
"Какие беннамусы". թուրքերի մասին քմծիծաղով արտահայտվեց ադրբեջանցի մատուցողը
Գիշերային ժամերին Թբիլիսիի կենտրոնում երաժշտությունը սկսում է հոսել: Աշխուժությունն այս քաղաքում տարբեր լեզուներով խոսակցություններով է պայմանավորված:
«Թուրքի մեյդանը», որը համեմատաբար փոքր, բայց մշտապես աղմկոտ եւ մարդաշատ կենտրոններից է, ավելի է լցված մարդկանցով:
Կիրակի է:
Ես եւ ընկերս նստում ենք բացօթյա ռեստորանում, որը անմիջապես զգալ է տալիս շուրջդ կատավող ամեն բան:
Մոտենում է մատուցողը. քսան տարեկան, նիհար ու վտիտ դեմքով. հազիվ է կանգնում ոտքի վրա:
Կեսգիշեր է:
Կոտրտված անգլերենով փորձում է բացատրել, որ թեյը միայն «չայդանով», ասել կուզի թեյամանով կարելի է պատվիրել: Մենք փոխում ենք պատվերը:
«Ով սիրուն, սիրուն»… Լսվում է հիսունն անց պապիկի ձայնը, որը բարձր տրամադրությամբ միանգամից դադարում է երգել եւ տեղի տալիս պարելու գործընթացին:
Մատուցողը կրկին մոտենում է. անսովոր լարվածություն է. ես եւ ընկերս զգում ենք:
- Ռուսերեն խոսո՞ւմ եք,- հարցնում է:
- Այո,- պատասխանում ենք արդեն ռուսերենով:
- Ես էլ: Իսկ դուք հայ եք, չէ՞:
- Ահա, հայ ենք:
- Ես ադրբեջանցի եմ:
- Եվ...
- Հայերը չեն սիրում չէ՞ ադրբեջանիցիներին: Իսկ սա վրացական-ադրբեջանական ռեստորան է:
- Ես մարդկանց առհասարակ սիրում եմ,- պատասխանում է ընկերս:
Մատուցողը թեթեւակի ծիծաղում է եւ գետնանուշով մի ափսե դնում սեղանին:
- Հյուրասիրվեք, ծխելու փոխարեն ես սա եմ կիրառում- պնդում է նա,- իսկ ինձ համար մեկ է. ես էստեղ եմ ծնվել, մեծացել,- ձեռքով ցույց է տալիս տան կողմը:
- Անունդ ի՞նչ է,- հարցնում եմ:
- Ռեյզի: Ձե՞րը:
- Անուշ. հին հայկական անուն է:
- Անի,- պատասխանում է ընկերս:
- Անին վրացական անուն է, չէ՞,- հարցնում է Ռեյզին:
- Չէ. մեր հին մայրաքաղաքներից մեկի անունն է:
Ես ու ընկերս լռում ենք. լռում է նաեւ ադրբեջանցին: Մենք տաքացած քննարկում ենք արվեստի վերաբերյալ մի քանի տեսություններ: Աչքը մեզ վրա է: Անկյունում կանգնած նյարդային ծխում է: Նորից է մոտենում, նորից գետնանուշի ափսեով:
- Էս մեյդանը թուրքի է կոչվում:
- Գիտենք:
- Այս ռեստորանում էլ շատերը թուրք են ու ադրբեջանցի:
- Գիտենք...
- Հոգնել եմ. այսօր առավոտից կանգնած եմ. այ այսքանն իմ տարածքն է, ես եմ սպասարկում,- ձեռքով ցույց է տալիս մեկ տասնյակ սեղանները:
- Իսկ վաղո՞ւց ես էստեղ աշխատում:
- Դեռ փորձաշրջանի մեջ եմ: Ուղղակի էս մեյդանն իմ տունն է: Իսկ առաջին տունս մի քիչ հեռվում գտնվող ծննդատունն է:
- Մենք էլ ենք կիրառում մեյդան բառը. ձեր բառը:
- Դուք ամեն բան էլ մեզնից եք վերցրել էլի:
Ես ու ընկերս նայում ենք իրար, ժպտում ու հանդարտվում:
- Առանց այն էլ հոգնած է,- ասում է ընկերս:
Ոչինչ չենք խոսում: Երկուսիս հայացքն ամեն ինչ ասում է Ռեյզիին:
- Էլի ինչ-որ բան կկամենա՞ք:
Մեկն անց է: Մենք պատրաստվում ենք հեռանալ:
- Իսկ Անին ի՞նչ եղավ. մայրաքաղաքը...
- Մեր պատմական տարածքում մնաց. հիմա սահման կա մեր եւ Անիի միջեւ:
- Ինչու՞,- շատ լավ իմանալով պատասխանը,- հարցնում է Ռեյզին:
- Լսե՞լ ես Ցեղասպանության մասին:
- Ի՞նչ է դա:
- Ցեղասպանությունը...
Մենք կրկին լռում ենք: Ուշադիր ու համարձակորեն նայում է մեր դեմքին: Մեկ մետր նույնիսկ չի բաժանում մեզ իրարից:
Մենք մի քանի բառ ենք ասում Ցեղասպանության մասին. երկուսս էլ սառել ենք:
- Բեննամուսներ են էլի էդ թուրքերը,- հումորով ակնարկում է Ռեյզին ու ծիծաղում:
Մենք այլեւս ոչինչ չենք խոսում: Եվ նույնիսկ տաքսին, որ հասցնում է մեզ տուն, քաղաքը, որտեղ հիմա ենք, աներեւույթ են թվում զգացածի համեմատ:
-Բեննամուս..., մենք էլ ենք կիրառում այդ բառը,- ադրբեջանցուն ասացի «բարի գիշերի» փոխարեն:
Մեկնաբանել