
Քաղաքաշինության կոմիտեի սխալ հաշվարկները. անհայտ է, թե երբ կավարտվի Դովեղի դպրոցի շինարարությունը
Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքը դեռ կիսակառույց է։ Հունիսի կեսերին այն պետք է պատրաստ լինի շահագործման։ Շինարարության ընթացքում հողի գրունտային հատվածներում բարդություններ են առաջացել։ Շինհրապարակին կից ճանապարհ կա, հենապատ կառուցելու անհրաժեշտություն է առաջացել։ Դովեղի միջնակարգ դպրոցի տնօրենի խոսքով՝ մեկ շաբաթից ավել է՝ ոչ ոք չի աշխատում:
«Եթե հաջորդ սեպտեմբերին պատրաստ լինի, շատ ուրախ կլինեմ»․ Դովեղի միջնակարգ դպրոցի տնօրեն
Բնակիչներըպարբերաբար բողոքել են, որ շինարարությունը դանդաղ է առաջ գնում։ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթև Խաչիկյանն ասաց, որ քանի օր է՝ դպրոցի շենքի վրա աշխատանքներ չեն կատարվում, միայն ճանապարհի հատվածում է տեխնիկա աշխատում։ Նրա խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում աշխատանքները դադարեցվել են, իսկ ընդհանրապես պարբերաբար ընդհատվում են: «Դպրոցի մոտ ճանապարհի մի մասը երկու անգամ փլուզվել է, դա հենց գյուղ մտնող ճանապարհն է՝ նոր կառուցվող դպրոցի վերևի հատվածում։ Այդ հատվածը շարունակում է ավելի փլուզվել, ես այսօր անցնում էի ու տեսա, որ ասֆալտի մի մասը ճաքել էր, վաղը կամ մյուս օրը դա էլ է փլուզվելու»,- ասաց Տաթև Խաչիկյանը։
Նա նշեց նաև, որ պետական մարմինները տեղյակ են խնդրից, պարբերաբար այցելում են շինհրապարակ, հետևում են շինաշխատանքներին։ «Այնպես չէ, որ չեն հետևում։ Տեսնում եմ, որ գալիս-գնում են, զանգում են, բայց դա չի օգնում։ Այն էլ այս օրերին, որ եղանակները տաք են, պետք է աշխատանքները ավելի արագ առաջ գնային։ Հիմա, ըստ նախատեսվածի, արդեն տանիքը, կողքի պատերը պիտի ամբողջությամբ պատրաստ լինեին: Չեմ կարծում, որ այս սեպտեմբերին պատրաստ կլինի: Եթե հաջորդ սեպտեմբերին լինի, շատ ուրախ կլինեմ»,- ասաց Տաթև Խաչիկյանը։
Պայմանագրով նախատեսված գինը 64%-ով կամ 475 մլն դրամով ավելացել է
Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները իրականացնելու համար Քաղաքաշինության կոմիտեն բաց մրցույթ էր հայտարարել, որին մասնակցել է երեք ընկերություն։ Հաղթել է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն, որը առաջարկել էր 743 մլն 233 հազար դրամ։ Մյուս երկու ընկերություններն են՝ «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ՝ 899 մլն 649 հազար դրամ, «Տ-քնսթրաքշն» ՍՊԸ՝ 1 մլրդ 114 մլն 137 հազար դրամ։
«Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության և Քաղաքաշինության կոմիտեի միջև Դովեղ գյուղում դպրոց կառոցելու նպատակով 2020-ի նոյեմբերի 26-ին պայմանագիր է կնքվել։ Պայմանագրի գինը 743 մլն 233 հազար դրամ է։ 2023-ի նոյեմբերի 23-ին «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության հետ համաձայնագիր է կնքվել, ըստ որի՝ պայմմանագրով սահմանված գումարը ավելացել է 475 մլն 113 հազար դրամով կամ պայմանագրով սահմանված գումարի 64%-ի չափով` կազմելով 1 մլրդ 218 մլն դրամ: Այսպիսով՝ «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրի գինը ավելին է, քան մրցույթին մասնակցած մյուս երկու ընկերության գնառաջարկը։ Դովեղ գյուղում դպրոցի շինարարությունը սկսվել է 2022-ի դեկտեմբերի 27-ին և որպես շինարարության ավարտ պայմանագրում նշվում է՝ «պայմանագրով նախատեսված աշխատանքները սկսվում են շինարարական աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերը ուժի մեջ մտնելուց հետո և աշխատանքների ողջ ծավալով կատարման ժամկետ է սահմանվում 450 օրացուցային օր»։ Բացի պայմանագրով սահմանված գումարի չափից՝ մեկ այլ համաձայնագրով, որը կնքվել է 2023թ․-ի դեկեմբերի 7-ին, 90 օրացուցային օրով երկարացվել է շինարարության ժամկետը։ Մինչ այս համաձայնագրի կնքումը, ըստ պայմանագրի, շինարարությունը պետք է ավարտվեր 2024-ի մարտի կեսերին, իսկ համաձայնագրի կնքումից հետո նախատեսվում է, որ շինարարությունը պետք է ավարտվի 2024-ի հունիսի կեսերին։
«Կանժիլստրոյ» ՍՊ ընկերության պատմությունը
Ընկերությունը հիմնադրվել է 2004թ․-ին, այն պատկանում է Արմեն Գեղամյանին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն տասից ավելի անգամ տուգանվել է։ Տուգանքների չափը մի քանի տասնյակ հազար դրամից հասնում է մինչև մի քանի միլիոն դրամի։ 2020-ի հունվարին Պետական եկամուտների կոմիտեն դիմել է դատարան՝ «Կանժիլստրոյ» ՍՊ ընկերությունը սնանկ ճանաչելու համար։ Գործի ընթացքում սահմանափակումներ են կիրառվել ընկերության նկատմամբ։ Դատարանը նույն տարվա հուլիսին վճռել է, որ պետական տուրքերի հարցը լուծված է, վերացվել են ընկերության գույքի նկատմամբ կիրառված արգելանքները և սահմանափակումները։ ՊԵԿ-ի դիմումը՝ «Կանժիլստրոյ»-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է։ Այսպիսով՝ ընկերությունը սնանկության գործով անցնելիս կատարել է պետության նկատմամբ դրամական պարտավորությունները և սնանկ չի ճանաչվել։
Ընկերությունը պետգնումներում մի քանի գործարքի կողմ է։ Բացի այս դպրոցից նաև Վայոց ձորի Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներն է կատարում։
Ի՞նչու նախատեսվածից թանկ արժեցավ դպրոց կառուցելը
«Հետք»-ը 2024թ․-ի փետրվարի 27-ին հարցում է ուղարկելլ Քաղաքաշինության կոմիտե՝ խնդրելով պատասխանել, թե որն է պայմանագրով սահմանված գնի և ժամկետների փոփոխությունը, և որ փուլում է գտնվում շինարարությունը։ Մարտի 4-ին ստացված պատասխան նամակում նշվում է՝ նախապես դպրոց կառուցելու համար դիտարկվել է գործող դպրոցի տարածքը, բայց դասապրոցեսը չընդհատելու նպատակով որոշվել է նոր տարածքի վրա կառուցել դպրոցը:
«Հաշվի առնելով գյուղի ռելիեֆի առանձնահատկությունները և շինարարական աշխատանքների ընթացքում ի հայտ եկած գրունտային նոր պայմանները, ինչպես նաև շինհրապարակի տեղամասին կից ճանապարհի առկայությունը՝ առաջացել է դպրոցի կառուցման աշխատանքներին զուգահեռ զգալի ծավալի հողային նոր աշխատանքների իրականացման և հենապատի կառուցման անհրաժեշտություն»,- նշված է Քաղաքաշինության կոմիտեի պատասխան նամակում։
Ըստ Քաղաքաշինության կոմիտեի՝ նշված հանգամանքներով է պայմանավորված գնային և ժամանակացուցային փոփոխությունը։ Նամակում նշվում է, որ ներկա պահին (04.03.2024) ընթանում են դպրոցի և հենապատի կառուցման աշխատանքները։ Մենք նոր հարցում ենք արել Քաղաքաշինության կոմիտեին, քանի որ այս պատասխանից նոր հարցեր են առաջանում, մասնավորապես՝ ինչպես է ստացվել, որ մինչ շինաշխատանքների մեկնարկը, ուսումնասիրության արդյունքում չի պարզվել՝ տարածքի գրունտային պատկերը և անհրարժեշտ աշխատանքների ծավալը։ Ինչո՞ւ դպրոց կառուցելու համար հայտարարված մրցույթում ի սկզբանե չի ընդգրկվել հենապատի կառուցումը, քանի որ ճանապարհը կար մինչև դպրոցի շինարարության մեկնարկը:
Այս հարցերի վերաբերյալ հարցումը ուղարկել ենք 2024թ․-ի մարտի 11-ին։ Քաղաքաշինության կոմիտեից պատասխան նամակով լրացուցիչ 30 օր խնդրեցին՝ հարցմանը պատասխանելու համար։ Գրեթե երկրորդ ամիսն է լրանում, բայց մենք այդպես էլ չստացանք մեր հարցերի պատասխանը։ Քաղաքաշինության կոմիտեին խնդրել ենք նաև տեղեկացնել՝ մինչ շինաշխատանքների մեկնարկը, ո՞ր կազմակերպությունն է իրականացրել համայնքի տրամադրած տարածքի ուսումնասիրությունը՝ պարզելու համայնքի հատկացված տարածքը հարմար է դպրոց կառուցելու համար։
«Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի սեփականատեր Արմեն Գեղամյանը մեր հարցերին ի պատասխան ասաց, որ ամեն ինչ բնականոն հունով է ընթանում, և ոչ մի խնդիր էլ չկա։
Գլխավոր լուսանկարն արվել է ապրիլի 10-ին
Մեկնաբանել