HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Հարկային բեռի ավելացումն անընդունելի է»․ փաստաբանները գործադուլ են անում

Փաստաբանական համայնքն այսօր՝ մայիսի 21-ին, գործադուլ է հայտարարել։ Նրանք հրաժարվել են ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։ Փաստաբանները պահանջում են Ազգային ժողովից «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծից հանել փաստաբաններին վերաբերող խնդրահարույց իրավակարգավորումները:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի 1-ից բացառել, ինչի հետևանքով փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար լրացուցիչ կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ): Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը 18 տոկոս է:

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն այդ առթիվ հրավիրված մամուլի ասուլիսում այսօր ասաց, որ ՀՀ փաստաբաններն այս պահին գտնվում են հետևյալ հարկման շրջանակներում․ եթե տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը, վճարում են 5 տոկոս շրջանառության հարկ, իսկ եթե շրջանառությունը գերազանցում է 115 մլն դրամը, անցնում են ԱԱՀ-ի դաշտ (ընդհանուր հարկման դաշտ), այսինքն՝ 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ։

Պալատի նախագահ Սիմոն Բաբայանը նշեց, որ 2019 թվականին ևս նմանատիպ նախագիծ դրվել էր շրջանառության մեջ, ապա՝ հանվել, այս տարի կրկին շրջանառվում է։

«Նախագիծը դրվել է առանց որևէ հիմնավորման, բացակայում է գեթ մեկ վիճակագրական տեղեկատվություն, թե ինչով է պայմանավորված այս նախագծի ընդունումը, դրա կիրառման նպատակահարմարությունը ևս հիմնավորված չէ»,- ասաց Բաբայանը։

Փաստաբանները տեղյակ չեն եղել, որ նման փոփոխություն է նախատեսվում։ Այդ մասին տեղեկացել են E-draft տեղեկատվական համակարգից և սկսել են իրենց կարծիքները ներկայացնել ինչպես ԱԺ-ին, Կառավարությանը, այնպես էլ այլ մարմինների, ընդհուպ՝ միջազգային կառույցներին։

Արդյունքում, ՄԻՊ-ը բացասական կարծիք է հայտնել այս նախագծին, Արդարադատության նախարարությունը ևս իր բացասական կարծիքն է հայտնել, քանի որ թիրախում են հայտնվել նաև նախարարության ենթակայության տակ գործող նոտարները։

«Ներկայացված կարծիքների արդյունքում ԱԺ-ում հրավիրվեց քննարկում պետաիրավական հանձնաժողովում, որտեղ ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ քննարկումները պետք է շարունակվեն, ներկաները կիսեցին մեր մտահոգությունները և բարձրաձայնեցին, որ նախագիծը խնդրահարույց է։ Ըստ պայմանավորվածության՝ մենք պետք է իրականացնենք լրացուցիչ քննարկումներ՝ հնարավոր լուծումներ գտնելու համար։ 

Սակայն, մեզ համար զարմանալի էր, որ նախագիծը շարժվեց առաջ, Կառավարությունը տվեց հավանություն, և այսօր առաջին ընթերցմամբ նախագիծը քննարկվում է ԱԺ-ում։ Սա մեզ համար մտահոգիչ է, և հարկային բեռի ավելացումն անընդունելի է»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը։

Սիմոն Բաբայանից զատ՝ մամուլի ասուլիսի բանախոսներ էին նաև փաստաբաններ Կարեն Մեժլումյանը և Արմինե Ֆանյանը։ Ըստ նրանց՝ պետությունն ունի պարտականություն՝ ապահովել իրավաբանական օգնության համապատասխան հարթակ, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել այդ ծառայությունից։

Փաստաբաններն ահազանգում են՝ նախագծի կիրառման հետևանքով իրավաբանական ծառայությունների և, մասնավորապես, փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը շեշտակիորեն ավելանալու է 38 և ավելի տոկոսով։ Եվ սրանով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացին, որպեսզի ստանա իրավաբանական օգնություն, ստիպված է լինելու վճարել ավելին։

«Այս նախագծի ընդունման հետևանքով փաստաբանները ստիպված են լինելու իրենց հարկային հաշվառումն իրականացնել բարդ ընթացակարգով, որը խնդրահարույց է։

Անվճար իրավաբանական օգնության տեսանկյունից նախագիծը խնդրահարույց է այնքանով, որ գրեթե անհնար կլինի անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելը, որովհետև այն փաստաբանը, որը անվճար ծառայություն է մատուցում, ստիպված է լինելու այդ հարկը վճարել։

Բեռն ընկնելու է ֆիզիկական անձանց վրա։ Ծառայության սպառողները հիմնականում քաղաքացիներն են, և եթե քաղաքացին ԱԱՀ վճարող չէ, նա պետք է ավտոմատ 20 տոկոս ավելի վճարի, իսկ եթե ծառայության սպառողը իրավաբանական անձ է, և նա վճարում է ԱԱՀ, իր համար ծառայությունը լինելու է առավել մատչելի, քան սովորական քաղաքացու համար»,- նշում է Սիմոն Բաբայանը։ Նա չի բացառում, որ փաստաբանները ծառայության ինքնարժեքն արհեստականորեն այլ գին նշեն՝ ստեղծելով ստվերային իրավիճակ։

Փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ ասում է՝ քաղաքացիների մի հատված կա, որոնք ներառված չեն այն անձանց ցանկում, որոնք իրավունք ունեն Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով անվճար իրավաբանական օգնություն ստանալ։

Մեժլումյանը մատնանշում է, որ բազմաթիվ գործեր ունի, որ ստրատեգիական նշանակություն ունեն և դրանցով անվճար ծառայություն է մատուցում։ Այսինքն՝ անձը դիմել է, վճարունակ չէ, փաստաբանն անվճար անում է ու տեսնում, որ այդ գործը սահմանադրականության, կոնվենցիոն իրավունքի տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում, և ստրատեգիական գործերի միջոցով փաստաբանները զարգացնում են իրավունքը։

«Մի մեծ ցանկ կա քաղաքացիների, որ նման գործեր ունեն ու վճարունակ չեն։ Այս օրենքի ընդունումից հետո իրենց պետք է տեղյակ պահեմ, որ այլևս չեմ կարող ձեր գործերով զբաղվել, որովհետև հարկայինից գալու են հաշվարկ կատարեն ու ասեն՝ դուք ձեր գրպանից այդ հարկերը վճարեք»,- ասաց Կարեն Մեժլումյանը։

Փաստաբանների համոզմամբ՝ փաստաբանությունն իրավապաշտպանական գործունեություն է, և փաստաբանն իր վստահորդի շահը պետք է ավելի վեր դասի, քան իր շահը։ Փաստաբանությանը չպետք է դիտարկել որպես բիզնես ծառայություն։

«Ցավոք սրտի, փաստաբանական ծառայությունները դիտարկում են բիզնեսի տեսանկյունից՝ հավասարեցնելով այս ծառայությունը վիճակախաղերով ծառայության, տոտալիզատորների ծառայության հետ»,- ասում է Սիման Բաբայանը։

Թեմայի վերաբերյալ «Հետքին» իր կարծիքը հայտնեց նաև փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ Սահմանադրությամբ է սահմանված արդար դատաքննության իրավունքը, ինչն առանց որակյալ փաստաբանական ծառայության լինել չի կարող։

Նրա խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում ստիպված են լինելու տվյալ ծառայության մատուցման հետ կապված ինչ ծախս ունեն՝ սկսած ա կետից բ կետ գնալ, սնվել, գրենական պիտույքներ ձեռք բերել, հաշվարկել, այլապես՝ ամբողջ գումարի 18 տոկոսի չափով շահութահարկ են վճարելու։ Փաստաբանի խոսքով՝ շատ ծախսեր էլ կան, որոնք չեն կարող արձանագրել։

Լեռնիկ Հովհաննիսյանը դեմ է նախագծի հեղինակերի այն մոտեցմանը, որով փաստաբանական ծառայությունը համեմատվում է հաշվապահների կամ աուդիտորների հետ։ Ըստ նրա՝ աուդիտորին և փաստաբանին կամ ցանկացած այլ մտավոր գործունեություն իրականացնողին սխալ է համեմատելը։

«Փաստաբանները, ցավոք սրտի, նույնականացվում են իրենց վստահորդների հետ։ Մեր աշխատանքը շատ ավելի ծանր է այդ առումով, որովհետև ստիպված ենք լինում ամեն օր, ամեն ժամի, առանց սահմանափակման մեր վստահորդների փոխարեն նաև պայքարել։ Գաղտնիք չէ, որ իրավապահ մարմինների կողմից տարբեր ճնշումներ են նաև լինում, այս տարի փետրվար ամսին տեղեկացանք նաև, որ փաստաբանի նկատմամբ ծեծ է տեղի ունեցել»,- ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։

Փաստաբանը կարծում է, որ նախագծի հեղինակները հիմնավորում չեն տալիս և խնդիր ունեն հնարավորինս շատ գումար բյուջե մուտք անել։ Նա նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ հավաքների ժամանակ, երբ ապօրինաբար անձանց խոշտանգում և առևանգում են, փաստաբանները ոչ միայն գնում են ոստիկանության բաժիններ, այլև հետագայում էլ, երբ դատարաններ հայց են ներկայացնում, հանձն են առնում անվճար ծառայություն մատուցելու, որովհետև ակնհայտ անարդարություն է։ Սակայն, օրենքի փոփոխության դեպքում անվճար օգնություն ցուցաբերել չեն կարողանա։ Այս հանգամանքով պայմանավորված՝ Լեռնիկ Հովհաննիսյանը կարծում է, որ նախագծի հեղինակների կողմից քաղաքացիներին անպաշտպան թողնելու խնդիր կա։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter