HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Առողջապահության նախարարությունը քաղցկեղի բուժման անվճար դեղամիջոցը հատկացրել է միայն ՈՒԱԿ-ին

Մարտի 13-ին Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ քաղցկեղի մի շարք տեսակների բուժման համար պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ (մվասի, ավաստին) հակաքաղցկեղային թանկարժեք դեղը։

Առողջապահության նախարարությունը որպես մարդասիրական օգնություն` ստացել էր բևացիզումաբ (մվասի, ավաստին) դեղամիջոցը և որոշել հատկացնել միայն Ուռուցքաբանության ազգային կենտրոնին (ՈՒԱԿ), մինչդեռ ՈՒԱԿ-ը քաղցկեղի բուժմամբ զբաղվող միակ կենտրոնը չէ։

Բևացիզումաբը Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հատկացվելու է քաղցկեղի հետևյալ տեսակների դեպքում՝ գլխուղեղի չարորակ նորագոյացություն, թոքի քաղցկեղ, արգանդի վզիկի քաղցկեղ, կոլոռեկտալ քաղցկեղ, ձվարանների քաղցկեղ, երիկամաբջջային քաղցկեղ, լյարդաբջջային քաղցկեղ:

Մեզ դիմել են քաղցկեղի դեմ բուժում ստացող քաղաքացիներն ու իրենց դժգոհությունը հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մեզ դիմած մարդկանցից մեկը, որը ցանկացել է մնալ անանուն, պատմել է, որ վերջին 3 ամիսներին քաղցկեղի դեմ բուժում է ստանում Երևանի մեկ այլ բուժհաստատությունում։ Երբ նախարարությունից հետաքրքրվել է՝ տեղեկանալու, թե ինչու՞ է դեղամիջոցը հատկացվել միայն ՈՒԱԿ-ին, նրան հայտնել են, թե ուղղակի այդպես է որոշվել։

«Ստացվում է, որ ես պետք է փոխեմ իմ բուժհաստատությունը, փոխեմ իմ բժշկին միայն նրա համար, որ ստանամ այդ դեղամիջոցը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Մյուս բուժհաստատություններում բուժում ստացողների համար սա լուրջ խնդիր է, որի մասին սակայն ոչ ոք չի խոսում, հարմար են գտնում ասել ուղղակի, որ այդպես է որոշվել»,- պատմում է մեզ դիմած քաղաքացին։

Գրավոր հարցմամբ դիմել ենք Առողջապահության նախարարություն, որտեղից մեզ հայտնել են Առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 05-ի թիվ 1204-Ա հրամանով՝ առողջապահության նախարարության անունով, որպես մարդասիրական օգնություն ստացված Մվասի (բեւացիզումաբ, ավաստին) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» եւ «Մվասի (բեւացիզումաբ, ավաստին) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղերը հատկացվել են «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերությանը՝ հաշվի առնելով, որ այն միակ մասնագիտացված ազգային կենտրոնն է:

Նախարարությունը նշում է, թե նշված կազմակերպությունում՝ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապարփակ բուժում է ստանում Հայաստանում ուռուցքաբանական հիվանդություններով պացիենտների շուրջ 80 տոկոսը, որոնց բուժման ողջ ընթացքն իրականացվում է կենտրոնի մասնագետների կողմից՝ իմունաթերապիա, վիրահատական միջամտություն, ճառագայթային բուժում:

«Միաժամանակ, կենտրոնում գործում է գիտական խորհուրդ, որտեղ ընդգրկված նեղ  մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են արտերկրներում։ Գիտական խորհրդի կողմից քննարկվում է պացիենտի բուժման յուրաքանչյուր դեպք, տրվում է մասնագիտական անվճար խորհրդատվություն»,- ասվում է նախարարության պատասխանում: 

Հայաստանի Հանրապետության այլ բժշկական կազմակերպություններում քիմիաթերապեւտիկ բուժում ստացող պացիենտները՝ իրենց բժշկի կողմից «Մվասի (բեւացիզումաբ) դեղի նշանակման պարագայում, կարող են միայն նշված դեղով բուժումը ստանալ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Ստացվում է, որ մյուս հիվանդանոցների բուժառուները չեն կարող օգտվել տրամադրված մարդասիրական օգնությունից, եթե չփոխեն բուժհաստատությունն ու բուժումը չշարունակեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։

Գլխավոր լուսանկարը՝  unsplash.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter