
Նորվեգիան և Ուկրաինան կստորագրեն անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագիր
Նորվեգիան և Ուկրաինան պայմանավորվել են անվտանգության երաշխիքների շուրջ երկկողմ համաձայնագիր կնքել։ «Նորվեգիան Ուկրաինային երկարաժամկետ կտրվածքով ռազմական, քաղաքական, ֆինանսական և մարդասիրական աջակցություն կտրամադրի»,- Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեն:
Համաձայնագիրը կստորագրվի Վլադիմիր Զելենսկիի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հաջորդ հանդիպման ժամանակ, որի ամսաթիվը դեռ հայտնի չէ: «Համաձայնագիրը ցույց է տալիս մեր հստակ քաղաքական հանձնառությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային, ինչպես դա արեցինք ավելի քան երկու տարի առաջ Ռուսաստանի դաժան, լայնամասշտաբ հարձակումից հետո»,- հավելել է Էյդոն։
2023 թվականին Նորվեգիան մոտ 7 միլիարդ եվրո էր հատկացրել Կիևին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի անվան բազմամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ենթադրում է, մինչև 2027 թվականը, Ուկրաինայի ռազմական և հումանիտար կարիքների համար տարեկան միջոցների հատկացում։
Սպառազինության պակասի և ռազմաճակատում ռուսական բանակի առաջխաղացման ֆոնին Կիևը ձգտում է անվտանգության ոլորտում ամրապնդել հարաբերություններն իր եվրոպական դաշնակիցների հետ։ Ուկրաինան արդեն համապատասխան երկկողմ համաձայնագրեր է ստորագրել մի քանի երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ:
Լուսանկարը՝ Euronews-ից
Մեկնաբանել