HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպառնալիքներ և հայհոյանքներ վրացի լրագրողի հասցեին․ Նինո Զուրիաշվիլին ահազանգում է՝ Վրաստանում վտանգված է խոսքի ազատությունը

Վրաստանում գործող և լրագրողական հետաքննություններ իրականացնող «Ստուդիո Մոնիտորի» հիմնադիր և խմբագիր Նինո Զուրիաշվիլին արդեն մեկ շաբաթ է՝ սպառնալիքներ և հայհոյանքներ է ստանում անհայտ անձնանց կողմից։ Լրագրողը համոզված է, որ պատճառը իր հրապարակային ելույթներ են, որոնցով դատապարտում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը` բնութագրվող որպես «ռուսական օրենք»։

Օրենքի նախագիծը, հիշեցնենք, երեկ Վրաստանի խորհրդարանն ընդունեց երրորդ ընթերցմամբ։

Նինո Զուրիաշվիլին մեզ հետ զրույցում պատմեց, որ ամեն ինչ սկսվել է մի քանի օր առաջ՝ հեռախոսային զանգից։ Անհայտ անձը զանգահարել է իրեն, սկսել է հայհոյել իրեն և «Ստուդիո մոնիտորի»-ի ողջ անձնակազմին։

«Ես հարցրի, թե ինչու ես հայհոյում ինձ, անհայտ անձը պատասխանեց՝ որովհետև դու Եվրոպական թափանցիկ  օրենքն անվանում ես «ռուսական օրենք»։ Դրանից հետո այդ անձը զանգահարում էր ինձ բազմիցս, բայց ես այլևս չէի պատասխանում»,- պատմում է Նինո Զուրիաշվիլին։

Այնուհետև՝ մայիսի 9-ին, «Ստուդիո մոնիտորի» խմբագրության շենքի մուտքում փակցված են եղել Նինոյի լուսանկարով պաստառներ՝ «գործակալ» մակագրությամբ, ինչպես նաև «գերծակալների համար Վրաստանում տեղ չկա», «ծախված գործակալ» գրություններով։ Այդ պաստառները լրագրողները վերացրել են։ Սակայն մայիսի 10-ին նույն պաստառները նույն մակագրություններով հայտնվել են Նինոյի բնակության վայրում՝ տան մուտքի մոտ։ Ավելին, այս անգամ անհայտ անձինք վնասել են նաև Նինոյի Toyota Prius մակնիշի ավտոմեքենան և գրություններ թողել «գործակալ» մակագրությամբ, ինչպես նաև գրել հայհոյախառն բառեր։

«Այս ամենը կապված է իմ հրապարակային ելույթների հետ։ Ես պարբերաբար քննադատել եմ «ռուսական օրենքը», որովհետև այն անմիջականորեն ազդում է մեզ վրա»,- ասում է Նինոն։

Նինո Զուրիաշվիլին դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ, և հետաքննություն է ընթանում։

«Ռուսական օրենքը ծաղրում և նվաստացնում է մեզ, իբր մենք աշխատում ենք արտաքին շահերի համար, սա նաև վիրավորական է մեզ համար։ Բացի դրանից, մեզ համար վտանգավոր է դառնում, քանի որ եթե ընդունում ենք, որ արտաքին շահերի գործակալ ենք, ապա ավելի մեծ վտանգի առաջ ենք հայտնվում։ «Վրացական երազանք»-ի հետ կապ ունեցող՝ բռնություն գործադրող խմբերը ճնշումներ են գործադրելու մեզ վրա,- վստահ է Նինոն։ -Մենք պետք է պաշտպանենք մեր խոսքի ազատությունը և մեր երկրի ազատությունը, այլընտրանք չկա։ Մենք չենք կարող Ռուսաստանի ճակատագիրն ունենալ»։

Նինոն համոզված է, որ չնայած օրենքը երեկ ընդունվեց խորհրդարանի կողմից, այդուհանդերձ, Վրաստանի նախագահը վետո է դնելու դրա վրա։

Օրենսդրական նախագծի համաձայն՝ հասարակական կազմակերպությունները և ԶԼՄ-ները, որոնց արտասահմանյան ֆինանսավորումը կազմում է տարեկան եկամտի ավելի քան 20 տոկոսը, պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա ուժի շահերն իրականացնող կազմակերպություններ»:

Նրանք պետք է լրացնեն տարեկան ֆինանսական հայտարարագիր, իսկ այն կառույցները, որոնք կփորձեն խուսափել դրանից, կվճարեն 25 հազար լարիի չափով (մոտ 9 500 ԱՄՆ դոլար) տուգանք:

Թբիլիսիի փողոցներում ցույցները և բողոքի ակցիաները շարունակվում են։

Լուսանկարը՝ Նինո Զուրիաշվիլու ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter