
Վահե Հակոբյանը «մրցում է» Գագիկ Ծառուկյանի հետ
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին) իր ֆինանսական կարողություններով ԱԺ-ում երկրորդն է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո:
Վահե Հակոբյանն ընդամենը 35 տարեկան է, սակայն հասցրել է լուրջ կարողություններ կուտակել: Ամեն դեպքում, այդ մասին են վկայում նրա վերջին տարիների գույքի և եկամուտների հայտարարագրերը:
2011թ. Վահե Հակոբյանը արժեթղթեր ու ներդրումներ չի ունեցել, սակայն հայտարարագրել է 875 միլիոն 951 հազար 213 դրամի եկամուտ, որից միայն 3 միլիոն 121 հազար 40 դրամն է ԱԺ-ից ստացած աշխատավարձը: ԱԺ պատգամավորն ունի նաև տասնյակ միլիոնների հասնող ստացված կամ հանձնված փոխառություններ:
Վահե Հակոբյանը 2011թ. վերջին ունեցել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ, մինչդեռ նույն տարվա սկզբին նրա դրամական միջոցը եղել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ: Այսինքն՝ պատգամավորը մեկ տարվա ընթացքում հասցրել է կուտակել 200 միլիոն դրամ: Փոխարենը 1 դրամի եկամուտ ու դրամական միջոց չունի Վահե Հակոբյանի կինը՝ Հասմիկ Հակոբյանը:
Նույն տարում Վահե Հակոբյանը ձեռք է բերել 3 թանկարժեք ավտոմեքենա՝ Porsche Panamera՝ 64 միլիոն դրամ, Porsche Cayenne՝ 46 միլիոն 500 հազար դրամ և Volkswagen Golf՝ 15 միլիոն դրամ արժողության:
ՀՀԿ-ական պատգամավորը շահաբաժիններ ունի «Արմենիա մոլիբդեն փրոդաքշն», «Նիաշ» և այլ ՍՊԸ-ներում:
Նշենք, որ Վահե Հակոբյանի 2009թ. եկամուտները կազմում էին 1 միլիարդ 664 միլիոն 283 հազար դրամ, իսկ 2010-ին՝ 906 միլիոն 46 հազար 255 դրամ: Բացի դրանից՝ պատգամավորը նույն տարում ձեռք էր բերել «Տոյոտա Camry» մակնիշի ավտոմեքենա:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել