HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Չարերուն հետ չենք խաղար». Զահրատ

«Սովորական մարդ եմ: Կարծեմ թե խառնվածքիս մեջ կա բանաստեղծություն գրելը, եթե հակառակվեմ, ինչ-որ բան մեջս կըմբոստանա: Երիտասարդական տարիներին առավել խանդոտ էի, ավելի հավակնոտ, հիմա հանդարտ եմ եւ պատասխանատվությունս է մեծացել: Ամեն գրածս պիտի սովորական չլինի, գեղեցիկ լինի, բոլոր պարագաներում կարեւորում եմ արժեք լինելը»,- այսպես է 1997թ.-ին պատասխանել պոլսահայ բանաստեղծ Զահրատը լրագրողի հարցին, թե ով է ինքն իրեն համարում (լրագրող Ա. Ադամյան, տպագրվել է «Ազգ» օրաթերթում)։ Այդ տարի Ստամբուլից բանաստեղծին հրավիրել էին մեկ այլ գրողի՝ Չարենցի 100-ամյակի առթիվ կատարվելիք միջոցառումներին։

Այսօր՝ 2024թ.-ի մայիսի 10-ին, Զահրատի ծննդյան 100-ամյակն է։ Նա  60-ականների պոլսահայ գրականության վերելքը պայմանավորած բանաստեղծներից մեկն է։ Զահրատի բանաստեղծությունները պարզ, անմիջական զրույց են ընթերցողի հետ։ Դրանք մտերմացնում են կարդացողին թե՛ բանաստեղծի, թե՛ շքեղ արևմտահայերենի հետ։

***

Այսպէս ամէն առաւօտ

Այսպէս ամէն առաւօտ
Հրաժեշտ կʼառնեմ կը բաժնուիմ ես ինձմէ

Տանս դուռը երբ կը փակեմ ետեւէս
Գիտեմ թէ
Եսս ներսն է — եւ ամէն քայլ զիս կʼանջատէ իմ եսէս

Այսպէս ամէն առաւօտ
Հրաժեշտ կʼառնեմ կը բաժնուիմ ես ինձմէ —
Կը խառնուիմ ուրիշներով շինուած հսկայ ծովուն մէջ

Ու կը տեսնեմ — պատուհանին ետեւէն
Եսս կեցեր զիս կը դիտէ մտատանջ

Իսկ ես եմէն առաւօտ
Կʼերթամ ձուլուիլ ուրիշներով շինուած հսկայ ծովուն մէջ
Մինչդեռ եսս պատն երեսին նստեր կու լայ ետեւէս —

Հրաժեշտ կʼառնեմ կը բաժնուիմ ես ինձմէ —
Առաւօտուն — ես մանաւանդ առաւօտուն դժբախտ եմ

—--------------------------------------------------

Զահրատ, Բարի երկինք ժողովածուից, 1971թ. 

Պարախաղ

Պար կը խաղանք

Բառերու հետ բառ

Քաերու հետ քար կը խաղանք

Ու ծառերու հետ ծառէ ծառ կը խաղանք

Չարերուն հետ

Չենք խաղար

—---------------------------

Զարհատ, Մեկ քարով երկու գարուն ժողովածուից, 1997թ.

Զահրատը ծնվել է 1924թ.-ին Կոստանդնուպոլսում, իսկական անունն է Զարեհ Յալտըզճյան։ Հայրը՝ Մովսեսը, իրավաբան և թարգմանիչ էր արտաքին գործերի նախարարությունում: Հորը կորցրել է, երբ երեք տարեկան էր, մայրը երկրորդ անգամ է ամուսնացել։ Երեխային մեծացրել է պապը՝ Հաճի Լեվոնը (Լեվոն Վարդանյան): 1942 թվականին Զահրատն ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը։ Ուսումը շարունակել է Ստամբուլի պետական համալսարանի, այնուհետև՝ Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Աշխատել է պոլսահայ թերթերում, եղել է «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։ Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Մեծ քաղաքը» լույս է տեսել 1960թ.-ին՝ դառնալով մեծ իրադարձություն սփյուռքահայ պոեզիայում: Զահրատի բանաստեղծություններին բնորոշ է մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը։ Իր բանաստեղծություններում Զահրատն անդրադառնում է մեծ քաղաքի և փոքր մարդու՝ Կիկոյի թեմային: Զահրատը չի փիլիսոփայում, բայց ընթերցողին փիլիսոփայելուն է տրամադրում։

Ահմէտ Էֆէնտի փողոցը

Կիկօ կը վախնայ Ահմէտ Էֆէնտի փողոցէն անցնելու
Ահմէտ Էֆէնտի փողոցը մութ է
Մութին համբուրուող զոյգեր կան

Կիկօ կը վախնայ Ահմէտ Էֆէնտի փողոցէն անցնելու
Իր առանձնութիւնը միտքը կʼիյնայ

Տարբերութիւն

Կիկօ աչքերուն ակնոց է առեր
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ
Երկինքը կապոյտ — ծովերը կապոյտ
Սիրած աղջկան աչքերը կապոյտ
Ուր որ կը նայի կապոյտ կը տեսնէ

Ակնոցը քթին չորս դին կը նայի —
Կʼըսես ծովերը կապոյտ էին միշտ
Կʼըսես երկինքը կապոյտ էր արդէն
Չի հաւատար որ — նոր տեսայ կʼսէ
— Ակնոցը քթին չորս դին կը նայի

Կիկօ աչքերուն ակնոց է առեր
ՀԻՄԱ կապոյտը կապոյտ կը տեսնէ

Կիկօ մեռաւ

Բացօթեայ շատ պառկեցաւ
Թող քիչ մըն ալ հողին տակ քնանայ

Հանգիստ իր կոշիկներուն

—--------------------------

Զահրատ, Մեծ Քաղաք ժողովածուից, 1960թ.

Գլխավոր լուսանկարը՝ «Ակօս»-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter