HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումը կազմակերպելու համար ՀՀ պետբյուջեից կհատկացվի 1,8 մլրդ դրամ

2024 թվականի մայիսի 14-16-ը Երևանում կկայանա Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կառավարիչների խորհրդի 2024 թվականի տարեկան հանդիպումը, որի կազմակերպման համար Հայաստանի պետական բյուջեից կհատկացվի 1 միլիարդ 800 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարարության կազմերպած մրցույթում հաղթող է ճանաչվել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ն, որն էլ այդ գումարի դիմաց կկազմակերպի ՎԶԵԲ տարեկան հանդիպումը։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2024թ․ տարեկան հանդիպումը Երևանում անցկացնելու մասին լուրը հայտնի դարձավ 2023-ի մայիսի 17-ին։ Դրա վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ու ՎԶԵԲ գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչին փոխըմբռնման հուշագիր են ստորագրեցին։

Ֆինանսների նախարարությունը ՎԶԵԲ տարեկան հանդիպումը կազմակերպելու գնման ընթացակարգը հայտարարել է 2023թ․ դեկտմբերի 26-ին, իսկ արդեն այս տարվա հունվարի 24-ին բացվել է ընկերությունների հայտեր ներկայացնելու հնարավորությունը։ Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 5 ընկերություն՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ, «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ, «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ, «Մոդդ Իվենց» ՍՊԸ և «Աութսորս» ՍՊԸ։

Նշված ընկերություններից ամենացածր գինն առաջարկել է «Ֆակտորի Փրոդաքշնը»՝ 1,2 մլրդ դրամ։ Սակայն ֆինանսների նախարարությունը հայտերը գնահատելիս այս անգամ առաջնորդվել է ոչ թե նվազագույն գնառաջարկի սկզբունքով, այլ այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է: 

Գնումների մասին գործող օրենքով՝ այդ մեթոդի դեպքում առաջարկվող գնից բացի, հաշվի են առնվում ոչ գնային այլ չափանիշներ: Ոչ գնային չափանիշները պետք է փոխկապակցված լինեն պայմանագրի առարկայի հետ։

Այսպիսով, ֆինանսների նախարարությունը մրցույթում հաղթող է ճանաչել «Բեգրաունդ Փրոդաքշնին», որը ՎԶԵԲ միջոցառումը կազմակերպելու համար առաջարկել էր 1 միլիարդ 800 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարարության և «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2024թ․ մարտի 1-ին։ Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի՝ այդ գումարի մեջ ներառված են ոչ միայն բուն միջոցառման կազմակերպման, այլև միջոցառման մասնակիցների կեցության, սննդի, տեղափոխման ծառայության ծախսերը։

«Բեգրաունդ Փրոդաքշնը» գնումներում ներգրավված նոր ընկերություն չէ։ Այն 2018թ․ մայիսին հիմնադրել է դերասան Հրանտ Թոխատյանի որդին՝ Հրանտ Թոխատյանը։ Չորս տարի անց՝ 2022-ի մայիսի ընկերության 81 տոկոս բաժնեմասը ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, իսկ 19 տոկոսը՝ Վազգեն Պողոսյանը։ Նրանք ամուսիններ են։ Հենց բաժնեմասերի փոփոխությունից հետո «Բեգրաունդ Փրոդաքշնը» սկսեց ակտիվորեն մասնակցել պետական գնումներին և խոշոր պայմանագրեր կնքել պետական տարբեր գերատեսչությունների հետ։

Վազգեն Պողոսյանը 2017-2021թթ․ 50 տոկոս բաժնեմաս է ունեցել նաև գնումներում ակտիվ ներգրավված, նմանատիպ ծառայություններ մատուցող մեկ այլ ընկերությունում՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ում, որը ինչպես արդեն նշեցինք, ևս մասնակցել է ՎԶԵԲ-ի տարեկան միջոցառումը կազմակերպելու համար հայտարարված մրցույթին։

«Ֆակտորի Փրոդաքշնի» մյուս 50 տոկոսը պատկանում էր Վազգեն Պողոսյանի ընկերոջը՝ Ռուդիկ Տեր-Գալստյանին։ Թե՛ Պողոսյանը, թե՛ Գալստայանը ժամանակին միասին աշխատել են Հանրային հեռուստաընկերությունում։ 2012-2017 թվականներին Ռուդիկ Տեր-Գալստյանը եղել է Հանրայինի գլխավոր պրոդյուսերը, իսկ Վազգեն Պողոսյանը՝ գործադիր պրոդյուսերը։ 

Լուսանկարը՝ Վազգեն Պողոսյանի ՖԲ էջից

2021-ի նոյեմբերին Վազգեն Պողոսյանը դուրս է եկել «Ֆակտորի Փրոդաքշնից» և Ռուդիկ Տեր-Գալստյանը դարձել է ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ Մոտ կես տարի անց Վազգեն Պողոսյանն ու իր կինը՝ Մարինե Ստեփանյանը ձեռք են բերել «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությունը, Պողոսյանը նաև տնօրենն է և իրականացնում է ընկերության կառավարումը։ 

«Բեգրաունդ Փրոդաքշնի» և պետական գերատեսչությունների միջև խոշոր գործարքներից կարելի է առաձնանցնել նաև ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջանության կազմակերպումը, որի համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ին հատկացրել էր 1 մլրդ 160 միլիոն դրամ։

Գլխավոր նկարը՝ CFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter