HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հարկերը պլանավորվածից քիչ են հավաքվում. 8% թերակատարում՝ առաջին եռամսյակում

2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի պետական բյուջե են մուտքագրվել մոտ 501 մլրդ դրամ հարկեր և տուրքեր։ Կառավարությունը, սակայն, պլանավորել էր առաջին եռամսյակում ավելի շատ հարկ հավաքագրել։

Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության հաշվետվություններից, հարկերի և տուրքերի առաջին եռամսյակի կատարողականը կազմել է 92%: Ավելի պարզ ասած՝ 8%-ով ավելի քիչ հարկ է հավաքագրվել, քան պլանավորել էր Կառավարությունը։ Այդ  8%-ը կազմում է մոտ 44 մլրդ դրամ։

Միևնույն ժամանակ, 2023 թվականի նույն եռամսյակի համեմատ այս տարվա առաջին եռամսյակում հավաքագրված հարկերն ու տուրքերն աճել են 8.5%-ով կամ շուրջ 39.3 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի գծով մուտքերի աճով:

Այդպիսով, թուլացել է նաև հարկերի աճի տեմպը։ Եթե 2022 թվականը փակվել է 21.4% տարեկան աճով, 2023-ը՝ 15.4%, ապա ներկայում այն շատ ավելի թույլ է, քան նախորդ երկու տարում։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը նկատում է, որ 2023 թվականին հարկերի հավաքագրման բավականին բարձր նշաձող է սահմանվել, այսօր նույնքան արագ չեն աճում հարկերը։

Նախորդ տարվա բարձր բազային մեծապես նպաստել են Հայաստանից վերաարտահանումները, առավել շատ՝ ավտոմեքենաների։ 

«Մեծ թվով ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ճապոնիայից, այլ երկրներից և արտահանվել Ռուսաստան։ Այդ ներմուծման ավելացված արժեքի հարկը մտնում էր պետական բյուջե։ Հիմա, երբ ավտոմեքենաների առևտուրը բավականին նվազել է, բյուջե մուտքագրվող հարկերի կտրուկ աճը դանդաղել է»,- ասում է տնտեսագետը։

Ըստ նրա՝ կատարողականի ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է  Կառավարության սխալ պլանավորման հետ։ Հաշվի է առնվել, որ նախորդ տարի հարկերի հավաքագրումների մասով բարձր ցուցանիշներ են գրանցվել, և այս տարվա համար ևս բարձր նշաձողեր են սահմանվել։

Հարկերի աճի դանդաղման մասին է վկայում նաև խոշոր հարկատուների ցանկը։ 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 387 մլրդ 109 մլն դրամ հարկ և տուրք, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 1.6%-ով։ Մինչդեռ, 1000 խոշոր հարկատուների 2023-ի հարկերի տարեկան աճը կազմել է 15%-ով։

Այսօր Հայաստանի տնտեսությունն արդեն այլ իրավիճակի է բախվել։ Ուշագրավ է, որ  հավաքագրվող հարկերի աճը՝ 8.5%-ը, շատ ավելի ցածր է երկրում գրանցվող տնտեսական ակտիվության աճից, որը հունվար-մարտին կազմել է 14.3%: Ի դեպ, այստեղ նույնիսկ 8.5%-ին կարելի է վերապահումներով վերաբերվել, քանի որ հիփոթեքային վարկերի վճարված տոկոսների գումարի վերադարձը, որը նախկինում նվազեցվում էր եկամտային հարկից, 2024-ից հաշվարկվում է բյուջեի ծախսերի մեջ, որի գծով հաշվետու առաջին եռամսյակում հատկացվել է 16.4 մլրդ դրամ: Այսինքն՝ եկամուտների փաստացի աճն ավելի քիչ է եղել։

Ըստ Հայկազ Ֆանյանի՝ տնտեսական ակտիվության 14.3% աճը Հայաստանի տնտեսության իրական վիճակը չի արտահայտում։ Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ արդյունաբերությունը, որն այսօր տնտեսական «աճին» նպաստող հիմնական ոլորտներից է, աճում է գլխավորապես ոսկերչության հաշվին։ 

2023-ի նոյեմբերից Հայաստանի ոսկերչության ոլորտում կտրուկ աճ է գրանցվում։ Հաշվի առնելով Հայաստանի փոքր տնտեսությունը, նույն ժամանակաշրջանում ոսկերչական իրերի ներմուծման ու արտահանման տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ այստեղ խոսքը զուտ վերաարտահանման մասին է, այլ ոչ թե տեղական ոսկերչության ծաղկման։

Բացի այդ, ինչպես ավելի վաղ գրել ենք, այս ոլորտի աճը ոչ թե համընդհանուր է, այլ ընդամենը մեկ ընկերության հաշվին։ 

«Հիմա առաջացել է ոսկու շարժը, բայց ոսկու առևտրից այնպիսի հարկային մուտքեր չեն ապահովվում բյուջեի համար, որոնք ժամանակին կային ավտոմեքենաների առևտրի արդյունքում։ Անհրաժեշտություն է առաջացել ոսկու մասով նոր հարկման մեխանիզմներ ներդնելու։ Դեռևս նախորդ էկոնոմիկայի նախարարի օրոք (Վահան Քերոբյանի,- հեղ.) շրջանառության մեջ էր դրվել մի նախագիծ, որով պետական տուրք էր նախատեսվում ոսկու, պլատինի համար, ինչպես ժամանակին պղնձի համար էր ներդրված։ Քանի որ հիմա ոսկու մեծ ծավալի արտահանում է իրականացվում, և դա տնտեսական աճի վրա էական ազդեցություն է թողնում, այս ոլորտը ավելի խիստ հարկելու անհրաժեշտություն կա»,- նշում է Հայկազ Ֆանյանը։

Սակայն, հայկական ոսկերչության ոլորտում գործում են նաև ավանդական ոսկերչական ընկերություններ, և եթե ընդհանուր դրույքաչափեր կիրառվեն նաև այդ արտադրողների նկատմամբ, վերջիններս էապես կտուժեն, քանի որ առանց այդ էլ մրցակցային բարդ վիճակում են։ «Հետևաբար, պետք է շատ հմտորեն ուսումնասիրել, ծանր ու թեթև անել մեխանիզմները, որոնք թույլ կտան պետական բյուջեի եկամուտները համալրել»,- կարծում է տնտեսագետը։

Ըստ նրա՝ չնայած այսօր Կառավարությունը հարկերի հավաքագրման խնդիր ունի, սակայն Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, մասնավորապես՝ շրջանառության հարկից հրաժարվելը, «չի փրկելու» իրավիճակը, քանի որ դրա արդյունքում բյուջեի էական մուտքեր չեն սպասվում։

«Այս փոփոխությունների մասին պլանավորվել է դեռևս չորս տարի առաջ։ Չեմ կարծում, թե այն ժամանակ կանխատեսում էին, որ 2024-ին հարկերի խնդիր կլինի, և նախատեսել են շրջանառության հարկից ազատվել»,- ասում է Հայկազ Ֆանյանը։

Այն, որ այսօր տնտեսական աճն ավելի բարձր է, քան հարկերի հավաքագրման աճը, առաջնային պատճառը ևս տնտեսության կառուցվածքն է. ոսկերչության հաշվին աճ գրանցող տնտեսությունը այս ոլորտից նույնքան արագ աճող հարկեր չի հավաքագրում։

Ըստ Հայկազ Ֆանյանի՝ տնտեսական ակտիվության և տնտեսական աճի վիճակագրությունը հաշվարկելիս հարկավոր է հաշվի առնել, թե այսօր ոսկերչության ոլորտը որքան ավելացված արժեք է ստեղծում երկրում։ Եթե խոսքը մեծապես վերաարտահանման մասին է, ապա այն որպես տեղական արտադրություն ներկայացնելը, նշանակում է վիճակագրության աղճատում։

«2023 թվականի չորրորդ եռամսյակում ոսկերչության ոլորտի համար ավելացված արժեք են հաշվել՝ հիմք ընդունելով 2022 թվականի ուսումնասիրությունները։ Սակայն, 2022 թվականին մեր ոսկերչության ոլորտը համադրելի չէ 2023-ի հետ։ Կարելի է ասել, նույնիսկ, այդ դեպքում տարբեր ոլորտների մասին ենք խոսում։ Ես պատկերացնում եմ, որ մեր ՀՆԱ-ի իրական աճը 5-7%-ի շրջակայքում պետք է լինի, ոչ թե՝ 13-14%-ի»,- ասում է տնտեսագետը։

2024-ի երկրորդ և երրորդ եռամսյակները հարկերի հավաքագրման համար բարդ ամիսներ կլինեն

Անցած տարվա երկրորդ և երրորդ եռամսյակներում ավտոմեքենաների մեծ ծավալի վերաարտահանման արդյունքում ԱԱՀ-ի էական մուտքեր եղան պետական բյուջե և հարկերի աճն ավելի ցայտուն էր։ Ենթադրվում է, որ այդ բազայի համեմատ՝ այս տարվա նույն եռամսյակներում հարկերի աճը շատ ավելի համեստ կլինի, հնարավոր է նաև նվազում գրանցվի։

Կատարողականի մասով, ըստ Հայկազ Ֆանյանի, Կառավարությունը խնդիրներ կունենա, եթե չորոշվի, որ հարկային եկամուտների գծով բյուջեն վերանայվում է, ճշգրտումներ են արվում և ցուցանիշը կրճատվում է։

Պետական բյուջեի հարկային եկամուտների կազմում այսօր գերակշռում են ԱԱՀ-ն, եկամտային հարկն ու շահութահարկը։

Այս տարվա առաջին եռամսյակում հարկերի անցումային գերավճարը կազմել է 9.1 միլիոն դրամ, որը էական ազդեցություն չի ունեցել հարկերի ծավալը վրա։

Հարկերի ցածր կատարողականը կարող է հանգեցնել պետական պարտքի աճին

Հարկերի ցածր կատարողականը բյուջեի համար իրական բեռ ու խնդիր է դառնում այն պարագայում, երբ ծախսերը կատարվում են ժամանակին, սակայն բյուջեն պլանավորվածի չափ չի լցվում։

Այդ դեպքում կմեծանա բյուջեի դեֆիցիտը և պետությունը ստիպված կլինի մեծացնել պետական պարտքը՝ ներքին ու արտաքին աղբյուրներից գումարներ ներգրավելով։ Դա ավելի երկարաժամկետ հեռանկարի մասին է։

Այս պահին, ըստ Հայկազ Ֆանյանի, առայժմ այդ վտանգը չկա, քանի որ բյուջեի ծախսերը ևս թերակատարվում են։ Սակայն, հարկերի ցածր կատարողականի շարունակական լինելու պարագայում, դեֆիցիտը մեծացնելու խնդիրը, ուշ թե շուտ, առաջանալու է։

Ծախսերն առաջին եռամսյակում թերակատարվել են 17.5%-ով

Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են մոտ 526 մլրդ դրամ, որը թեև նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 24.4%-ով, սակայն ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել է 17.5%-ով։ Սա նշանակում է, որ ոչ միայն բյուջեի եկամուտները պլանավորվածի չափ չեն հավաքվում, այլև ծախսերը չեն արվում։

Պլանավորվածից քիչ է ծախսվել ինչպես պետական աշխատավարձերի, ծառայությունների ու ապրանքների ձեռքբերման, պետական պարտքի տոկոսավճարների գծով, այնպես էլ՝ պետական ծախսերի մեջ առավել մեծ կշիռ ունեցող սոցիալական նպաստների և կենսաթոշակների գծով։

Բացի հարկային եկամուտներից, պետական բյուջե են մտնում նաև դրամաշնորհներ և այլ եկամուտներ։ Այս տարվա առաջին եռամսյակում, բացի 500.6 մլրդ դրամի հարկային եկամուտներից, ևս 0.5 մլրդ դրամ հավաքագրվել է պաշտոնական դրամաշնորհներից, 23.9 մլրդ դրամ էլ գոյացել է «այլ եկամուտներ» տողով։ Այսինքն՝ բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 525 միլիարդ դրամ, որի կատարողականը 93.2% է:

Արդյունքում, բյուջեի դեֆիցիտը կազմել է 0.9 մլրդ դրամ։ Մինչդեռ պլանավորված է եղել 74.4 մլրդ դրամ։ Քանի որ ծախսերը ևս թերակատարվել են և ավելի մեծ տեմպով, հետևաբար բյուջեի դեֆիցիտը պլանավորվածից ցածր է եղել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter