HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ

Խարդախությամբ, փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 4 ավտոմեքենաների հափշտակություն կատարելու համար 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնց թվում է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ԴՍ-ն, Ս Բ-ի օժանդակությամբ, ՍՂ-ի և Գ Պ-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, ինչպես նաև պատրաստել է իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր և Ս Ղ-ի ու Գ Պ-ի հետ խմբի կազմում օգտագործել դրանք։

Մասնավորապես, Դ Ս-ն, խաբեության եղանակով՝ կոնկրետ փաստերը ձևախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, 2024թ փետրվարի տարբեր օրերին կայացրել է գույքեր՝ 4 ավտոմեքենաներ օտարելու վերաբերյալ կեղծ որոշումներ և Ս.Ղ-ին ու Գ.Պ-ին տրամադրել դրանք օտարելու գործարքներ կատարելու վերաբերյալ կեղծ լիազորագրեր։ 

ՍԲ-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց,  ՍՂ-ին և ԳՊ-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։ 

ՍՂ-ն և ԳՊ-ն կեղծ տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են իրավասու պետական մարմնին, դրանց հիման վրա կատարվել են այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ և իրավունքի պետական գրանցումներ։

Արդյունքում Դ.Ս-ն, Ս.Ղ-ն և Գ.Պ-ն, Ս Բ-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքեր՝ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:

Ձեռք բերված տվյալների հիման վրա ԴՍ-ի, ՍՂ-ի և Գ Պ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ ՍԲ-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով,

Նշված 4 անձանց ձերբակալելու որոշում է կայացվել:

Նախաքննությունը շարունակվում է։ Քննություն է կատարվում՝ ինչպես նշված, այնպես էլ այլ գույքերի հնարավոր օտարման հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ձերբակալվել է Արցախի Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը, տնային կալանք էր կիրառվել Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ։

«Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «Հետքին» հայտնել էր, որ այս ամենում տեսնում է քաղաքական ենթատեքստ, հետապնդում են երկու նպատակ՝ պատժողական և կանխարգելիչ։

Կարդացե՛ք նաև՝

Լուսանկարում՝ Դավիթ Սարգսյանը, նկարը՝ ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter