HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խոշտանգման հատկանիշներով

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային տրանսպորտում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանի նկատմամբ, ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին, կիրառված բռնության մասին հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ):

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, հանցագործության մասին հաղորդում են ստացել առ այն, որ 2024թ․ ապրիլի 15-ին՝ երեկոյան, համապատասխան քննչական գործողությունից հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, ձերբակալված Սամվել Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։

Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել։

«Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,-հայտնում են Քննչական կոմիտեից:

Այսօր՝ կեսգիշերն անց, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի, որոշեց Ս. Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանք և գրավ՝ 7 մլն դրամի չափով: Այժմ դրամահավաք է սկսվել՝ գրավի գումարը վճարելու նպատակով:

Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ «Նորմալ երկրում դատարանի նման որոշումը կլիներ անհամաչափ։ Սակայն առկա պայմաններում, դատական նիստի ընթացքում եկել են այն համոզման, որ «բանտային կալանք»-ից խուսափելու միակ իրատեսական տարբերակը տնային կալանք և խոշոր չափով գրավ միջնորդելն է»։ 

Նշենք, որ պատգամավորի հետ տեղի ունեցածից կարճ ժամանակ անց Ս. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով, այնուհետև մեղադրանքը լրացվել է՝ քաղաքական հայացքներով պայմանավորված թշնամանք հրահրելու հոդվածով: Ս. Վարդանյանին ձերբակալել են։

Մինչդեռ, երբ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին լուրը տարածվեց, իրավապահ մարմինները նույն արագությամբ վարույթ չնախաձեռնեցին: Այդ մասին դատապարտող հայտարարություններ տարածեցին իրավապաշտպան կազմակերպությունները, սոցիալական ցանցերում առաջացավ հանրային դժգոհություն, ինչից հետո միայն նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանին ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Սակայն, վարչության շենքից հեռանալուց 1-2 րոպե հետո, ճանապարհին ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ բնական կարիքները հոգալու անհրաժեշտություն է առաջացել, և Սամվելին թողել են ավտոմեքենայի մեջ ու գնացել: Դիմակավորված անձինք մոտեցել են, ձեռնաշղթաներով կապված Սամվելին հանել ավտոմեքենայից և ծեծել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի մասին  նրա փաստաբաններն իմացել են պատահմամբ, երբ հաջորդ օրը ԱԺ պատգամավորները տեսակցության են գնացել Սամվելին, և վերջինս մանրամասներ է փոխանցել:

Ս. Վարդանյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ Դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնում տեսել է Սամվելին: Նրա ջինսե տաբատի վրա եղել են թարմ խոտի հետքեր, ճակատային մասը, աջ ձեռքն այտուցված են եղել, ձախ քունքային հատվածը՝ վնասված, արյան զեղումներով: Քերծվածքներ են եղել նաև ուսի, ձեռքի հատվածներում: Սա այն դեպքում, երբ ապրիլի 15-ին, ժամը 23:45-ին Քննչական վարչության շենքում հրաժեշտ են տվել Սամվելին, նա որևէ վնասվածք չի ունեցել, ինքնազգացողությունը լավ է եղել և որևէ բանից չի դժգոհել: Հագուստը եղել է պատշաճ, առանց վնասվածքների:

Սամվելը պատմել է, որ երբ Ոստիկանության ավտոմեքենան կանգնել է, և քաղաքացիական հագուստով երկու աշխատակիցները հայտարարել են, թե բնական կարիքները հոգալու համար պետք է իջնեն, դրանից հետո ամբողջությամբ սև հագնված դիմակավորված անձինք, որոնցից Սամվելը 3 հոգու է տեսել, մեքենայից հանել են նրան, տարել մի քանի մետր հեռու, խոտածածկ հատվածում ստիպել են ծնկել, գլխից բռնած հարվածել են գետնին, որից հետո հարվածել են ձեռքերով: Ծեծը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով:

Ըստ փաստաբանի պատմածի՝ դիմակավորված անձինք պահանջել են, որ Սամվելը կրկնի իր վերաբերյալ սեռական բնույթի հայհոյանքները: Սամվելը հրաժարվել ու ըմբոստացել է, ինչից հետո թքել են նրա վրա: Վ. Հարությունյանն ասաց, որ դիմակավորված անձինք իջեցրել են Սամվելի տաբատը, փայտը պահել են ոտքերի արանքում, սակայն որևէ գործողություն չեն կատարել:

Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ ձերբակալված Սամվել Վարդանյանին ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու մասին հայտարարության հիման վրա: Այս մասին «Հետքին» փոխանցեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Լուսանկարում՝ Սամվել Վարդանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter