
Կանադայի արտաքին գործերի նախարարը ողջունել է ԵՄ առաքելության կազմում կանադացի փորձագետի ներգրավումը
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությանը կանադացի առաջին փորձագետի միանալը։ Այդ մասին նա գրառում է արել Х-ի իր միկրոբլոգում։
«Անցած տարվա իմ այցից (Հայաստան՝ խմբ.) վերադառնալուց հետո, առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ «Մենք ողջունում ենք Կանադայից առաջին փորձագետի՝ Ալեքսանդր Գրուշևսկու միանալը Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը»,- գրել է Ժոլին։
Returning from my trip last year, a key priority was to explore ways to ensure stability & security in the South Caucasus, including the respect of the territorial integrity of Armenia.
— Mélanie Joly (@melaniejoly) April 15, 2024
We welcome the news of Alexander Grushevskiy as our first 🇨🇦 expert to @EUmARMENIA.
Դեռ մի քանի ամիս առաջ էր հայտնի դարձել, որ Կանադան կմիանա Եվրամիության այս առաքելության աշխատանքներին։ Ի սկզբանե նշվում էր, որ Կանադայից առաքելությանը կմիանա երկու քաղաքացիական փորձագետ։ Ընդ որում, դեռ նախորդ տարի, «Հետք»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարությունից նշել էին, որ դեռևս հայտնի չէ, թե երբ կանադացի փորձագետները կմիանան ԵՄ առաքելությանը։
Դեռ նախորդ տարի Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն էր տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայի միանալու առաջարկին։ Փաստացի հյուսիսամերիկյան այս երկիրը դարձել է ԵՄ ոչ անդամ առաջին երկիրը, որը միացավ եվրոպական առաքելությանը։
Ավելի վաղ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հայտարարել էր, որ Վաշինգտոնում չեն դիտարկում այդ առաքելությանը միանալու տարբերակը։
Լուսանկարը՝ Rex-ի
Մեկնաբանել