HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Դավթաշեն 4-րդ թաղամասի 49 շենքի բնակիչները 6 օր շարունակ ջուր չունեն

Դավթաշեն 4-րդ թաղամասի 49 շենքում 6 օր է՝ ջուր չկա։ 11-րդ հարկի բնակիչ Նեկտար Հարությունյանը դիմել է «Հետքի» խմբագրություն և պատմել, որ նախորդ 6 ամիսներին շենքում ջրի ճնշումը ցածր է եղել, իսկ վերջին 6 օրերին՝ շենքի բնակիչներն առհասարակ ջուր չունեն։ Բազմիցս դիմել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին, պատասխանել են, որ նշված հասցե նորմալ ճնշմամբ ջուր է մատակարարվում։ 

Նեկտարի ընտանիքը 2020 թվականին է տեղափոխվել Դավթաշեն 4-րդ թաղամասի 49 շենք։ Այն համարվում է նորակառույց՝ շահագործման է հանձնվել 2012  թվականին։  Նեկտարի պատմելով, երբ նոր էին տեղափոխվել, ջրի ճնշումն այնքան բարձր էր, որ ծորակն ամբողջությամբ չէր բացում։ Մոտ 6 ամիս առաջ ջրի ճնշումը սկսել է ընկնել այնքան, որ ծորակից տաք ջուր չէր գալիս։

«Վերջին 5-6 ամիսներին մենք տաք ջուր չենք ունեցել, անգամ տհաճ է ասել, որ գազօջախի վրա էինք տաքացնում ջուրը, որ լոգանք ընդունենք, սովորական ամենակարճ՝ 30 րոպեանոց լվացքի ժամանակ մեքենան 10 անգամ կարող էր անջատվել, չեմ ուզում ամենամանր կենցաղային խնդիրները բոլորը հերթով պատմել, բայց սա ստորացում է։ Բացի գույքային վնասներից, երբ ցածր ճնշման պատճառով տեխնիկա է փչանում, նաև մեր նյարդային համակարգն է փչանում»,-ասում է Նեկտարը։

Նրա խոսքով՝ հաճախ են զանգահարում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, թեժ գծի հեռախոսահամարը մշտապես ծանրաբեռնված է, իսկ երբ հաջողվում է կապ հաստատել, օպերատորները լսում են, ներողամտություն հայցում անհանգստության համար, բայց խնդրին լուծում չի տրվում։

Մի քանի օր առաջ, երբ ջուր չի եղել, «Վեոլիա Ջուր» անպատասխան զանգերից հետո Նեկտարը դիմել է տեղամասային տեսչուին։ Վերջինն ասել է, որ հարակից շենքերից ևս բողոքներ կան, ընկերությանը տեղյակ կպահի։ 

Այսօր՝ ապրիլի 25-ի առավոտյան, Նեկտարը զանգել է առաջին հարկում ապրող իր ընկերուհուն՝ տեղեկանալու, թե արդյոք առաջին հարկում ջուր կա։

«Ընկերուհիս ասաց՝ վաղ առավոտյան շատ բարակ շիթով ունեցել ենք ջուր, էդ ջուրը հաստատ չէր հասնի 11-րդ հարկ»,-ասում է Նեկտար Հարությունյանը։

3 օր առաջ էլ «Վելոիա Ջուր» ՓԲԸ-ից խոստացել են ապրիլի 23-ին այցելել և չափել ջրի ճնշումը, բայց չեն գնացել։ Նեկտարը որոշել է բարձրաձայնել խնդրի մասին։

«Հետքը» փորձեց պարզաբանում ստանալ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից։

Ընկերության հասարայակնության հետ կապերի բաժնի աշխատակից Կարինե Կարապետյան «Հետքին» փոխանցեց, որ տեղամասային մասնագետները ստուգումներ են իրականացրել շենքում և պարզել, որ խնդիրը շենքի ներքին ցանցի հետ է կապված, որը դուրս է «Վեոլիա Ջուր» ընկերության վերահոսկողության տիրույթից։ Դրանով պետք է զբաղվի շենքի կառավարման մարմինը՝ համատիրությունը։

Նեկտար Հարությունյանն ասում է, որ շենքը համատիրություն չունի։ Շահագործման հանձնելիս ինչ-որ խնդիր է առաջացել, ու Դավթաշեն 4-րդ թաղամասի 49 շենքը որևէ համատիրության կազմում չի ընդգրկվել։ «Փաստացի ստացվում է, որ անտեր ենք, միայն մի մարդ կա, որ ամեն ամիս վերելակի գումար է հավաքում հոսանքի վարձը մուծելու համար, թե չէ մեզ համատիրությունը չի սպասարկում»,-ասաց Նեկտար Հարությունյանը։ Բնակիչները որոշել են դիմել վարչական շրջանի ղեկավարությանը։

Գլխավոր լուսանկարը՝ https://unsplash.com/s/photos/faucet 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter