HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարությունը որոշել է ազատվել ԱՆԻՖ-ից՝ լուծարելով այն

Այսօր Կառավարությունը չզեկուցվող կարգով որոշել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է որպես ԱՆԻՖ, ANIF – Armenian National Interests Fund) 100 տոկոս բաժնեմասի կառավարման լիազորությունը հանձնել ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին:

Հիշեցնենք, որ ԱՆԻՖ-ի ստեղծման մասին Կառավարությունը որոշում էր կայացրել 2019-ի ապրիլին, իսկ ՓԲԸ-ն պետական գրանցում էր ստացել նույն տարվա մայիսին: 2019-2021 թթ. ընկերության բաժնետոմսերի կառավարումը հանձնված էր Էկոնոմիկայի նախարարությանը (նախկինում՝ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն), 2021-ին այդ լիազորությունը հանձնվեց վարչապետի աշխատակազմին, իսկ 2023-ի մայիսին հերթական փոփոխությունը եղավ, եւ ԱՆԻՖ-ը նորից անցավ Էկոնոմիկայի նախարարության վերահսկողության տակ:

Այսօրվա որոշման նախագիծը կազմել է Էկոնոմիկայի նախարարությունը: Հիմնավորման մեջ ասվում է, որ բաժնետոմսերի կառավարման փոխանցումը ԷՆ-ից Պետգույքի կառավարման կոմիտեին պայմանավորված է ՓԲԸ-ի հաշվետվության վերաբերյալ այս տարվա մարտի 14-ին կազմված արձանագրության պահանջներով, այն է՝ համապատասխան քայլեր ձեռնարկել ԱՆԻՖ-ի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ:

Նկատենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ու Պետական վերահսկողական ծառայությունը 2022-2023 թթ. ենթադրյալ չարաշահումներ էին հայտնաբերել ԱՆԻՖ-ում, որոնք առնչվում էին ֆոնդի ղեկավար կազմի գործունեությանը: Քննչական կոմիտեում ներկայում նախաքննություն է ընթանում քրեական վարույթով, որը նախաձեռնվել է երկու քրեական հոդվածների հատկանիշներով (1. առեւտրային կազմակերպությունում լիազորությունները չարաշահելու հետեւանքով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս հասցնելը, 2. առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):

2023-ին ԱՆԻՖ-ում խնդիրներ էր հայտնաբերել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), որոնք առնչվել են հաշվետվողականությանը, թափանցիկությանը եւ կորպորատիվ կառավարմանը: Դրանից հետո 2023-ի մայիսին Կառավարությունը որոշել էր փոխել ԱՆԻՖ-ի մանդատը, քանի որ նախկին մանդատը բավականին լայն էր (պետական ֆոնդը մինչ այդ ներդրումներ էր կատարում ամենատարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռեստորանային բիզնեսում, ինչը միանշանակ չէր ընդունվում հանրության կողմից), եւ սա հարցեր էր առաջացրել նաեւ ԱՄՀ-ի մոտ:

Կառավարությունը որոշել էր, որ ԱՆԻՖ-ն այդուհետ պետք է այնպիսի ներդրումներ կատարի, որոնց արդյունքում կարտադրվեն տնտեսապես բարդ ապրանքներ, ինչպես նաեւ ՀՀ արտադրության ապրանքներ կարտահանվեն այնպիսի շուկաներ, որոնց հետ կապը նախկինում թույլ է եղել: Փոխարենը գործադիրը ֆոնդին արգելել էր ներդրումներ կատարել հետեւյալ ոլորտներում՝ մանրածախ առեւտուր, հյուրանոցային ծառայություններ, հանրային սննդի կազմակերպում, շինարարություն, ժամանցի, շահումով խաղերի, ինտերնետով շահումով խաղերի կազմակերպում, հանքարդյունաբերություն, ֆինանսներ։

ԱՄՀ-ի հետազոտությունից հետո, ըստ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, իրենք քննարկումներ էին ունեցել ԱՆԻՖ-ի կառավարիչների հետ, քննարկել էին նաեւ ֆոնդի 2022 թ. տարեկան հաշվետվությունը, ու չնայած, ըստ նախկին նախարարի, արտաքին աուդիտը խնդիրներ չէր հայտնաբերել, իրենք գտել էին, որ այն ճշգրիտ չի արտացոլում ֆինանսական վիճակը ԱՆԻՖ-ում:

Ու պատահական չէ, որ Քերոբյանը 2023-ի նոյեմբերին չէր հաստատել ԱՆԻՖ-ի 2022 թ. հաշվապահական հաշվեկշիռն ու ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը՝ հիմնավորելով, որ «հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող համախմբված ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում ընկերության եւ վերջինիս դուստր ընկերությունների ֆինանսական վիճակը»: Միաժամանակ որոշվել էր փոփոխություններ կատարել ֆոնդի ղեկավար կազմում:

Հիմա էլ, փաստորեն, տեսնում ենք, որ Կառավարությունը որոշել է դիմել «վիրահատական» քայլի՝ պարզապես փակել ընկերությունը, որն ընդամենը 5 տարի առաջ ինքն էր հիմնել, ու որն այս ընթացքում հասցրել էր տարբեր կարիքների անվան տակ հսկայական ֆինանսական միջոցներ ծախսել պետբյուջեից:

Կառավարությունը բավական ժլատ է ԱՆԻՖ-ի շուրջ կատարվողի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելիս: Ըստ էության, փորձ է արվում սա հիմնավորել քրեական վարույթի առկայությամբ, բայց եթե գործադիրը նման քայլի է գնացել (փակել ընկերությունը), պետք է որ պատճառներ ունենա: Տպավորություն է, որ միջազգային գործընկերների հետ աշխատող ԱՆԻՖ-ն իր շուրջ ստեղծած բացասական մթնոլորտով ու քրեական պատմություններով գլխացավանք է դարձել Փաշինյանի կառավարության համար, եւ վերջինս որոշել է ուղղակի ազատվել դրանից:

Այսօրվա որոշման նախագծի հիմնավորման մեջ ԷՆ-ն նշել է, որ ներկայում ընթանում են ԱՆԻՖ-ի լուծարման գործընթացի իրականացման հետ կապված աշխատանքներ:

Հիշեցնենք, որ մինչ օրս ԱՆԻՖ-ի իրականացրած ամենամեծ ներդրումային ծրագիրը «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ «Ֆլայ Արնա») ստեղծումն էր արաբական «Air Arabia» ավիաընկերության հետ: 2021-ին հիմնադրված եւ 2022-ի հուլիսից թռիչքներ մեկնարկած «Ֆլայ Արնան», սակայն, թռիչքային գործունեությունը դադարեցրեց ընդամենը 1,5 տարի անց՝ 2024-ի հունվարին: Հայաստանի Հանրապետությունն ԱՆԻՖ-ի միջոցով այս ավիաընկերությունում ունի 49 % բաժնետոմս, ինչը հավասար է 4,3 մլրդ դրամի:

Լուսանկարում՝ ԱՆԻՖ-ի 2019-2023 թթ. տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետին պլանի կենտրոնում՝ ԱՆԻՖ-ի 2019-2024 թթ. գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը, 24.05.2022  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter