HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Ոստիկաններն ասում են, որ ինձ բերման չեն ենթարկել․ բա դա ի՞նչ էր, եթե ոչ՝ բերման ենթարկել»․ պատգամավոր Արթուր Խաչատրյան

Այսօր Երևան-Հրազդան մայրուղուց ոստիկանները ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին տեղափոխել էին Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Պատգամավորը մասնակցում էր բողոքի ակցիային, որտեղ քաղաքացիները փակել էին մայրուղին։

«Հետքի» հետ զրույցում Արթուր Խաչատրյանը հայտնեց, որ իրեն արդեն ազատ են արձակել։ Խաչատրյանի խոսքով՝ իրեն Ոստիկանության բաժին տանելը օրինաչափ չի եղել, քանի որ պատգամավոր է։ 

«Ուժ կիրառելով բերման ենթարկեցին Հրազդանի ոստիկանական բաժին։ Բարձրացանք մինչև երրորդ հարկ, հետո երրորդ հարկից ուղեկցեցին ներքև, դուրս եկանք, մոտ մեկ ժամ սպասելուց հետո հանդիպեցինք բաժանմունքի ղեկավարի հետ։ Ոստիկանները ոստիկանությունում ասում են, որ ինձ բերման չեն ենթարկել, բայց ինչպե՞ս կբացատրեն, որ ուժ կիրառելով, իմ կամքին հակառակ մտցրին մեքենան, բերեցին Ոստիկանություն․ բա դա ի՞նչ էր, եթե ոչ՝ բերման ենթարկել»,- հարցնում է Խաչատրյանը։

Պատգամավորն ասում է, որ իրավական ընթացք կտան կատարվածին՝ հասկանալու համար իրեն բերման ենթարկելու հիմքերը։ Արթուր Խաչատրյանին ազատ են արձակել առանց որևէ բացատրության։

Նրա խոսքով՝ բախում սկսվել է այն բանից հետո, երբ ակցիայի ընթացքում խոսել է քաղաքացիական հագուստով մեկի հետ, որը, ըստ պատգամավորի, իրավապահ մարմինների ներկայացուցիչ է եղել և իր տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ոստիկանապետն է եղել։ Տեսանյութից պարզ է դառնում, որ այդ անձը Ռուբեն Դավթյանն է` ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը:

Լարված խոսակցությունից հետո վերջինիս նախաձեռնությամբ սկսվել է հրմշտոց, որից հետո պատգամավորին տեղափոխել են Ոստիկանության բաժին։ «Ասում էի՝ իսկ դուք ինչպե՞ս եք առաջարկում, որ քաղաքացիներն իրենց բողոքը հայտնեն, ասաց՝ այդ հարցն ինձ մի տվեք, ես էլ ասում եմ՝ բերեք նրան, ով այդ հարցի պատասխանն ունի»,- պատմում է Արթուր Խաչատրյանը։ 

Արթուր Խաչատրյանն այժմ Հրազդանի ոստիկանական բաժանմունքում է, որովհետև, ըստ նրա, երկու քաղաքացու մեքենա են բերման ենթարկել՝ մեղադրանքով, որ հարկադիր կատարման վարույթ կա։ «Հիմա մենք փորձում ենք ստանալ այդ փաստաթղթերի պատճենները, որ այդ մեքենաները ԴԱՀԿ վարույթի տակ են»,- ասաց նա։

Նշենք, որ 17 անձ է ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ այսօր՝ ապրիլի 26-ին, Հանրապետության տարբեր հատվածներում իրականացված բողոքի ցույցերի ժամանակ։ Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանի օրինական պահանջ չկատարելը) կասկածանքով։ Այս մասին «Հետքին» հայտնել են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Նշենք, որ Հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցեր իրականացնել, մասնավորապես, Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում, մայրուղին շարունակում է փակ մնալ նաև Կիրանցի հատվածում։ Այսօր բողոքի ակցիա է իրականացվել նաև Երևանի մի շարք փողոցներում, Երևան-Էջմիածին, Երևան-Հրազդան մայրուղիներում։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզում և հետո նաև Հանրապետության տարբեր հատվածներում սկսվեցին բողոքի ցույցեր։ Քաղաքացիների մտահոգությունն այն է, որ այդ տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո սահմանն անցնելու է Կիրանց գյուղի և հիմնական ճանապարհի հարևանությամբ:

Լուսանկարը՝ էկրանակադր տեղի տեղի ունեցած միջադեպից, A1Plus-ի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter