HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ոսկեպարի հատվածում ձերբակալված 7 անձանցից 6-ն ազատ են արձակվել

Ապրիլի 21-ին Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել էին «Մարտական եղբայրության» 7 անդամներ: Նախորդ գիշեր նրանցից 6-ն ազատ է արձակվել: Այս մասին մեզ հայտնեց միության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանի կինը` Գայանե Ղազարյանը: Ազատ են արձակվել Մասիս Շիրոյանը, Արամայիս Աղաբեկյանը, Գոռ Ասատրյանը, Հենրիկ Մկրտչյանը, Հովսեփ Ղազարյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը։ 

Իսկ Արման Պետրոսյանը կալանավորվել է 1 ամսով: Նրան մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու հատկանիշներով:

Հիշեցնենք, որ այդ օրը՝ ապրիլի 21-ին, Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց ճանապարհին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ բախումներ էին տեղի ունեցել: «Բախումներ սկսվեցին այն բանից հետո, երբ երկրապահներից ոմն Յուրա մեքենան վարել է ճանապարհը փակած ժողովրդի վրա»,- նշված էր «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան գրառման մեջ։

Տեղի ունեցածը «Մարտական եղբայրությունը» քաղաքական հետապնդում է որակում, ըստ նրանց` Կառավարության անմիջական ցուցումով նրանց դեմ կիրառվել է սադրանք:

Ապրիլի 23-ին էլ Նոյոմբերյան քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ և «Հայկական պետականության համար կոորդինացնող շտաբ» նախաձեռնության հիմնադիր Սուրեն Պետրոսյանը: Նա ակտիվորեն մասնակցում էր Ոսկեպար-Կիրանց հատվածում քաղաքացիների բողոքի ակցիային։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզում սկսվեցին բողոքի ցույցեր։ Բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Նրանց մտահոգությունն այն է, որ այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո սահմանն անցնելու է Կիրանց գյուղի և հիմնական ճանապարհի հարևանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter