HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն Ալմաթիում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Երկրի ղեկավարն ասել է, որ ղազախական կողմի առաջարկին համապատասխան՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները մոտ ժամանակներս հանդիպում կանցկացնեն Ալմաթիում՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար»,- ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը կներդնի բոլոր ջանքերը խաղաղության օրակարգը շարունակելու համար՝ նշելով, որ Բաքուն դրա համար ունի ուժեղ քաղաքական կամք: Նա հավելել է, որ իր երկիրը «աջակցում է տարածաշրջանային համագործակցության հարավկովկասյան մոդելի ստեղծմանը՝ առանց տարածաշրջանում բաժանարար գծերի»:

Ալիևը որպես դրական քայլ է գնահատել այն փաստը, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացից հետո արդեն սկսվել են նաև դրա սահմանագծման աշխատանքները:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հետագայում ևս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: «Վարչապետ Փաշինյանը նաև դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, ու ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար»,- ասված է ՀՀ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter