HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՍԴ որոշում. ԲԴԽ-ն խախտել է դատավոր Դավիթ Հարությունյանի իրավունքները 

Սահմանադրական դատարանը (ՍԴ), քննելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի դիմումը, որոշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են, ենթակա է վերանայման: Դավիթ Հարությունյանի նկատմամբ օրենքը կիրառվել է այլ մեկնաբանմամբ, որով խախտվել են նրա իրավունքները: Այսինքն՝ ԲԴԽ ևս մեկ անգամ պետք է քննի Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Նշենք, որ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը 2023թ. ապրիլի 14-ին Արդարադատության նախարարի պարտականությունները կատարողին զեկուցագիր է ներկայացրել՝ զանգվածային լրատվության միջոցի հրապարակման առիթով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու 4 հիմքերի ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը դիտարկելու վերաբերյալ: Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: 

2023թ. մայիսի 24-ին նախարարի պարտականությունները կատարողի կողմից միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

ԲԴԽ-ում գործի քննության ժամանակ Արդարադատության նախարարը   միջնորդություն է ներկայացրել՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին: Որպես հիմնավորում նշված է  հետևյալ պատճառաբանությունը. «Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում է Դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը, որպես դատարան հանդես եկող Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը և իր կողմից կայացվող որոշումների օրինականությունը կասկածի տակ դնելուն: Այնինչ, Խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների և դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է Խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների և դատավորների անկախության երաշխավորմանը խոչընդոտող, դատական իշխանությունը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում: Նշվածի հաշվառմամբ գտնում ենք, որ Դատավորի՝ նշված խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում և դատական նիստի դռնփակ անցկացումը բխում է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունից»:

2023թ.հունիսի 19-ին հրավիրված դատական նիստին ԲԴԽ-ն որոշել է բավարարել ներկայացված միջնորդությունը և դատավորին կարգապահական պատասխանատվության հարցը քննել դռնփակ եղանակով: Նիստերը դռնփակ անցկացնելուն դեմ էր և՛ դատավոր Դավիթ Հարությունյանը, և՛ նրա ներկայացուցիչ փաստաբանները: Վերջիններս պարբերաբար բարձրաձայնում էին, որ ԲԴԽ-ն խախտումներով է քննում գործը:

ԲԴԽ-ն Դավիթ Հարությունյանի գործով շատ արագ էր նիստեր հրավիրում՝ ակնհայտ ցույց տալով, որ ցանկանում է օր առաջ «ազատվել» դատավորից: 2023թ. հունիսի 26-ին հրավիրված դատական նիստի ընթացքում ԲԴԽ-ն դատավորի նկատմամբ կիրառել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան՝ շարունակելով գործի քննությունն առանց Դ. Հարությունյանի և նրա ներկայացուցիչների մասնակցության: ԲԴԽ-ն թույլ չի տվել, որ դատավորի ներկայացուցիչները մասնակցեն նիստին:

Դավիթ Հարությունյանի փաստաբանը, գործի քննության ընթացքում տեսնելով, որ ԲԴԽ-ն շարունակաբար խախտում է դատավորի և նրա ներկայացուցիչների իրավունքները, դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Բարձրագույն դատական խորհրդում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքում թույլ տրվող խախտումների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով: ՄԻԵԴ-ն արագ էր արձագանքել, ինչը ԲԴԽ-ին անհանգստացրել էր և ցանկանում էր օր առաջ ավարտել քննությունը, որպեսզի ՄԻԵԴ-ը չհասցնի միջանկյալ միջոց կիրառել:

2023թ. հուլիսի 3-ին ԲԴԽ-ն որոշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն «էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»:

Դ. Հարությունյանը դիմել է ՄԻԵԴ և վերջինս գործը քննելու է առաջնահերթության կարգով: Հենց այդ նպատակով ՄԻԵԴ-ն անհապաղ Հարությունյանի գանգատի մասին տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը: 

Հարկ է նշել, որ դատավորների կարգապահական գործերի քննության ժամանակ ԲԴԽ-ն հանդես է գալիս որպես դատարան։

ԲԴԽ որոշումից հետո, Դավիթ Հարությունյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ հայտնելով, որ ԲԴԽ-ում իր գործի քննությունը դռնփակ քննելու, ինչպես նաև իրեն դահլիճից հեռացնելու հանգամանքներն ակնհայտ միջամտություն են Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքների, մասնավորապես՝ արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության, մասնավոր ընտանեկան կյանքի ու բարի համբավի, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ:

Դատավոր դիտարկմամբ՝ «դատական սանկցիայի կիրառման հետևանքով չի ապահովվել կողմի լսված լինելու իրավունքը, կողմը չի օգտվել նաև համապատասխան փուլում կարգապահական վարույթի, մեղադրանքի վերաբերյալ բացատրություններ տալու, ապացույցների հետազոտմանը մասնակցելու, եզրափակիչ ելույթով հանդես գալու իրավունքից, ինչի արդյունքում դադարեցվել են նրա լիազորությունները»:

Սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով քննելով դատավորի դիմումը, արձանագրել է, որ դատաքննության հրապարակայնությունն արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրատարր է, որը կոչված է ապահովելու 

  • անձի՝ իր նկատմամբ կամ իր մասնակցությամբ իրականացվող դատաքննության՝ բաց, թափանցիկ և հասարակական վերահսկողությանը հասանելի լինելու իրավունքի կենսագործումը, 
  • արդարադատության նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացումը, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը դատարան, 
  • դատարանների՝ հանրության առջև հաշվետվողականությունը, 
  • դատավարության մասնակիցների և հանրության՝ դատարանի և դատավորի անկախության ու անաչառության նկատմամբ վստահության ամրապնդումը:

Ըստ ՍԴ-ի՝ հրապարակայնության սկզբունքը կարող է սահմանափակվել միայն խիստ անհրաժեշտ և հատուկ հանգամանքների առկայության պարագայում: Դատական նիստի դռնփակ լինելը չպետք է քողարկող միջոց հանդիսանա «ստվերային արդարադատության» իրականացման համար։ 

Բացի այդ, ՍԴ-ն նշել է, որ դատավորի կողմից կատարված արտահայտությունները, որոնք հիմք էին հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, արդեն իսկ հանրայնացվել էին՝ տարածվելով ԶԼՄ-ներով, և հանրությանը հայտնի էին դարձել նախքան կարգապահական վարույթի հարուցումը։ 

Ինչ վերաբերում է դատարանի դահլիճից դատավորին հեռացնելուն և գործն առանց նրա ու ներկայացուցիչնների քննելուն, ՍԴ-ն արձանագրել է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան, հանդիսանալով անձի՝ դատավարական իրավունքների սահմանափակման ինտենսիվ միջոց, պետք է կիրառվի միայն առանձնահատուկ դեպքերում, երբ ավելի մեղմ դատական սանկցիայի գործադրմամբ անհնար է արդյունավետ կերպով հակազդել վարույթի մասնակցի ոչ իրավաչափ վարքագծին: Խնդրո առարկա նորմի հակառակ ընկալման պարագայում կխեղաթյուրվի դատական սանկցիայի դատավարական առաքելությունը։ 

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառումը չպետք է հանգեցնի կողմերի մրցակցության, ըստ այդմ՝ նաև շահերի ներկայացվածության սկզբունքների լիակատար արգելափակման։ Դատարանը պետք է գործադրի բոլոր հնարավոր և անհրաժեշտ ջանքերը՝ դահլիճից հեռացվող կողմի շահերի բավարար ներկայացվածությունն ու պաշտպանվածությունն ապահովելու համար, օրինակ՝ կողմի ներկայացուցչին հրավիրելով կամ անհրաժեշտության դեպքում, երբ առանց կողմի ներկայացվածության անհնար է շարունակել դատաքննությունը, դատական նիստը հետաձգելով, իսկ դրա անհնարինության կամ գործադրված միջոցառումների ապարդյուն լինելու դեպքում՝ նոր միայն շարունակի գործի քննությունը՝ շահագրգիռ կողմի բացակայությամբ: Վերոնշյալը հավասարապես վերաբերելի է նաև դատավորների կարգապահական վարույթներին, որոնք առանձնանում են ոչ միայն սուբյեկտային կազմի և գործունեության ոլորտի յուրահատկություններով, այլև հանրային շահի բարձր գործակցով։

Սահմանադրական դատարանը հատուկ ընդգծել է, որ «Խորհուրդը յուրաքանչյուր դեպքում պետք է կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի նկատմամբ ցուցաբերի վերջինիս բարձր կարգավիճակին համարժեք վերաբերմունք»:

Հաշվի առնելով, որ ԲԴԽ-ն օրենքները կիրառել է ՍԴ մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանությամբ, որով խախտվել է Դ. Հարությունյանի իրավունքները, ՍԴ-ն որոշել է՝ դատավորի կարգապահական գործով կայացված որոշումը, նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով, ենթակա է վերանայման:

Լուսանկարում՝ Դավիթ Հարությունյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter