HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարչական դատարանի դատավորները վճիռները հրապարակում են գործերի քննությունն ավարտելուց հետո 10-15 ամսվա ընթացքում

2022թ. հունվարին Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանը ծանուցում է ուղարկել Լուսինեին՝ հայտնելով, որ գույքահարկի գծով մոտ 862 հազար դրամ պարտք ունի, որից միայն 275 հազար դրամը տույժն է: Լուսինեն խնդրել է վերահաշվարկ կատարել, սակայն համայնքապետարանը մերժել է, ինչից հետո նույն տարվա ապրիլին դիմել է Վարչական դատարան: Արդեն երկու տարի է, ինչ Լուսինեն դատական կարգով փորձում է հասնել վերահաշվարկի, իսկ առաջիկա նիստը նշանակված է 2025թ. հունվարի 22-ին:

Նախ՝ քաղաքացին անհարկի կորցրել է 6 ամիս, քանի որ Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձրել է՝ պատճառաբանելով, թե հայցը սխալներով է ներկայացվել: Վերաքննիչ դատարանը վերացրել է վարչական դատարանի որոշումը: Դրանից հետո գործը մակագրվել է վարչական դատարանի այլ դատավորի:

Գործը քննվում է Երևան քաղաքում: Դատավոր Արթուր Ծատուրյանը 2022թ. նոյեմբերին վարույթ է ընդունել հայցադիմումը և այս ընթացքում 5 դատական նիստ է նշանակել։ Նիստերից երկուսը հայցվորի դիմումի հիման վրա հետաձգվել են, իսկ առաջիկա նիստը 2025թ. հունվարին է նշանակված:

Պատկերացնենք, որ այդ նիստը կայանալու է, և վերջինն է լինելու, վճիռը կհրապարակվի 2025թ. փետրվարին: Եթե կողմերից մեկն էլ բողոքարկի Վերաքննիչ վարչական դատարան, ապա վեճը լուծող դատական ակտ Լուսինեն կունենա ոչ շուտ, քան 2026թ.–ին: Վերաքննիչ դատարանը մոտ 1.5-2 տարվա ընթացքում է որոշում կայացնում (օրինակ՝ թիվ ՎԴ/7302/05/23 գործով 21 ամիս հետո է նշանակել նիստը):

Լավագույն դեպքում, եթե նիստը մեկ տարի հետո է նշանակվում, որևէ երաշխիք չկա, որ այն կայանալու է և վերջինն է լինելու: Օրինակ, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն 2021թ. դեկտեմբերին ընդդեմ Ազգային ժողովի՝ տեղեկատվություն տրամադրելու պահանջով դիմել է Վարչական դատարան: Դատարանը վճիռը կայացրել է 6 ամսվա ընթացքում, սակայն Ազգային ժողովը, դժգոհ մնալով դատական ակտից, այն բողոքարկել է վերաքննիչ դատարան:

2022թ. սեպտեմբերին Վերաքննիչ վարչական դատարանը բողոքն ընդունել է վարույթ, և մինչ օրս որևէ նիստ չի կայացել, իսկ առաջիկա նիստը 2024թ․ սեպտեմբերին է նշանակվել:

Նախ՝ բողոքը վարույթ ընդունելուց հետո առաջին նիստը նշանակվել է 14 ամիս անց։ Սակայն 14 ամիս հետո նշանակված նիստը չի կայացել, որովհետև հենց այդ օրը դատական կազմի երեք դատավորները Արդարադատության ակադեմիայում սեմինարի են մասնակցել: Դրանից հետո երկու ամսվա ընթացքում նիստ չի նշանակվել, և դատավորներից մեկը 2024թ. հունվարին մահացել է: Մեկ ամիս հետո դատավորների կազմը համալրվել է, դրանից մեկ ամիս հետո գործը վարույթ է ընդունվել, նիստը նշանակվել է 4.5 ամիս անց՝ 2024թ. սեպտեմբերին: Եթե այդ նիստը կայանա, և որոշումը հրապարակվի, կողմերից ոչ մեկն էլ Վճռաբեկ դատարան չդիմի, կստացվի, որ  վեճը մոտ 3 տարվա ընթացքում  հնարավոր եղավ լուծել դատական կարգով: Սա տեղեկատվություն տրամադրելու պահանջով դատական վեճ է: Եթե նույնիսկ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցը բավարարվի, ապա այդ տեղեկատվությունն արդեն հնացած է և անպիտան: Հետեւաբար, դատական պաշտպանությունն արդյունավետ միջոց չէ:

Հարկ է նշել, որ Վերաքննիչ վարչական դատարանում դատական նիստերի ժամանակացույցը հասել է արդեն 2025թ. նոյեմբեր: Այսինքն՝ վարույթ ընդունված բողոքներով այդ ժամանակ են նիստի օր սահմանում:

Վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր  իրավունքները և ազատությունները, իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության և այլն: Այսինքն՝ վարչական դատարաններում կողմերից մեկը միշտ վարչական մարմինն է: Հետևաբար, այս դատարանի ծանրաբեռնվածության հիմնական պատճառը հաճախ ոչ իրավաչափ վարչական ակտերով քաղաքացիներին պատասխանատվության ենթարկելը կամ իրավունքները սահմանափակելն է: 

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) 2023թ. վարչական դատարանի երկու դատավորի անուն է հանել գործերի բաշխման ցանկից, երկու դատավորի համար էլ կիրառել է գործերի բաշխման 50% առանձին սահմանաչափ՝ մինչև նույն դատարանի մարզային նստավայրեր տեղափոխվելը: Վարչական դատարանի երեք դատավորի անուն էլ գործերի բաշխման ցանկից հանվել է 2024թ․-ին: Միայն Արթուր Ծատուրյանի անունն է ցանկից երկու անգամ հանվել: 

Գրավոր դիմել ենք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով հայտնել, թե դատավորների անունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելիս Վարչական դատարանի դատավորները քանի՞ վարչական գործ են ունեցել վարույթում, և որքա՞ն է եղել նրանց ծանրաբեռնվածությունը: Հարցմանը պատասխանել է Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը և հայտնել, որ «դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու վերաբերյալ դիմումները քննարկվել են Բարձրագույն դատական խորհրդի դռնփակ նիստերում», հետևաբար տեղեկատվությունը տրամադրման ենթակա չէ:

Դատական դեպարտամենտի ղեկավարը հայտնել է նաև, որ դատավորների ծանրաբեռնվածության ցուցանիշների, դատավորի անունը ժամանակավորապես գործերի բաշխման ցանկից հանելու վերաբերյալ դիմումների ժամանակագրական հաշվառում կամ այլ տեսակի վիճակագրություն չի վարվում: Մինչդեռ քրեական գործեր քննող դատավորների վերաբերյալ վիճակագրություն Դեպարտամենտը տրամադրել էր:

Փաստացի, ԲԴԽ-ն, հիմք ընդունելով դատավորների ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, նույն դատարանի նախագահի գրությունը, նրանց անունը ժամանակավորապես հանում է գործերի բաշխման ցանկից՝ առանց դիմումը հիմնավորող որեւէ տվյալի: Քանի որ ոչ վիճակագրություն ունեն, ոչ էլ որևէ ցուցիչ, կարող ենք ենթադրել, որ այդ որոշումները կամայական են:

«Հետքը» «Դատալեքս» տեղեկատվական պորտալում հրապարակված տեղեկատվության հիման վրա ուսումնասիրել է վարչական դատարանի չորս դատավորների վարույթում առկա գործերը, որոնք 2023-2024թթ. ժամանակավորապես հանվել են գործերի բաշխման ցանկից: Չենք ուսումնասիրել միայն Վարչական դատարանի դատավոր Արկադիկ Մկրտչյանի վարույթում գտնվող գործերը, քանի որ ԲԴԽ-ն որոշումը կայացրել է պատկան մարմիններից պարզաբանումներ ստանալու մեր հարցումներից հետո՝ 2024թ. ապրիլի 22-ին: 

Որպեսզի պարզ դառնա նրանց ծանրաբեռնվածությունը, ուսումնասիրել ենք գործերի բաշխման ցանկից անունը հանելու օրվան նախորդած երեք ամիսների տվյալները: 

Արթուր Ծատուրյան

ԲԴԽ-ի որոշմամբ՝ Արթուր Ծատուրյանի անունն այս տարի արդեն երկու անգամ՝ 2024թ. փետրվարի 22-ից մինչև մարտի 22-ը և մարտի 26-ից մինչև մայիսի 27-ը հանվել է գործերի բախշման ցանկից: Երկու որոշումների հիմքում էլ դրվել է «աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը»:

Տեսնենք, թե ինչ ծանրաբեռնվածություն է ունեցել դատավորը գործերի բաշխման ցանկից անունը հանելու որոշմանը նախորդած 3 ամիսների ընթացքում:

Մինչև 2024թ. փետրվարի 22-ը Արթուր Ծատուրյանի վարույթում եղել է 311 վարչական գործ: Երեք ամսվա ընթացքում այդ գործերով նշանակվել է 162 նիստ, որից կայացել է 152-ը: Միայն 5 գործով է մեկից ավելի նիստ նշանակվել: 10 գործով նիստերը չեն կայացել՝ վերաքննիչ բողոքի, դատավորների ընդհանուր ժողովին մասնակցելու կամ գործի վարույթը կարճելու պատճառով:

6 գործով առաջին դատական նիստը նշանակել է վարույթ ընդունելուց 10 ամիս անց, 3 գործով՝ 9 ամիս անց, մնացածը՝ 3-8 ամիս անց:

3 ամսվա ընթացքում 152 գործի քննությունն ավարտել է, որից 52-ով վճիռ է կայացրել, իսկ մնացածով՝ նշանակել վճռի հրապարակման ավելի ուշ ժամկետ: Կան գործեր, որոնցով վճռի հրապարակման օր է նշանակել, օրինակ՝ 10 ամիս հետո: Մասնավորապես, քաղաքացին դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի վարչական տույժ նշանակելու մասին որոշումը: Դատավոր Ծատուրյանը հայցադիմումը վարույթ է ընդունել 2023թ. դեկտեմբերին, գործը քննել է գրավոր ընթացակարգով։ Այսինքն՝ առանց դատական նիստ հրավիրելու, սակայն վճռի հրապարակման օր է նշանակել վարույթ ընդունելու որոշումից 10 ամիս հետո (ՎԴ/9093/05/23): 

Ստացվում է, որ ԲԴԽ-ն դատավորի համար ծանրաբեռնվածություն է համարել 259 գործը, որից 100-ը՝ վճռի հրապարակման փուլում: Ընդ որում՝ դատավորը վճիռները հրապարակում է 3-10 ամսվա ընթացքում: Միայն վճիռ գրելու համար 10 ամիս սահմանելը բավականին երկար ժամանակ է, ինչը խնդրահարույց է նաև ողջամիտ ժամկետում գործը քննելու ու ավարտելու առումով:

ԲԴԽ-ն Արթուր Ծատուրյանին երկրորդ անգամ գործերի բաշխման ցանկից հանել է նախորդ որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից 3 օր անց: Այդ օրերից երկուսը եղել են ոչ աշխատանքային, իսկ մարտի 25-ին Ա. Ծատուրյանին մակագրվել է 7 գործ:

Աննա Դիլբարյան

Դատավոր Աննա Դիլբարյանի անունը գործերի բաշխման ցանկից ժամանակավոր հանվել է ԲԴԽ-ի 2023թ. մայիսի 2-ի որոշմամբ՝ մայիսի 3-ից հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածով: Այս դեպքում ԲԴԽ-ի որոշման հիմքում «դատավոր Աննա Դիլբարյանի դիմումն է, Վարչական դատարանի նախագահի համաձայնությունը»:

ԲԴԽ-ի որոշմանը նախորդող 3 ամիսների ընթացքում դատավորի վարույթում եղել է 208 գործ: Այդ ժամանակահատվածում նշված գործերով Աննա Դիլբարյանը նշանակել է 177 դատական նիստ, որից միայն 37 գործով է մեկից ավելի նիստ նշանակել, իսկ 62 գործով ընդհանրապես նիստ չի հրավիրել:

208 գործից 80-ով կայացվել է վճիռ, որից 34-ով՝ առանց դատական նիստ հրավիրելու: 6 գործ կարճվել է, մեկ գործ ուղարկվել է քաղաքացիական դատարան:

Փաստորեն, ԲԴԽ-ն դատավորի անունը ցանկից հանել է վարույթում 127 գործ ունենալու պատճառով: 

Ռուզաննա Ազրոյան

Դատավորի անունը գործերի բաշխման ցանկից 2 ամսով (2024թ. հունվարի 19-ից մարտի 20-ը ներառյալ) հանվել է ԲԴԽ-ի 2024թ. հունվարի 17-ի որոշումով

Մեր ուսումնասիրությամբ պարզել ենք, որ Ռուզաննա Ազրոյանի անունը ցանկից հանելուն նախորդող 3 ամիսների ընթացքում դատավորի վարույթում եղել է 257 գործ:

Նշված գործերով նա 58 նիստ է նշանակել, որից 4-ը չի կայացել: Միայն 5 գործով է մեկից ավելի նիստ նշանակվել, 202 գործով ընդհանրապես նիստ չի հրավիրվել:

105 գործով վճիռ է կայացվել, որից 81-ը՝ առանց դատական նիստ հրավիրելու: 9 գործ կարճվել է: Դատավոր Ռ․ Ազրոյանը 123 գործով միայն վարույթ ընդունելու որոշում է կայացրել և վճռի հրապարակման օր նշանակել 3-5 ամիս հետո:

Արգիշտի Ղազարյան

Դատավոր Արգիշտի Ղազարյանի անունը գործերի բաշխման ցանկից հանվել է ԲԴԽ-ի 2023թ. ապրիլի 3-ի որոշումով՝ նույն տարվա ապրիլի 4-ից հունիսի 5-ը ներառյալ:

ԲԴԽ-ի որոշմանը նախորդած 3 ամիսների ընթացքում դատավոր Ղազարյանի վարույթում եղել է 243 գործ, որից 188-ով է նիստ հրավիրել, կայացել է 176-ը: Միայն 5 գործով է մեկից ավելի նիստ նշանակվել, իսկ 67 գործով նիստ չի հրավիրվել:

243 գործից 37-ով վճիռ է կայացվել: 8 գործով միայն վարույթ ընդունելու որոշում է կայացվել և վճռի հրապարակման օր նշանակվել:

32 գործով վարույթ ընդունելուց հետո առաջին դատական նիստը Արգիշտի Ղազարյանը նշանակել է 8-10 ամիս անց: Ընթացիկ նիստերը ևս տևական ընդմիջումներով է նշանակել: Մասնավորապես, քաղաքացու՝ կենսաթոշակի վերահաշվարկ կատարելուն պարտավորեցնելու պահանջով (ՎԴ/8119/05/19) հայցի քննությունը նշանակել  է 11 ամիս անց: 

Իսկ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով գործի քննությունը շարունակվում է արդեն 8 տարի՝ 2016թ.-ից: Այս գործով մինչ օրս  վճիռ չի կայացրել: Գործը 2019թ. հոկտեմբերից դատավոր Արգիշտի Ղազարյանի վարույթում է: Նիստերից մեկը հետաձգվել է 15 ամսով, և տեղեկություն չկա՝ այդ նիստը կայացե՞լ է, թե՝ ոչ (ՎԴ/4986/05/16):

Դատական կազմերը համալրելու նախագիծ է շրջանառվում

Վարչական դատարանների մամուլի պատասխանատու Աբրահամ Աբրահամյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Վարչական դատարանի դատավորին էլեկտրոնային եղանակով տարեկան մակագրվում է միջինը՝ 700-750 գործ: Վերաքննիչ վարչական դատարանի դատավորին նույն եղանակով տարեկան մակագրվում է միջինը 350 գործ:

Հարցին, թե ինչ պատճառով են հանվում դատավորների անունները գործերի բաշխման ցանկից, Ա. Աբրահամյանը  պարզաբանել է, թե դա արվում է դատարանի բնականոն գործունեությունը, ինչպես նաև գործերի արդյունավետությունը  ապահովելու նպատակով։

Հետաքրքրվել էինք նաև, թե ինչ պատճառով է Վերաքննիչ վարչական դատարանը բողոքը վարույթ ընդունելուց 12-14 ամիս հետո նիստ նշանակում: Դատարանների մամուլի խոսնակը հայտնել է, որ դատական նիստերն ուշացումով նշանակելու պատճառը դատավորների ծանրաբեռնվածությունն է: 

Նրա դիտարկմամբ՝ հարցը լուծելու նպատակով ձեռնարկվել են ինչպես օրենսդրական բարեփոխումներ, որոնք միտված են գործընթացներն առավել դյուրին կերպով կազմակերպելուն, այնպես էլ արդեն իսկ շրջանառվել է դատական կազմերն ավելացնելու կապակցությամբ նախագիծը, ինչը նույնպես կնպաստի ողջամիտ ժամկետում գործերի քննությանը:

Թեև գործերի քննությունը ձգձգելու հիմնական պատճառը դատավորների ծանրաբեռնվածությունն է համարվում, սակայն, ի տարբերություն այլ դատարանների դատավորների, վարչական դատարանի դատավորների անունը հազվադեպ է ցանկից հանվում: Ո՞րն էպատճառը, այս հարցին չեն պատասխանել։

Ինչ վերաբերում է վերապատրաստման կամ այլ միջոցառումների մասնակցելու պատճառով նիստերի չեղարկմանը, Աբրահամ Աբրահամյանը նշում է, որ հարցը բազմիցս քննարկվել է։ Ըստ նրա՝ ա համապատասխան քայլեր են ձեռնարկվում, որպեսզի  դատավորների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացները որևէ կերպ չխոչընդոտեն դատական գործընթացներին։ 

«Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցող դատավորները նման դեպքերում, վերաքննիչ հնարավորության սահմանում, նիստերը տեղափոխում են նախապես նշանակված նիստերից շուտ՝ դատական գործընթացները ավելի չձգձգելու նպատակով»,- նշում է մամուլի պատասխանատուն։

Կան վարչական ակտեր, որոնցով դատարաններն արդեն ձևավորել են հստակ պրակտիկա (օրինակ՝ Երևանի վճարովի կայանատեղիներին, ավտոմեքենայի ամրագոտին չկապելուն վերաբերող և այլ հարցերով), սակայն վարչական մարմինները, հաշվի չառնելով դատական ակտերում ամրագրված դիրքորոշումները, շարունակում են նմանատիպ վարչական ակտեր կայացնել, ինչը բողոքարկվում է և ծանրաբեռնում դատարանի աշխատանքը: Հետաքրքրվել էինք՝ երբևէ գրություններ ուղարկվե՞լ են, կամ՝ հարցերը քննարկվե՞լ են վարչական մարմինների ղեկավարների հետ՝ կոնկրետ խումբ գործերով դատարանի դիրքորոշումները փոխանցելու և նույնատիպ ակտերի վիճարկման հոսքը կանխելու նպատակով: 

Ա. Աբրահամյանը նշել է, որ այս հարցը փոխանցվել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության բաժնին՝ ուսումնասիրելու նպատակով։

Մեր եզրակացությունն այն է, որ ԲԴԽ-ն շարունակում է դատավորների անունը ցանկից հանել՝ առանց լուրջ փաստարկների, վերլուծության կամ վիճակագրական տվյալների։ Հաշվի են առնում միայն դատավորի դիմումն ու դատարանի նախագահի գրությունը։ Մինչդեռ, եթե վերլուծություն կատարվի, հնարավոր է պարզվի, որ դատավորների մի մասն արհեստական ծանրաբեռնվածություն է ստեղծում կամ գործերը չի քննում այնպես, որ խիստ ծանրաբեռնվածություն չառաջանա։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter