HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Հայաստանը բնապահպանական մեղադրանքներին արձագանքելու բավարար կարողություններ չունի»․ Ալեն Ամիրխանյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնը Հայաստանի ջրային ոլորտի քաղաքա-տնտեսական հետազոտություն է իրականացրել։ Կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում, թերևս առաջին անգամ, վերլուծում է անդրսահմանային ջրային խնդիրները և ջրային դիվանագիտության միջոցով դրանց լուծման ուղիները։ Պրն Ամիրխանյանի հետ զրուցել ենք «անդրսահմանային ջրային դիվանագիտության» կարևորության և դրա միջոցով արտաքին մի շարք մարտահրավերների դիմագրավելու անհրաժեշտության մասին։  

Պրն Ամիրխանյան, օրեր առաջ Հայաստանի ջրային ոլորտի քաղաքա-տնտեսական վերլուծությունը մասնագիտական շրջանակների քննարկմանը ներկայացնելիս հնչեցրիք «անդրսահմանային ջրային դիվանագիտություն» արտահայտությունը։ Առաջին անգամ խոսվեց Հայաստանում ջրային և կլիմայական դիվանագիտության կարողությունների բացակայության մասին։ Ինչո՞վ է պայմանավորված դրա անհրաժեշտությունը։ 

Շրջակա միջավայրին վերաբերող թեմաները՝ բնության վերականգնում, պահպանություն և այլն, միջազգային քաղաքականության և դիվանագիտության մեջ գործոն են։ Նկատել ենք, որ Հայաստանի մասնակցությունն այդ պրոցեսներին շատ արդյունավետ չէ, նաև՝ այս պահին Ադրբեջանից թիրախավորված է որպես տարածաշրջանում շրջակա միջավայրը վնասող երկիր։ Դա քաղաքական հետևանքներ ունի ցանկացած երկրի համար, որը մեղադրում է կամ մեղադրվում է։ Օրինակ՝ մեկ տարի առաջ Իրանում հասարակական կազմակերպություններից մեկը հայտարարեց, որ Հայաստանն իր ատոմակայանի թափոնները լցնում է Արաքս գետը։ Իրանի և Ադրբեջանի մամուլում այս թեման բավականին քննարկվեց։ Հարցը քննարկվեց նաև Իրանի խորհրդարանում, որից հետո Իրանի կառավարությունը հետազոտություններ իրականացրեց և հերքեց տեղեկությունը։ Սակայն, ՀԿ-ները չեն վստահում պաշտոնական տվյալներին, կասկածում են, որ Իրանի ներկայացրած տվյալները պայմանավորված են Հայաստանի նկատմամբ իր քաղաքական դիրքորոշումով։ Ես իրանցի գործընկերոջս հետ զրուցել եմ այս թեմայով։ Նա ասաց, որ ՀԿ–ներն այդպիսի անպատասխանատու հայտարարություններ անում են, բայց, միևնույնն է, դա լավ չէ ձեզ համար։ Սա արդեն դիվանագիտության հարց է, սակայն այս ամբողջ ընթացքում Հայաստանից ոչ մի արձագանք չի եղել դրան։

Նույն կերպ, 2023թ հուլիսին Ադրբեջանի բնապահպանական հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմեցին Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել Հայաստանում խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությունը, որովհետև «Հարավային Կովկասում խաթարվում է բնապահպանական կայունությունը»: Այդ նամակին մեր ՀԿ-ները որոշակի պատասխան տվեցին, նաև Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանեց։ Սակայն, կարծում եմ, սա ավելի մեծ խնդիրներ է ստեղծում։ Իմ պատկերացմամբ՝ երբ մենք միջազգային ատյաններում Ադրբեջանին մեղադրում ենք մարդու իրավունքները խախտելու համար, նրանք մեզ փոխադարձում են շրջակա միջավայրը վնասելու մեղադրանքով։ Ի վերջո, երկուսս էլ կարող է չշահենք դրանից, բայց վնաս հասցվում է։ Նման ռիսկերը պետք է կառավարել դիվանագիտորեն։ Այդ դիվանագիտության սահմաններում նաև դրական ձեռքբերումներ կարելի է ունենալ, այնպիսի լուծումներ գտնել, որոնք շահավետ կլինեն երկու կողմերի համար։ Օրինակ՝ ջրի համատեղ մոնիտորինգ իրականացնել, փորձագետների միջև համագործակցություն ստեղծել, ջրի որակի ստանդարտները համապատասխանեցնել իրար և այլն։ Նման անդրսահմանային հարաբերությունները, եթե ճիշտ են կառավարվում, մեծ մասամբ դրական ազդեցություն են թողնում։ Բայց այս հարցը պետք է անդրսահմանային դիվանագիտական քաղաքականության հիմքում լինի, պետք է այն շատ արագ զարգացնենք արտգործնախարարության մակարդակով։

Քուռ-Արաքս գետավազանում գտնվող տարածաշրջանի հինգ երկրներից Հայաստանը միակն է, որի տարածքն ամբողջությամբ գտնվում է գետավազանում։ Այդ հանգամանքը առավելություն տալի՞ս է Հայաստանին։

Վստահ չեմ, որ առավելություն է տալիս։ Ջրի որոշ աղբյուրներ մեր տարածքում են ձևավորվում և հոսում են դեպի Իրան, Վրաստան և Ադրբեջան, բայց կոնկրետ այդ փաստը մեզ առավելություն տալի՞ս է, թե՝ ոչ, պետք է մտածել։ Կարծում եմ, որ դիվանագիտության թեմաներից մեկը կարող է լինել՝ ստեղծել Քուռ–Արաքս գետավազանի կառավարման միջպետական հանձնաժողով։ Գետավազաններ կան, որոնք տարբեր երկրների ներկայացուցիչներից ձևավորված նման հանձնաժողովներ ունեն։ Դա կարող է լուծումներից մեկը լինել և արժե, որ Հայաստանը ներգրավված լինի նման մի կառույցում, եթե ստեղծվի։ Վստահ չեմ, որ Թուրքիան կներգրավվի նման հանձնաժողովում, բայց այն, որ մենք պետք է ձգտենք հարցերը քննարկել բաց հարթակներում և մեղմացնել կոնֆլիկտները, միանշանակ է։ Հարաբերություններ չլինելու հետևանքով դրանք ավելի են թեժանում, և կողմերն ավելի են կարծրանում իրենց մեղադրանքներում ու կարծիքներում։ Հարթակներ պետք է լինեն, որտեղ բանակցություններ, քննարկումներ են լինում։

Հայտնեցիք, որ Ադրբեջանը դժգոհել է Հայաստանից իր տարածք հոսող 7 անդրսահմանային գետերի որոշ հոսքերի որակից։ Ըստ Ձեզ՝ այդ դժգոհությունը կարո՞ղ է վերածվել Հայաստանի դեմ նոր դատական հայցի։ Գիտեք, որ Բաքուն դիմել է միջպետական արբիտրաժային դատարան և Երևանից փոխհատուցում է պահանջում իր ձևակերպումով՝ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում շրջակա միջավայրի և կենսաբազմազանության ոչնչացման համար»։ Ընդ որում, այս դատավարությունը համարում է նախադեպային։

Իրենք հարցը բարձրացնում են Հայաստանից դուրս եկող գետերի վերաբերյալ։ Կարծում եմ, որ Հայաստանը նման մեղադրանքներին արձագանքելու կարողությունների խնդիր ունի։ Եթե դատարան էլ չտանեն հարցը, կարող են օգտագործել և ավելի ագրեսիվ դիրքորոշում ունենալ Հայաստանի նկատմամբ։

Հայաստանն ու Թուրքիան հավասարապես՝ 50/50%–ով կիսում են Արաքս և Ախուրյան գետերի ջուրը։ Բայց այն օրից, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան սահմանին 1,3 մլրդ խմ2 տարողությամբ ջրամբար է կառուցում, չհաշված գոյություն ունեցող մյուս ջրամբարները, որոնք նույնպես մեծ ծավալներ ունեն, մտահոգություններն ավելացան։ Ի՞նչ են ցույց տալիս Ձեր ուսումնասիրությունները,  տեղի՞ն են այդ մտահոգությունները։

Իհարկե, մտահոգությունները հիմքեր ունեն, բայց նրանք որևէ ձևով սահմանափակված չեն ջրամբարներ կառուցելու հարցում։ Մենք էլ կարող ենք և ջրամբարներ կառուցում ենք։ Ազատ գետի վրա Վեդիի ջրամբարն ենք կառուցում, որի հոսքերը նվազելու են դեպի Արաքս, նաև՝ Կապսի ջրամաբարը Ախուրյան գետի վրա։ Մեզնից ոչ մեկը կաշկանդված չէ ջրամբարներ կառուցելու հարցում։ Մենք ոչ մի պայմանավորվածություն չունենք, որևէ կոնվենցիայի չենք միացել, որը սահմանափակում է ջրամբարներ կառուցելը։ Սա իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստենք։ Բայցև փաստ է, որ մենք բավականին անխնա ենք օգտվում ջրային ռեսուրսից և շեշտը պետք է դնենք ջրի օգտագործումը բարելավելու վրա։ Ավելի քիչ ջրով կարող ենք տնտեսական զարգացում ապահովել։ Թուրքիայի հետ հարաբերություններ պետք է կառուցել և հասկանալ, թե ինչպես կարող ենք մի բան ստանալ, դա արդեն միջպետական դիվանագիտության հարց է։

Իրանը դեմ է Թուրքիայի` ընդհանուր ջրային ռեսուրսների վրա ջրամբարներ կառուցելուն։ Որո՞նք են Իրանի մտահոգությունները, ինչո՞ւ է դեմ, և նրա վարած ջրային դիվանագիտությունը հաջողություններ գրանցե՞լ է։ 

Թուրքիայում կառուցվող ջրամբարը Իրանին ու Ադրբեջանին ավելի մեծ վնասներ է պատճառելու։ Մեզ մոտ կարող է 40–50%–ով նվազել Արաքս գետի հոսքը, բայց նրանց մոտ 60–70%–ի կարող է հասնել։ Իրանը դեմ է այդ ջրամբարը կառուցելուն։ Իրանական կողմը Թուրքիայի նախարարի հետ հանդիպումներ է ունեցել, բայց տեղյակ չեմ՝ առաջընթաց կա՞ այդ հարցում, թե՝ ոչ։ Չեմ կարծում, որ Թուրքիան կհրաժարվի դրանից, նրանք արդեն ավարտում են ջրամբարի կառուցումը։ Մեծ հավանականությամբ, Ադրբեջանն էլ է դեմ, բայց, այլ շահերով պայմանավորված, հանրայնորեն չի արտահայտվում։ Այն, որ Քուռ–Արաքս գետավազանում նման մի համագործակցության կառույց չունենք, արդեն մեծ բաց է։ Չեմ կարծում, թե Հայաստանում կա մի մարդ, որն ամբողջությամբ պատկերացնում է դրա դրական ու բացասական կողմերը։ Հելսինկիում մեկնարկած ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ջրային կոնվենցիային, որը կարգավորում է ջրավազանի երկրների հարաբերությունները, Քուռ-Արաքս գետավազանում գտնվող 5 երկրներից միայն Ադրբեջանն է միացել։ Ադրբեջանը բոլոր հարթակներում հայտնում է, որ Հայաստանն ու Վրաստանը պետք է միանան այդ կոնվենցիային։ Հայաստանի ու Վրաստանի դիրքորոշումն  այն է եղել, որ մինչև Թուրքիան չմիանա, անհասկանալի է, թե իրենք ինչ պարտավորություններ պետք է ստանձնեն։ Սակայն մանրամասնորեն չի վերլուծվել՝ կոնվենցիային միանալը դրական կողմ ունի՞ մեզ համար, թե՝ ոչ։

Իմ համոզմամբ՝ Թուրքիան երբևիցե չի միանա այդ կոնվենցիային, որովհետև Տիգրիս–Եփրատի գետավազանում Իրաքի և այլ երկրների հետ ավելի մեծ խնդիրներ ունի։ Թուրքիայի ջրային քաղաքականության դիրքորոշումներից մեկն այն է, որ որևէ երրորդ կողմ չի կարող մասնակցել ջրային կառավարման ռեժիմին։ Բայց, չեմ կարող ասել, թե Թուրքիայի չմիանալն ամբողջությամբ փակում է մեր միանալու հնարավորությունը։ Սրանք դեռևս պետք է հետազոտել։ Մեզ համար էլ միանալը շատ ռիսկային է, Ադրբեջանին կրկին զենք ես տալիս, որ միջազգային տարբեր հարթակներում պահանջներ ներկայացնի մեր դեմ։

Համագործակցությունը շատ եք կարևորում այն երկրների հետ, որոնց հետ տարածքային չլուծված մեծ կոնֆլիկտներ ունենք։ Ի՞նչ կարող ենք ակնկալել բնապահպանական ոլորտում։

Այս տարածաշրջանում ջուրը կյանք է ստեղծում, և մենք պետք է Քուռ-Արաքս գետավազանի երկրների հետ համագործակցելու հարթակներ գտնենք։ Եթե խելամիտ քննարկումներ ունենանք հարթակներում, չի բացառվում, որ որոշակի լուծումներ կարողանանք ձևակերպել։ Օրինակ՝ եթե մեր կողմից է ջուրն աղտոտվում և մտնում Ադրբեջան, համատեղ մաքրենք կամ իրենք վճարեն մեզ՝ մաքրելու համար։ Հնարավորությունները բաց են, երկրները վճարում են ջրի որակն ապահովելու համար, բայց տարբերակները քննարկելու համար հարթակ պետք է լինի։ Ադրբեջանը մեզ նման ջուրն աղտոտող է, բայց չի խոսվում այդ մասին, իսկ եթե խոսվի՝ ինչպե՞ս ենք դիվանագիտորեն ընդգրկում նրանց հասցրած վնասը։ Բոլոր կարողություններն ու վերլուծությունները պետք է զարգացնենք։ Պետական կառույց պետք է ունենալ։ Ջրային օրենսգրքով այդպիսի մարմին սահմանված է՝ Անդրսահմանային ջրային ռեսուրսների հանձնաժողով, որը երբեք չի գործել։ Այդ մարմինն աշխատեցնելու ժամանակն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter