«Կրակե´ք դաշնակահարի վրա». Ազնավուր դերասանը մեծ էկրանին
«Հնարավոր է՝ ես վատ դերասան չեմ, բայց որպես երգիչ, իմ կարծիքով, ավելի լավն եմ»,- այսպես է հարցազրույցներից մեկում իրեն բնորոշում աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, որը կինոյում արժանացել է ամենաբարձր գնահատականների՝ Վենետիկի «Ոսկե առյուծ», ֆրանսիական կինոյի «Սեզար», Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակների։
Ազնավուրի դերասանական առաջին քայերը եղել են վաղ տարիքից. 9 տարեկանից նա խաղացել է փարիզյան թատրոններում, իսկ 12 տարեկանում ստացել է առաջին՝ էպիզոդիկ դերը կինոյում: Այդ տարիներին ոչ ոք չէր նախանշում ապագա շանսոնիեին մեծ բեմեր, բայց Ազնավուրը շարունակում է իրեն փորձել արվեստի տարբեր ասպարեզներում։ Նա թատրոնի, կինոյի, վարիետեի մշտական այցելուն էր։ Դրանք դարձել են իր համար համալսարան, որտեղից Ազնավուրը վերցրել է այն անհրաժեշտը, ինչը պետք էր գալու աշխարհահռչակ Ազնավուրին թե´ համերգային մեծ բեմերում, թե´ կինոյում:
Կինոյում աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են` Ժան Կոկտոն, Ֆրանսու Տրյուֆոն, Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը։ Նա խաղացել է վաթսունից ավելի ֆիլմերում։ Ազնավուրի մարմնավորած գլխավոր հերոսները «Կրակե’ք դաշնակահարի վրա» և «Հայր Գորիո» ֆիլմերում լավագույն օրինակներն են, որոնցում երևում են Ազնավուր դերասանի խորաթափանց և նրբակիրթ խաղով հանդիսատեսի վրա ազդելու կարողությունները։
«Դու զարմանալի դերասան ես։ Քեզ նկարահանման հրապարակում իմ առջև տեսնելն ինձ մեծ վստահություն էր տալիս։ Ուշադիր ու լայնախոհ, բծախնդիր ու ճկուն, ջղագրգիռ ու պոետիկ»,- այսպես է նկարագրել իր նամակում Ազնավուրին մեծանուն ռեժիսոր, ֆրանսիական «Նոր ալիքի» առանցքային կերպարներից մեկը՝ Ֆրանսուա Տրյուֆոն։
Ռեժիսորի և Ազնավուրի մտերմությունը սկսվել է 1960թ.-ին «Կրակե’ք դաշնակահարի վրա» ֆիլմից։ Գլխավոր հերոսին՝ հայազգի Էդուարդ Սարոյանին, մարմնավորել է Շառլ Ազնավուրը։ Դևիդ Գուդիսի «Ներքևում» վիպակի հիման վրա նկարահանված ֆիլմը պատմում է ժամանակին վիրտուոզ երաժիշտի մասին, որը ստիպված է նվագել գիշերային ակումբում։ Ավազակային անցյալ ունեցող եղբոր պատճառով դաշնակահարը հայտնվում է հանցագործների թիրախում, որոնք հետապնդում են իրեն:
—-----------
Ֆրանսահայ մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ մայիսի 21-ին՝ ժամը 19:00-ին, Սինե-ակումբը «Ազգային գրադարանի» Մեծ Դահլիճում ցուցադրելու է Ֆրանսուա Տրյուֆոյի՝ «Կրակե´ք դաշնակահարի վրա» ֆիլմը։
Մուտքն ազատ է։
Գլխավոր լուսանկարը՝ կադր «Կրակե’ք դաշնակահարի վրա» ֆիլմից
Մեկնաբանել