HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ի՞նձ, թե՞ քեզ. «Տիեզերք»-ի նոր ալբոմը

Բոլոր երգերը հարցեր են՝ աշխարհին, մեզ։ Հարցեր, որոնց պատասխանն ամեն մեկն ինքն է գտնում։ «Ի՞նձ, թե՞ քեզ» այսպես է կոչվում «Տիեզերք» բենդի նոր ալբոմը, որի շնորհանդես-համերգը տեղի ունեցավ մայիսի 22-ին՝ Աշտարակում, խմբի համար խորհրդանշական վայրում՝ «Հրաչի արվեստանոց»-ում։

«Ալբոմի 12 երգերից բոլորում կա հարց՝ ի՞նձ թե՞ քեզ։ Էս երգերը ես երգում եմ՝ ին՞ձ, թե՞ քեզ, դու լսում ես՝ ի՞նձ, թե՞ քեզ։ Էդ հայելու գաղափարն է, որտեղից քեզ հարցնում են՝ ո՞վ է նայողը»,- համերգից հետո զրույցում պատմեց «Տիեզերք»-ի Լուսինեն։

Ալբոմը խմբի անդամներ Լուսինեի և Էլիզայի համար երկրորդն է, այն ամփոփում է 2020 թվականից գրված երգերը, որոնք արտացոլում են մեր ժամանակները՝ համավարակը, պատերազմը, սերը, գեղեցկությունը, կիրքը և հույսը:

«Տիեզերք»-ը հիմնադրվել է 2015 թվականին երեք աղջկա կողմից։ 2019 թվականից խմբում երկուսն են՝ Էլիզա Բաղդիյանը (ակուստիկ և էլեկտրոկիթառներ, շրթհարմոն, վոկալ) և Լուսինե Մլքե-Գալստյանը (ֆլեյտա, շվի, դաշնամուր, ջութառ (հեղինակային գործիք), մանդոլին, ուկուլելե, վոկալ): Երաժշտական ուղին սկսել են կոմիտասյան և ազգային երգեր մշակելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ սովորում էին այդ ժամանակ: Հետո սկսել են գրել հեղինակային երգեր, ճանապարհները Հայաստանի սահմաններից դուրս են եկել, խումբը համերգներ է ունեցել աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում։

Լուսինեն կրթությունը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ֆլեյտայի բաժնում, այնուհետև անցել է աշխատանքի օպերային նվագախմբում։ Էլիզան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դիզայնի բաժինն է ավարտել, հետո սկսել է դասավանդել նույն բաժնում։ Այսօր նրանք որոշել են կենտրոնացնել իրենց ողջ ժամանակն ու էներգիան իրենց ամենասիրելի և կարևոր գործի շուրջ՝ «Տիեզերք» բենդի։ 

Ալբոմի շնորհանդես-համերգի վայրը խորհրդանշական էր։ Աշտարակում գտնվող «Հրաչի արվեստանոց»-ը, Լուսինեի հոր՝ քանդակագործ, նկարիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Հրաչյա Գալստյանի արվեստանոցն է։

«Ութսունականներին հայրս անմշակ, քարքարոտ տարածքում սարքել է արվեստանոց- տուն, մշակել է հող։ Էստեղ մութ ու ցուրտ տարիներին հայրիկի ընկերները մեքենա, վառելիք են ճարել ու հավաքվել են քար տաշել, ստեղծագործել։ Էստեղ մարդիկ գտել են էն ազատությունը, որը արվեստը կարող է տալ։ Էստեղ են մայրիկն ու հայրիկը ամուսնացել։ Արդեն ութ տարի է՝ հայրիկս ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց իր ներկայությունն ամենուրեք է։ Հայրիկս տոն-մարդ էր, իր շուրջ միշտ արվեստ էր ու քեֆ»,- պատմում է Լուսինեն։

Այսօր այդ վայրը հավաքատեղի է ծառայում՝ ստեղծագործող և արվեստասեր մարդկանց համար։ Այն եղել է նաև արվեստային ճամբար Արցախից տեղահանված երեխաների համար։ Խումբն առաջիկայում պատրաստվում է երաժիշտ ընկերների հետ մշակել հավաքագրված արցախյան երգերը՝ տարբեր ժանրերի համար։

«Մենք ուզում ենք այդպես խոսել աշխարհի հետ»,- ասում են «Տիեզերք»-ի Լուսինեն և Էլիզան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter