HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դելիմիտացիա ու դեմարկացիա՝ առանց մանդատի ու կանոնակարգի. Կառավարությունը չի տալիս հստակ պատասխաններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը ՀՀ եւ ԱՀ միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահն է, չի կարողանում հստակ բացատրել, թե ինչու են Տավուշի մարզի հատվածում սահմանազատման (դելիմիտացիա) ու սահմանագծման (դեմարկացիա) աշխատանքներ կատարվում՝ առանց երկկողմանի հաստատված կանոնակարգի:

Հիշեցնենք, որ դելիմիտացիան հարեւան պետությունների սահմանագծի որոշումն է քարտեզի վրա, իսկ դեմարկացիան այդ սահմանագծի անցկացումն իրական պայմաններում՝ երկրի մակերեւույթին: 

2023 թ. դեկտեմբերի 14-ին, երբ Կառավարությունը հաստատում էր Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների նիստերի եւ աշխատանքային հանդիպումների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը, հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Գրիգորյանը հայտարարեց, որ այդ աշխատակարգը կարգավորում է կազմակերպչական հարցեր.

«Այսինքն՝ ինչպես ենք հարաբերվելու եւ ինչպես ենք կազմակերպելու հանդիպումները։ Հաջորդ փուլում պետք է մշակենք մի այլ կանոնակարգ, համատեղ քննարկենք, հետո իրավական ակտի տեսք տանք, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Այդ փաստաթղթով արդեն մեթոդաբանություն էլ պետք է նկարագրենք, սահմանումներ տանք ավելի կոնկրետ, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ, ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ։ Մեթոդաբանությունը համաձայնեցնելուց հետո արդեն աշխատանքները կշարունակենք կոնկրետ փաստաթղթերով եւ տոպոգրաֆիկ քարտեզների համատեղ քննարկման ձեւաչափով»։

Այսինքն՝ կողմերը դեռ պետք է համատեղ կանոնակարգ մշակեին եւ ընդունեին, որի հիման վրա էլ պետք է կատարվեր սահմանազատումը (դելիմիտացիա): Այդ կանոնակարգով պետք է հաստատվեին դելիմիտացիայի ու դեմարկացիայի հիմքում դրվող քարտեզներն ու այլ փաստաթղթերը: 

Սակայն արդեն այս տարվա մարտին պարզ դարձավ, որ Ադրբեջանը պահանջում է իրեն հանձնել Տավուշի ուղղությամբ հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող 4 նախկին գյուղ (Բաղանիս Այրում, Ներքին Ոսկեպար, Խեյրիմլի, Ղզլ Հաջիլի): Ադրբեջանի պահանջը, ինչպես ապացուցում են Տավուշի սահմանապահ գյուղերի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, եղել է վերջնագրային, այն է՝ եթե չտաք, կվերցնենք ուժով: Մարտի 18-ին ոսկեպարցիների հետ հանդիպմանը վարչապետը փորձել էր գործընթացը ներկայացնել դրական լույսի ներքո. «Տեսնում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթաց կարող ենք սկսել այս՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում»:

Այս ֆոնին փոխվարչապետ Գրիգորյանին հարցրել էինք, թե արդյոք ՀՀ-ն պատրաստվում է միակողմանի Ադրբեջանին հանձնել նշված 4 գյուղերը, թե դրանք հանձնվելու են Բաղանիս-Բերքաբեր հատվածում սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելու արդյունքում: Հետաքրքրվել էինք նաեւ, թե կան արդյոք ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված ժամկետներ այդ գյուղերը հանձնելու համար: Եվ երրորդը՝ նշել էինք, որ եթե սահմանազատում եւ սահմանագծում է տեղի ունենալու Բաղանիս-Բերքաբեր հատվածում, ապա փաստ է, որ Բերքաբեր գյուղի դիմաց՝ Ջողազի ջրամբարի մյուս ափին, ՀՀ-ն ունի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք. արդյոք արդեն քննարկվել կամ առաջիկայում՝ վարչապետի նշած սահմանազատում եւ սահմանագծում իրականացնելիս, քննարկվելու է այդ հատվածի վերադարձը ՀՀ-ին:

Մեր հարցերին Գրիգորյանի գրասենյակը տվել էր խուսափողական պատասխան: Գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը մարտի 27-ին «Հետքին» հայտնել էր, թե դեռ քննարկումներ են ընթանում: Հավելել էր, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների հանդիպումների արդյունքների վերաբերյալ հրապարակվում են պաշտոնական մամուլի հաղորդագրություններ, որոնց շրջանակներից դուրս, երկկողմ հաստատված աշխատակարգի համաձայն, կողմերը մեկնաբանություններ չեն տալիս:

Սրանից օրեր անց՝ ապրիլի 19-ին, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, ինչից պարզ դարձավ, որ Բաքվի ռեժիմի ճնշման տակ Փաշինյանի կառավարությունը հերթական զիջմանն է գնացել: Այն է՝ Բաղանիս-Բերքաբեր հատվածում ոչ թե Փաշինյանի հայտարարած սահմանազատումն ու սահմանագծումն է տեղի ունենում, այլ հայկական կողմը միակողմանի զիջում է՝ հետ քաշվելով նշված 4 գյուղերի ուղղությամբ դեռ 1990-ականներին իր զբաղեցրած բնագծերից: Ընդ որում՝ եթե հավատանք հայկական կողմի հրապարակած քարտեզին (տես ստորեւ), ապա հետքաշումն էլ հատվածական է, օրինակ՝ Ոսկեպար-Կիրանց միջանկյալ հատվածում մեր զորքերը դեռ չեն նահանջում, փոխարենը դա տեղի է ունենում Բաղանիսից մինչեւ Ոսկեպար, Կիրանցի անմիջական հարեւանությամբ եւ Բերքաբեր-Ղզլ Հաջիլի առաջնագծի մի մասում (իրականում Ղզլ Հաջիլի գյուղի նախկին բնակելի հատվածը երբեք էլ չի եղել հայկական ուժերի վերահսկողության տակ):

Իրավական մանդատ չունեցող «դելիմիտացիայի հանձնաժողովը» նաեւ դեմարկացիա է անում

Ապրիլի 19-ի հայտարարությունից հետո Հայաստանում առաջ եկած հանրային մեծ դժգոհությանը դիմագրավելու փորձ անելով՝ Արդարադատության նախարարությունն ապրիլի 29-ին, մասնավորապես, հայտարարեց, թե հայկական հանձնաժողովն ունի երկու երկրների պետական սահմանի սահմանազատման եւ ՀՀ սահմանային անվտանգության հարցերով նիստեր, հանդիպումներ անկացնելու ու այդ հանդիպումների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերելու մանդատ, որ ստացել է Կառավարությունից ու վարչապետից:

Իրականում սա մանիպուլյատիվ հայտարարություն է ԱՆ-ի կողմից, քանի որ Կառավարությունը 2023 թ. դեկտեմբերին ընդամենը հաստատել է հանձնաժողովների աշխատանքային հանդիպումների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգը: Դրանում որեւէ խոսք չկա մանդատի (լիազորության) ու դրա շրջանակների վերաբերյալ: Ապացույցը՝ այստեղ: Ինչ վերաբերում է վարչապետի 23.05.2022 թ. որոշմանը, ապա դրանով ընդամենը հաստատվել է ՀՀ եւ ԱՀ միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմը, բայց կրկին որեւէ խոսք չկա դրան տրվող լիազորությունների մասին:

ԱՆ-ի կողմից նման փաստարկ ներկայացնելը խիստ քննադատեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որը հայտարարեց. «Որեւէ ակտում գրված չէ՝ որն է այդ հանձնաժողովի կամ նրա անդամների իրավասությունը, ինչ որոշումներ է այն կայացնում, ինչ կոնկրետ հարցերով եւ այլն։ Չի կարելի առանց իրավական հիմքի ու առանց կոնկրետ կարգավիճակ ամրագրելու գործնականում ունենալ կոնկրետ գործ անող մարմին՝ զուտ միայն բավարարվելով նրանով, որ այդ մարմինն ունի անվանում ու իրավասություններն էլ բխեցնելով անվանումից։ Կառավարության տրամաբանությամբ ստացվում է՝ եթե ցանկանում ես մարդկանց դատել օրենքի խախտումների համար, ապա անհրաժեշտ է ստեղծել ինչ-որ մարմին, անվանակոչել «դատարան», եւ դա բավարար է, որ այդ մարմինը սկսի մարդկանց դատել, ու ամենեւին էլ չկա կարիք սահմանելու կոնկրետ լիազորություններ, խնդիրներ, որոշումների կայացման կարգ եւ այլն: Սա իրավունքի գերակայությանը սկզբունքորեն հակասող, Սահմանադրության հիմքերին հակադրվող տրամաբանություն է»:

Բայց նույնիսկ եթե առաջնորդվենք իրավական նման աբսուրդով, որը փորձում է հիմնավորել ԱՆ-ն, ապա պետք է շեշտել, որ հանձնաժողովի անվան մեջ չկա «սահմանագծում» (դեմարկացիա) բառը, ինչը, նույնիսկ ըստ ԱՆ-ի տրամաբանության, նշանակում է, որ այն չի կարող զբաղվել դեմարկացիայի հարցերով:

Ինչու՞ ենք սա շեշտում: Այն պատճառով, որ հիմա տեղի է ունենում գործընթաց հենց գետնի վրա, տեղանքում կատարվում են գեոդեզիական չափումներ, որոնց արդյունքում հստակեցվում են կոորդինատները (սրա համար Փաշինյանը հայկական հանձնաժողովին կից աշխատանքային խումբ է ստեղծել), տեղադրվում են սահմանային սյուներ, հայկական կողմը հետ է քաշվում, ադրբեջանցիներն առաջ են գալիս, սահմանապահ զորքեր են տեղակայվում երկու կողմից էլ: Եվ սա փաստացի դեմարկացիա է:  

Չկա կանոնակարգ, բայց կա գործընթաց

Տավուշի ուղղությամբ թե՛ դելիմիտացիան, թե՛ դեմարկացիան տեղի են ունենում այնպիսի պայմաններում, երբ չկա երկկողմ համաձայնեցված ու հաստատված կանոնակարգ, որի մասին անցյալ տարվա դեկտեմբերին Կառավարությունում խոսում էր Մհեր Գրիգորյանը: Բանալի արտահայտությունն է՝ «որովհետեւ Ադրբեջանն այդպես է պահանջում»:

Բայց Գրիգորյանի գրասենյակը չի ուզում խոստովանել այս իրողությունը:

Ապրիլի 19-ին հայտարարվել է, որ կանոնակարգի նախագիծը կողմերը պետք է համաձայնեցնեն մինչեւ 2024 թ. հուլիսի 1-ը եւ սկսեն դրա ներպետական համաձայնեցման ու հաստատման գործընթացը՝ իրենց օրենսդրություններով սահմանված կարգով ու պահանջների համաձայն:

Սա նշանակում է, որ առնվազն հուլիսի 1-ից առաջ չէր կարող տեղի ունենալ ո՛չ դելիմիտացիա, ո՛չ դեմարկացիա:

«Հետքի» հարցին, թե, եթե դեռ չկա այդ կանոնակարգը, ինչպես են կողմերն սկսել փաստացի սահմանազատում (դելիմիտացիա) անել Տավուշի ուղղությամբ, Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Է. Մկրտչյանը պատասխանել է. «Ներկայումս սահմանազատումն ու սահմանագծումն ընթանում է երկու պետությունների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների կողմից 2024 թ. ապրիլի 19-ին ստորագրված արձանագրության հիման վրա, որում ամրագրված են սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունքները: Միաժամանակ կողմերը քննարկում են կանոնակարգի նախագիծը, որում հաշվի կառնվեն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի արդյունքները»:

Իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, իր ցանկությամբ ու Փաշինյանի կառավարության վրա ճնշում գործադրելով, հընթացս փոխում է խաղի կանոնները եւ գործընթացը տանում այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Այդ մասին բացահայտ հայտարարում է նաեւ Ալիեւը: Իսկ Փաշինյանին ու նրա թիմին մնում է ընկնել ինչ-որ իրավական անհաջող փնտրտուքների մեջ՝ փորձելով հայ հասարակությանը համոզել, թե տեղի ունեցողը օրինական գործընթաց է:

Ի՞նչ քարտեզներ ու իրավական փաստաթղթեր են գործընթացի հիմքում

Դեկտեմբերին Մ. Գրիգորյանը հայտարարում էր. «Այդ փաստաթղթով (կանոնակարգով) արդեն մեթոդաբանություն էլ պետք է նկարագրենք, սահմանումներ տանք ավելի կոնկրետ, թե ինչ ենք հասկանում քարտեզ սահմանման տակ, ինչ ենք հասկանում իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ»։

Փոխվարչապետին հարցրել էինք, թե, եթե կանոնակարգը դեռ հաստատված չէ, ինչ քարտեզների ու փաստաթղթերի հիման վրա է իրականացվում սահմանազատումը, տեղադրվում են սահմանային սյուներ: Նկատենք, որ ապրիլի 29-ին ԱՆ-ն էլ հայտարարել էր, թե «սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների եւ փաստաթղթերի հիման վրա»: Մեկ այլ տեղում ԱՆ-ն նշել էր. «Սյուների տեղադրումը իրականացվում է կողմերի համաձայնեցրած քարտեզների հիման վրա՝ ՀՀ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կողմից»:

Եթե դեռ չկա կանոնակարգ, ի՞նչ համաձայնեցված քարտեզների մասին է խոսքը, կոնկրետ ո՞ր թվականին եւ ո՞ր կառույցն է դրանք կազմել:

Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Մկրտչյանն արձագանքել է. «[Ապրիլի 19-ի] հաղորդագրության համաձայն՝ Տավուշի մարզում իրականացվող գործընթացը կրում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակ, ինչի հիման վրա կարող ենք փաստել, որ գործընթացի հիմքում դրված են իրավաբանական նշանակություն ունեցող քարտեզներ եւ փաստաթղթեր, այսինքն՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ առկա այն փաստաթղթերը եւ քարտեզները, որոնք կազմված, տպագրված կամ հաստատված են ԽՍՀՄ իրավասու մարմինների կողմից»:

Այսինքն՝ ՀՀ իշխանությունները հերթական անգամ զերծ են մնում հստակեցումներից եւ դա հիմնավորում են հանձնաժողովների աշխատակարգի պահանջներով, այն է՝ «պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի եւ համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաեւ դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում եւ համարվում են անվավեր»։

Այստեղ արժե հիշել, թե ինչ էր հավաստիացնում Փաշինյանը 2023 թ. դեկտեմբերի 14-ին վերոնշյալ աշխատակարգը հաստատելիս (շեշտենք՝ սա ընդամենը կազմակերպչական հարցեր կարգավորող փաստաթուղթ է). «Գաղտնի փաստաթուղթ չենք հաստատում, լինելու է հրապարակային, որը շատ կարեւոր է, որպեսզի մեր հանրությունը, փորձագետները հնարավորություն ունենան ծանոթանալ, թե ինչ կառուցակարգերի շրջանակներում է տեղի ունենալու սահմանագծման, սահմանազատման աշխատանքը»։

Այդպիսի կառուցակարգի մաս են կազմում նաեւ այն քարտեզներն ու իրավական փաստաթղթերը, որոնց հիման վրա արդեն այսօր դելիմիտացիա ու դեմարկացիա է կատարվում, բայց այդ հիմքերը չեն հանրայնացվում Փաշինյանի թիմի կողմից: Գուցե նաեւ այն պատճառով, որ դրանք նույնիսկ չեն էլ հաստատվել նախատեսվող կանոնակարգի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter