HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Այս գործողություններն ունեն պատժողական նպատակ»․ քրեական հետապնդումներ՝ Արցախի քաղաքապետների նկատմամբ

Երեկվանից քրեական հետապնդումներ են սկսվել Արցախի համայնքների ղեկավարների նկատմամբ։ Մասնավերապես, տնային կալանք է կիրառվել Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ, ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, այժմ էլ խուզարկություն են իրականացնում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի բնակարանում։ Քաղաքապետները խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ են մեղադրվում։ 

Մարտակերտի համայնքապետի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, այն քննվելու է Աջափնյակ-1 նստավայրում, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ դատավորն է այն քննելու։

Քաղաքապետների պաշտպանությունը ստանձնել են «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության փաստաբանները։ Նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Հետքին» հայտնեց, որ այս ամենում տեսնում է քաղաքական ենթատեքստ, հետապնդում են երկու նպատակ՝ պատժողական և կանխարգելիչ։ «Այս գործողություններն ունեն պատժողական նպատակ Բագրատ Սրբազանի հետ առնչվելու համար, և տեսնում եմ նաև կանխարգելիչ նպատակ վաղվա՝ մայիսի 26-ի հանրահավաքին նրանց մասնակցությունը կանխելու կամ գուցե ինչ-որ մարդկանց վախեցնելու համար»,- ասաց նա։ 

Սակայն Մելիքյանը վստահ է, որ այս գործողությունները չեն խոչընդոտի Բագրաստ Սրբազանի առաջնորդությամբ տեղի ունենալիք հանրահավաքի կայացմանը։ «Անընդհատ ինձ զանգում են արցախցիներ և ոչ արցախցիներ, որոնք իրենց բարկությունն են հայտնում՝ ասելով, որ մտածում էին՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել, բայց այս դեպքերից հետո որոշել են, որ պետք է մասնակցեն»,- նշում է իրավապաշտպանը։

Վերջինիս գնահատմամբ՝ տեղի ունեցողը ցեղասպանության աջակցում է․ «ՀՀ-ն, որ հրաժարվել է Արցախից, ի՞նչ գործ ունի Արցախի համայնքի գույքի հետ։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Հունաստանի, ո՛չ որևէ արաբական երկրի իշխանությունների մտքով չի անցել հայկական համայնքների՝ մազապուրծ եղած համայնքապետներին հարցնեն, թե իրենք ինչպես են վարվել համայնքապատկան սեփականության հետ»,- ասում է Մելիքյանը։

Խոսելով բուն քրեական գործից՝ Ռուբեն Մելիքյանը պատմեց, որ համայնքապետները մեքենաներով են եկել, որոնք համայնքին են պատկանել, և համայնքապատկան այդ մեքենաները, որպեսզի կարողանան շահագործել տարբեր նպատակներով, ավագանու որոշում են կայացրել, և այդ որոշմամբ՝ որևէ ֆիզիկական անձի անունով են գրանցել։ «Սրա անունը դրել են խարդախություն, սակայն խարդախություն նշանակում է խաբեություն կամ վստահության չարաշահում։ Ու՞մ են խաբել, ու՞մ վստահությունն են չարաշահել, ու՞մ է պատկանում այդ գույքը, իրենք ի՞նչ են անում, ես չեմ հասկանում, ու՞մ են վերադարձնում այդ գույքը։ Վերցնում են այդ մեքենաները, որ Ադրբեջանի՞ն հանձնեն։ Գլխիս մեջ չի տեղավորվում»,- ասում է նա։

Լուսանկարը՝ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter