս առաջինը նրա մասին էի մտածում: Ազատեք ինձ էդ մարդուց, ե՞րբ եմ դրանից ազատվելու: Ե՞րբ եմ առանձին, ինքնակախ մեկը լինելու, զերծ` ուրիշի սադո-մազոխիստական գաղափարներից: Ե՞րբ... Իսկ ինչո՞ւ «ուսուցչից» չես հեռանում: Պարզ բան է. որ տեսնեմ նրա կործանումը: Տեսա՞...
Կարծրատիպերը իրականում կոտրվում են, երբ կոտրվելիս չեն ձևափոխվում կամ փոխարինվում այլ կարծրատիպերով: Առհասարակ, կարծրատիպերին մոտենալիս անհրաժեշտ է նրանց այսպես կոչված «հիվանդության պատմությունը» պարզել:
Մարդկանց, հատկապես տաղանդավորներին տարիներ անց կաղապարում և «կարծրատիպում» են միֆերի միջոցով, իսկ, այսպես կոչված, վաղնջական կարծրատիպերին` գենետիկ հիշողությամբ: Վերջինները ժամանակային տարածքի մեջ խոշորադիտակի էֆեկտից այնքան են մեծանում-այլանդակվում, որ դետալները զրկվում են տեսանելիությունից:
Այլ կերպ ասած` այդ տարօրինակ zoom-ը, մարդուն խոշորացնելով, կորցնում է նրա հիմնական որակները: Փաստորեն, մարդ-Հուդան ժամանակային փոշու ու ճենճի zoom-ով վերածվել է առասպելական «հսկայի», որը զրկված է իր հատկանշական տեսակից: Նրա գործողությունների շարժառիթներն աղավաղված են: Աստվածաշնչյան Հուդան միայն մեկ հանգուցալուծում ունեցող միագիծ «հերոս» է:
Պատմվածքը գրելիս ես հասկացա, որ Հուդայի ոջլոտելը կամ քոսով հիվանդանալը պարզապես ձև է դառնում և չի կարողանում նրան ձերբազատել այդ «անունից»: Այլ կերպ ասած` Հուդան ինձ համար մնաց որպես Փակ անուն: Սակայն կարծրատիպերը միշտ չէ, որ բացասական դերով են հանդես գալիս կամ ներկայանում են «նավթալինոտ հիշողությամբ»: Երբեմն կարծատիպը մարդուն օգնում է Հավատալ:
Ինձ համար Քրիստոնեության ամենամեծ ամոթը Հիսուսի` ջրի վրայով քայլելն է, այն պարզ պատճառով, որ մարդիկ Փրկչին այդ կերպ են «ճանաչում»: Տվյալ դեպքում, Հիսուսի աստվածային սկիզբը շեշտելուց զատ, ջրի վրայով քայլելը դառնում է առանձին կարծրատիպ, որը հաճախ գործում է Փրկչից «անկախ»: Նման կարծրատիպերը հաճախ ավելի դիմացկուն ու երկարակյաց են: Առհասարակ, այս երևույթը «շոշափելիս» մի տարօրինակ-հավաստի պատմություն է հառնում, որն ինձ հետ կատարվել է անցյալ դարում` մանուկ ժամանակ:
Մայրս կուսակցական էր: Ինչո՞ւ: Երբևէ չեմ տեսել մեկ այլ մարդու, ով նրա նման երազեր Սովետական Միությունից փախչել: Ձեռքս բռնած գնում էինք սկզբում եկեղեցի, ապա` կուսակցական ժողովի: Եկեղեցում չէր աղոթում, ժողովի ժամանակ էլ միասին թուղթ էինք խաղում, որի պատճառով մի անգամ աղա-պղպեղոտ բեղերով քարտուղարից խիստ նկատողություն ստացավ: Փոխարենը` մայրս ինձ պաժեց եկեղեցի կատարած մեր ուղևորության գաղտնիքը բացահայտելու համար:
Վանքում երկար չէինք մնում: Այսինքն` մնում էինք այնքան, մինչև մարդկանց մի խումբ դուրս գար: Նրանց մեջ տարրալուծվելն ու «չերևալը» անհամեմատ հեշտ էր: Նայում էի մորս ձգված դիմագծերին, խնդրում էի հեռանալ: «Պատարագը կավարտվի` կգնանք»:
...Ուզում էի սրբապատկերները մոտիկից տեսնել: Շատ չէին: Յուրաքանչյուր խորանում մեկ-երկու հատ: Ինձ հատկապես գրավում էր Հովhաննես Մկրտչի կտրված գլուխը պատկերող կտավը` լայն բացված, ձիգ բերանով ու արյունից կպած մազերով: Մի հարյուր անգամ էդ նկարը տեսել էի: Բայց էդ օրը, չգիտես ինչու, վախեցա: Մայրս դաստակս սեղմում և ականջիս կրկնում էր. «Աստված կպատժի»: Իսկ ես գոռում էի` գնանք, թե չէ կգժվեմ, կմեռնեմ...
Այլևս եկեղեցի չէինք գնում: Ժողովներն էլ դադարեցին: Մայրս դարձել էր սովորական-շարքային տնտեսուհի և այսուհետ ծառայում էր միայն իր ընտանիքին:
Այդ եկեղեցին ես տարիներ անց մտա: Մի պահ վարանելուց հետո (չէ ներսս վախ չկար, մանկական սովորություն էր մնացել) մտա խորանը, որտեղ այդ չարաբաստիկ սրբապատկերն էր կախված: Սրբապատկերը չկար, ուրիշ նկար էր` ուրիշ կարծրատիպ, որը որևէ կապ չուներ մորս երկփեղկ «ծառայության» և իմ զգայական, ինչ-որ տեղ գենետիկ վախի հետ:
Այսպիսով, Փակ անունները չեն բացվում մանուկ մարդկության ապրած վախերի և անհանգստությունների պատճառով: Զգացումներ, որոնք սկիզբ ունեն, սակայն կորցրել են սկզբնակետերը, որի արդյունքում առաջընթացի կամ ետընթացի ենթակա չեն:
Փակ անունները միշտ նույն տեղում են...
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել