
Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենքի վաճառքի վերաբերյալ Ադրբեջանի քննադատություններին
Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, բայց Նյու Դելին նաև հոգ է տանում իր պաշտպանական-արդյունաբերական արտադրանքի արտահանման խթանման մասին: Այսօր՝ ապրիլի 25-ին տեղի ունեցած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը՝ արձագանքելով Հնդկաստանի կողմից Հայաստանին սպառազինության մատակարարման վերաբերյալ ադրբեջանական կողմի քննադատությանը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, բայց դրանից բացի մենք նաև վարում ենք Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն»,- հայտարարել է հնդիկ դիվանագետը։
Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին: Նրա խոսքով՝ այս պետությունները «դա անում են բացահայտ և ցուցադրաբար ու նույնիսկ փորձում են Բաքվին այդ կերպ ինչ-որ բան ապացուցել»:
Ալիևը հավելել էր, որ ադրբեջանական կողմն այդ դիրքորոշումը հստակ հասցրել է Հայաստանի կառավարությանը և «այն կողմերին, որոնք այսօր փորձում են հոգատարություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ»: Նա ընդգծել էր, որ եթե Ադրբեջանը լուրջ սպառնալիք տեսնի իր համար, «ստիպված կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել»:
Վերջին շրջանում մամուլում անընդհատ տեղեկություններ են տարածվում Հայաստանի ու Հնդկաստանի միջև ռազմական արդյունաբերության ոլորտում խոշոր գործարքների մասին։ Երկու երկրներն էլ չեն հերքում այս լուրերը։ «Հետք»-ը պարբերաբար հրապարակումներ է արել հայ-հնդկական ռազմական համագործակցության ու Երևանի կողմից հնդկական սպառազինության ձեռքբերման մասին։
- Ինչո՞վ է հնդկական ռազմարդյունաբերությունը գրավում Հայաստանին
- Ըստ հնդկական մամուլի՝ Հայաստան կառաքվեն «Pinaka» համակարգեր, որոնք Հնդկաստանում ռուսական «Գրադին» փոխարինելու են եկել
- Հնդկական Bharat Forge-ն հաստատել է Հայաստանին հաուբիցների մատակարարման մտադրությունը
Լուսանկարը՝ mergili.at-ից
Մեկնաբանել