HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ո՞րն է տեսչական մարմնի գործառույթը. 3 ամսվա ընթացքում ԱԱՏՄ-ն չի կարողացել դեղատներում ստուգումներ անել

«Չգրանցված դեղերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը վերահսկողական գործառույթ չունի, այն լիազոր մարմնի՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների շրջանակում է»,- այս պատասխանը մեզ տվել էր Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը, և նշել, որ դեղերի վաճառքի վերահսկումը, խախտումների հայտնաբերումը տեսչական մարմնի վերահսկողության շրջանակներում է։ 

Մինչդեռ «Հետքի» չգրանցված դեղերի հետաքննությունից մեկ ամսից ավել է անցել, բայց տեսչական մարմինը ոչինչ  չի ձեռնարկել, հրապարակման մեջ մատնանշված խախտումները վերացնելու ուղղությամբ։

«Հետքը» 2024 թվականի փետրվարի 26-ին, մինչեւ հոդվածի հրապարակումը, գրավոր հարցմամբ դիմել էր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, տրամադրել դեղատներից ձեռք բերված չգրանցված դեղերի անունները, դեղատների հասցեները, գնման հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնները։ Մարտի 11-ին տեսչական մարմինը գրավոր հարցմանը պատասխանել էր, որ ձեռնարկվել են համապատասխան գործողություններ, արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնեն։ Ապրիլի 6-ին՝ գրավոր հարցումից 40 օր անց,  հրապարակել ենք չգրանցված դեղերի վերաբերյալ հետաքննությունը, բայց այդ ընթացքում տեսչական մարմինը դեռևս չէր հայտնել, սկսված գործընթացը ավարտվել է, թե ոչ։ 

Ապրիլի 30-ին կրկին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին  գրավոր հարցում ենք ուղարկել՝ տեղեկանալու, թե վերահսկողական որևէ գործառույթ իրականացվե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ արդյունք է այն ունեցել։ Ինչին ի պատասխան տեսչական մարմինը մայիսի 6-ին հայտնել է, որ Պետական եկամուտներիի կոմիտեն երկու դեղատանն է միայն հսկիչ գնուներ կատարել և որոշակի խախտումներ է հայտնաբերել, մինչդեռ մենք տրամադրել էինք 6 դեղատան տվյալ։ 

Պատասխանում մասնավորապես նշված է, որ Տեսչական մարմնի կողմից մարտի 1-ին Պետական եկամուտների կոմիտե է հասցեագրվել գրություն՝ «ԳՐԻՆ ԼԵՅՆ» ՍՊ ընկերությանը պատկանող ք. Երեւան, Կենտրոն, Տիգրան Մեծի պողոտա 43 շենք, 10 հասցեում գործող դեղատնից փոխօգնության կարգով թուրքական արտադրության «Լանտուս» անվանմամբ դեղի հսկիչ գնում իրականացնելու նպատակով։ 

«Մայիսի 2-ին Պետական եկամուտների կոմիտեից ստացվել է գրություն, համաձայն որի՝ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն վարչության պետի 2024 թվականի մարտի 12-ի թիվ 4185703 եւ թիվ 4250469 հանձնարարագրերի համաձայն «ԳՐԻՆ ԼԵՅՆ» ՍՊԸ-ում իրականացվել են համապատասխանաբար ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում և հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման ուսումնասիրություն, որոնց արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: 

Միաժամանակ տեղեկացվել է, որ գրությամբ նշված թուրքական արտադրության «Լանտուս» անվանմամբ դեղ հսկիչ գնմամբ եւ ստուգմամբ չի հայտնաբերվել։ Ըստ ընկերության ղեկավար Ա.Օսիպյանի հայտարարության՝ «Լանտուս» անվամբ դեղ ընկերությունը չի ստացել եւ չի իրացրել»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է տեսչական մարմինը։

Ստացվում է, որ ՊԵԿ աշխատակիցը հարցրել է դեղատան ղեկավարությանը, արդյոք վաճառքում ունե՞ն չգրանցված դեղամիջոց, վերջինս էլ պատասխանել է, որ չունեն։

Սակայն մենք «Գրին Լեյն» դեղատնից ձեռք ենք բերել թուրքական «Լանտուս» դեղամիջոցը եւ դրա դիմաց ստացել մեկ այլ դեղամիջոցի՝ «Յանումետի» կտրոն։

Տեսչական մարմինը ՊԵԿ է դիմել նաեւ Նունե Եղիազարյան անհատ ձեռնարկատիրոջը պատկանող ք. Երեւան, Քանաքեռ-Զեյթուն, Կարապետ Ուլնեցու 59/5 շենքի թիվ 16 հասցեում գործող դեղատան վերաբերյալ։ «Հետքը» այդ դեղատնից թուրքական արտադրության

Դիպրոսպան» դեղամիջոցն էր գնել, որի դիմաց ստացել էինք մեկ այլ դեղամիջոցի՝ «Ֆլոստերոնի» կտրոն։

«Մայիսի 3-ին Պետական եկամուտների կոմիտեից տեսչական մարմինը ստացել է գրություն, համաձայն որի՝ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն վարչության պետի 2024 թվականի մարտի 12-ի թիվ  հանձնարարագրերի համաձայն Նունե Եղիազարյան ԱՁ-ի մոտ իրականացվել են ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների  կիրառման ճշտության ստուգում և հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման ուսումնասիրություն, որոնց արդյունքում արձանագրվել են ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և 381-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտումներ: Միաժամանակ հայտնել են, որ գրությամբ նշված թուրքական արտադրության ««Դիպրոսպան» դեղ հսկիչ գնմամբ և ստուգմամբ չի հայտնաբերվել։ Ըստ ընկերության տնօրեն Ն.Եղիազարյանի հայտարարության՝ «Դիպրոսպան» անվանմամբ դեղ ընկերությունը չունի եւ չի իրացրել»,- հայտնել է տեսչական մարմինը: 

Կառավարության gov.am կայքում նշված է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական և օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Այնինչ գործնականում տեսչական մարմինն այս գործառույթները չի իրականացնում։ Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակիցը հեռախոսազրույցում նշել էր, որ լրատվամիջոցները շտապում են, հրապարակումներն անում են արագ, խանգարում են և լիազոր մարմինները չեն հասցնում ստուգումներ իրականացնել։ Հավելել  էր նաեւ, որ տեսչական մարմինը ստուգիչ գնում անելու հնարավորություն չունի։ 

Չգրանցված դեղերի վերաբերյալ հարցումը «Հետքը» տեսչական մարմին ուղարկել էր 2024 թվականի փետրվարի 26-ին, հետաքննությունը հրապարակվել է 40 օր անց՝ ապրիլի 6-ին։ Միթե այս ժամանակահատվածը բավարար չէր լիազոր մարմիններին հսկիչ գնումներ անելու այս 6 դեղատնից։ «Հետքը» 6 դեղատնից գնումներ է արել երկու օրում՝ փետրվարի 22-ին և 23-ին։

Պետական եկամուտների կոմիտեն այս ընթացքում հասցրել է ընդամենը երկու դեղատանը ստուգումներ անել։

Տեսչական մարմինը գրավոր հարցման պատասխանում նշել է նաև, որ մեր կողմից տրամադրված նյութերի հիման վրա ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, իրականացվում աշխատանքներ, որոնց արդյունքների մասին կտեղեկացվեք ավարտից հետո։ 

«Հետքը» դիմել է ԱԱՏՄ իրենց գործառույթների, լիազորությունների վերաբերյալ հարցազրույց անցկացնելու համար։ Տեսչական մարմնից մեզ հայտնել են, որ ղեկավար Սլավիկ Սարգսյանը մերժել է հարցազրույցի առաջարկը՝  նշելով, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չի տեսնում, առաջարկում է 1-2 ամիս անց անել հարցազրույց։ 

Գլխավոր լուսանկարում՝ «Հետքի» ձեռք բերած չգրանցված դեղերը և դրանց կտրոնները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter