Ապօրինի զենքի ձեռքբերման աղբյուրները մնում են չբացահայտված
«Քննությամբ չպարզված ժամանակահատվածում, հանգամանքներում և անձից ձեռք է բերվել ապօրինի զենք». այս նախադասությունն ապօրինի զենք կրելու, պահելու կամ փոխադրելու մեղադրանքներով նախաձեռնված քրեական վարույթների այցեքարտն է դարձել: Հայաստանում կատարված սպանությունների զգալի մասն իրականացվում է ապօրինի զենքով: Իրավապահ մարմինները չեն կարողանում կամ ջանք չեն գործադրում բացահայտելու ապօրինի շրջանառության մեջ հայտնված զենքի ձեռքբերման աղբյուրը: Պատասխանատվության ենթարկվում են այդ զենքը պահողն ու կրողը, իսկ թե նրան որտեղից այդ զենքը կամ ինչ հանգամանքներում, եղանակով է ձեռք բերել՝ հիմնականում մնում է չբացահայտված:
Զենքի ձեռքբերման աղբյուրների, եղանակների, անձանց շրջանակի մասով քրեական գործից մաս է առանձնացվում և առանձին քննություն է կատարվում: Սակայն, առանձնացված գործերի ճնշող մեծամասնությունով որևէ առաջընթաց չի արձանագրվում: Այդ գործերը տարիներով մնում են կասեցված, փոշոտվում քննիչների սենյակներում և այդպես էլ չեն հասնում դատարան՝ կատարող անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ:
Բազմաթիվ են դատական գործերը, որոնցով չեն պարզվել, թե ապօրինի հրազենը երբ և ումից է ձեռք բերվել: Օրինակ, 2018թ. իշխանափոխությունից ամիսներ անց՝ օգոստոսին, Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ խուզարկություն է կատարվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում: Նախկին վարչապետի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու նրա գործընկերը ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն և ռազմամթերք: Զենքերը քսայուղել, փաթեթավորել և թաքցնել էին Մխչյանի մեխանիկա-վերանորոգման գործարանում` գետնի տակ:
Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Հենրիկ Աբրահամյանն ու գործընկերը «նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից» ապօրինի կերպով ձեռք են բերել հրազեն ու ռազմամթերք: Մասնավորապես՝ հայտնաբերվել էր գործարանային արտադրության' 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված՝ մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող, ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին գործարանի տարածքում կատարված խուզարկությամբ:
Այդ ժամանակ Հենրիկ Աբրահամյանն ու նրա գործընկեր Ամբիկ Գևորգյանը կալանավորվեցին: 2022թ. Մարտին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Հ. Աբրահամյանին ու Ա. Գևորգյանին՝ դատապարտելով յուրաքանչյուրին 2-ական տարի ազատազրկման: Դատավճռով հաստատվել է, որ նրանք ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել զենք, ռազմամթերք: Սակայն, նրանց նկատմամբ կիրառվել է համաներում և ազատվել են պատժի կրումից:
Այդ օրերին աղմուկ բարձրացված այս գործից այդպես էլ հանրությունը չիմացավ, թե ապօրինի զենքն ումից էր ձեռք բերվել, երբ էր ձեռք բերվել ու ինչ հանգամանքներում:
Մեզ հայտնի է դարձել, որ տարիներ առաջ Արարատի մարզում գազալցակայաններից մեկի մոտ միջադեպի ժամանակ օգտագործվել է հայտնաբերված հրաձիգներից մեկը: Մեկ անձ վիրավորվել էր: Սակայն քննության ընթացքում զենքը նույնականացնելուց հետո, այդ մասով գործը «փակվել» է:
Մեկ այլ դեպքում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2022թ․-ից քննվում է մի քրեական գործ, որով մի խումբ անձինք մեղադրվում են ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, կրելու և պահելու համար: Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն՝ հայտնաբերվել է մեծաթիվ զենք, զինամթերք: Հայտնի չէ, թե որտեղից, ինչ եղանակով է ձեռք բերվել այդ զինանոցը: Մյուս գործերի նման, մաս է անջատվել, որպեսզի առանձին քննություն կատարվի, սակայն, ինչպես մնացած դեպքերում՝ մնալու է չբացահայտված:
Իրավապահ մարմինները պարբերաբար հայտարարում են ապօրինի զենքի դեմ պայքարի մասին, սակայն ձեռքբերման աղբյուրների մասով արդյունավետ քննություն չիրականացնելը ստվերում է գործընթացը, և պարարտ հող ստեղծում զենքի վաճառքի կամ դրա անվան տակ խարդախություն իրականացնողների համար:
Ապօրինի զենքի վաճառքը տեղափոխվում է նաև սոցիալական ցանցեր: Հայտնի չէ՝ որևէ մեկին հաջողվել է զենք գնել օնլայն հարթակներից, թե ոչ, սակայն նման հայտարարություններ արդեն կան: Մեր ուսումնասիրության արդյունքում տելեգրամյան ալիքներից մեկում զենքի վաճառքի հայտարարություններ գտանք, որտեղ նշվում էր, որ ապօրինի, չգրանցված զենք են վաճառում։ Անանուն, կրիպտոարժույթով կատարվող գործարքները վստահելի և անվտանգ չեն, բայց այնուամենայնիվ փորձեցինք գնել այդ զենքերից մեկը, որպեսզի ցույց տանք, թե օնլայն հարթակներով ինչպես են շրջանառում զենքը: Վաճառքի պայմանն այսպիսինն էր․ նախ գնորդը կրիպտոարժույթով վճարում է զենքի արժեքի մի մասը և անանուն վաճառողը փոխանցում է զենքի մի հատված, որից հետո մաս-մաս վճարվում է նաև գումարի մնացած մասն ու համապատասխանաբար դրա դիմաց ստանում զենքի մնացած մասերը:
Վաճառողի հետ գրագրությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վճարեցինք միայն գումարի մի մասը: Զենքը պետք է դրվեր քաղաքի մի հատվածում, և այդ մասին հայտնեին գնորդին: Բայց այդպես էլ չստացանք զենքի մի մասը։ Գումարի փոխանցումից հետո անմիջապես ջնջվեց նամակագրությունը, իսկ հետագա մեր նամակները մնացին անպատասխան:
Այդ մարդկանց, որոնք նման խաբեություններով են զբաղված հեշտ չէ գտնել, քանի որ փոխանցված գումարը հետագծելի չէ: Գումարը փոխանցել ենք կրիպտոարժույթով, որով կատարվող գործարքները անանուն են։ Տելեգրամյան ալիքների հետևում կանգնած մարդկանց ևս գրեթե հնարավոր չէ պարզել կամ շատ մեծ դժվարությամբ:
Ապօրինի զենքի շրջանառություն
«Հետքն» ուսումնասիրել է 2019-2023թթ. 9 ամսվա տվյալները և պարզել, որ գրեթե ամեն տարի ավելանում է առգրավված, հայտնաբերված, ինչպես նաև կամավոր հանձնված ապօրինի զենքի քանակը: Միայն 2023թ. առաջին ինն ամսվա ընթացքում առգրավվել է 97 հրազեն, իսկ նախորդ չորս տարվա ընթացքում առգրավվել է 133 հրազեն։
Հայտնաբերված ապօրինի զենքի դեպքերը նույնպես աճել են: 2019թ.-ին հայտնաբերվել է 102 միավոր զենք, այս թիվն ամեն տարի աճում է։
Ստիպված ենք եղել ուսումնասիրության 2023թ. տվյալները ներկայացնել 9, որոշ դեպքերում՝ 11 ամսվա կտրվածքով, քանի որ Ներքին գործերի նախարարությունը որոշել է 2023թ. վերջին 3 ամսվա ամբողջական տվյալները չտրամադրել՝ պատճառաբանելով, թե նման տեղեկատվություն չունեն: Սա այն դեպքում, երբ նույն նախարարությունն արդեն տրամադրել է տեղեկատվություն 2019-2022թթ., ինչպես նաև 2023-ի 9, որոշ հարցերի վերաբերյալ՝ 11 ամսվա տվյալներ։ Երկու անգամ գրավոր դիմել ենք նախարար Վահե Ղազարյանին՝ խնդրելով տրամադրել 2023թ. ամբողջական տվյալները, սակայն ստացել ենք նույնաբովանդակ մերժում՝ տեղեկատվություն չունենալու պատճառաբանությամբ: Սա ոչ այլ ինչ է, քան կամայական մոտեցում և տեղեկատվության տրամադրումից հրաժարում:
Հրազենի ապօրինի շրջանառությունն ունի մի շարք դրսևորումներ։ Ապօրինի շրջանառությունը ներառում է առանց համապատասխան թույլտվությունների կրելը, տեղափոխելը, պահելը, փոխադրելը, իրացնելը՝ տարատեսակ դրսևորումներով: Սակայն, ապօրինի զենքի բացահայտումը հիմնականում լինում է պահելու և կրելու դեպքերով, երբ անձինք ապօրինի՝ առանց ոստիկանության համապատասխան թույլտվության պահում կամ կրում են հրազեն կամ ռազմամթերք։ Մնացած դեպքերում հայտնաբերման ցուցանիշը ցածր է:
Տվյալները ցույց են տալիս, որ հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության և դրանցով կատարված հանցագործությունների դեպքերը հիմնականում աճում են։ Օրինակ՝ հրազենով կատարված հանցագործությունները 2021թ.-ին 31%-ով պակասել են նախորդ տարվա համեմատ, բայց 2021-ից սկսած այն աճում է։ Տարեկան միջինում հրազենով կատարված սպանության 12 դեպք է գրանցվում:
Ի՞նչ հրազենով են կատարվում սպանությունները
Պարզվում է՝ իրավապահ մարմինները չունեն նաև տվյալներ, թե հիմնականում զենքի ինչ տեսակով են կատարվում սպանությունները: Ուսումնասիրել ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգում 2023թ․ մուտք եղած գործերը և պարզել, որ սպանությունները հիմնականում կատարվել են ատրճանակներով, բայց օգատագործվել են նաև այլ տիպի զենքեր, օրինակ՝ «Սայգա» ողորկափող հրազեն, «Վինչեստեր», AK-74 մարտական ինքնաձիգ, «РПК-74» և այլ մարտական զենքեր։ Դատական գործերում հիմնականում նշվում է, որ հրազենն ապօրինի է և անհայտ ծագման։
Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն՝ 2019-2023թթ․ ընթացքում հրազենի գործադրմամբ 375 հանացագործություն է կատարվել։ Այդ հանցագործությունների մեջ օտարերկրացիների մասնակցությունը չնչին է՝ տարեկան 1-2 դեպք: Սակայն 2019թ.-ին 9 օտարերկրացի է զենքի գործադրմամբ հանցագործություն կատարել:
Վերջին հինգ տարվա համեմատ՝ հրազենի գործադրմամբ հանցագործությունները ամենաշատը եղել են 2023թ.-ին՝ 94, իսկ հրազենի գործադրմամբ սպանությունների թիվը՝ 12։ 2019-2023թթ․ հրազենի գործադրմամբ կատարվել է 62 սպանություն։
Առգրավված, հայտնաբերված և հանձնված պայթուցիկ նյութերի թիվը ևս աճել է։ Ասպիսով, տարբեր տրամաչափի փամփուշտների թիվը հիմնականում աճում է։ 2023-ի ինն ամսվա ընթացքում գրանցվել է ամենամեծ թիվը՝ նախորդ չորս տարվա համեմատ։ Համեմատության համար նշենք, որ եթե 2019թ. ապօրինի շրջանառությունից հանվել է 59 հազ. 674 փամփուշտ, ապա 2023-ին՝ 119 հազ. 640: Աճը սկսվել է 2020թ․-ից՝ 99 հազ. 338 փամփուշտ:
Ոստիկանությունից փոխանցել են նաև ինքնաշեն, տարբեր տեսակի նռնակների և նռնակի պայթուցիչների վերաբերյալ տեղեկություններ: Միայն 2023թ. 9 ամսվա տվյալներով հայտնաբերվել, առգրավվել կամ կամավոր հանձնվել է 539 հատ տարբեր տեսակի նռնակ, 150 հատ արկ և ական: Համեմատության համար նշենք, որ 2019թ.-ին հայտնաբերվել, առգրավվել կամ հանձնվել էր 361 հատ նռնակ, 30 հատ արկ և ական: Այսպիսի աճողական պատկեր է նաև այլ ռազմամթերքի պարագայում։
Հրազենի մաքսանենգության դեպքերի քանակը տարվա կտրվածքով չի գերազանցում 10-ը, միայն 2021-ին՝ 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության թիվը կտրուկ աճել է։ 2021-ին մաքսանենգության թիվը 43 է, որից 9-ը կատարել են օտարերկրացիները։
Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ևս հաստատեց, որ շատ հաճախ ապօրինի զենքի ձեռքբերման եղանակները, անձանց շրջանակը չի բացահայտվում: Դրա համար, ըստ զրուցակցի, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Սակայն, նշում է նաև, որ հրազենի և ռազմամթերքի բացահատման և կամովին հանձնման դեպքերն աճում են, ինչը վկայում է իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի մասին։
«Այս հանգամանքը, բնականաբար, գոհացնող չի կարող լինել, քանի որ վերջնական նպատակը այն է, որ քաղաքացիական շրջանառության մեջ ապօրինի կրվող կամ պահվող հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր չլինեն, բայց դրանք, ցավոք, ուտոպիստական պատկերացումներ են: Հնարավոր է նվազեցնել, բայց իսպառ վերացնել, ցավոք, առկա ռեսուրսներով հնարավոր չէ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ապօրինի շրջանառության աճը պայմանավորված է 2020 թվականի 44-օրյա պատերազմով: Արցախյան պատերազմին մասնակցած և ինչ-ինչ պատճառով Արցախ այցելած անձինք պատերազմի ընթացքում կամ դրան հաջորդած ժամանակահատվածում իրենց հետ բերել են ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և այլն»,- ասում է Հայկ Հովհաննիսյանը։
Հարցին, թե ապօրինի զենքով կատարված հանցագործությունները զենքի գործադրմամբ հանցագործությունների քանի տոկոսն են կազմում, Հայկ Հովհաննիսյանը նշեց, թե շատ քիչ տոկոս են կազմում այն անձինք, որոնք օրինական զենքի գործադրմամբ են հանցագործություն կատարում: Հանցագործությունները հիմնականում կատարվում են ապօրինի զենքով։ Նա նաև պատմեց, որ վերջին շրջանում բացահայտումներ են եղել նաև մեծ քանակությամբ հրազեն պահելու մասով, օրինակ՝ Էջմիածնում 20 միավորից ավելի հրազեն է հայտնաբերվել, այս դեպքից առաջ նմանատիպ բացահայտում եղել է Արարատի մարզում։
«Այն, որ Հանրապետության տարբեր տարածքներում տեղի է ունենում զենքի հայտնաբերում մի կողմից ուրախացնող է, որ զենքը դուրս է գալիս քաղաքացիական շրջանառությունից, մյուս կողմից վկայում է այն մասին, որ դեռ շատ աշխատանք կա տանելու, որպեսզի ընդհանրապես բացառվի զենքի ապօրինի շրջանառությունը»,- ասում է Հայկ Հովհաննիսյանը:
Տելեգրամյան ալիքների միջոցով ապօրինի զենքի վաճառքի վերաբերյալ Հայկ Հովհաննիսյանը տեղեկություն չուներ: Սոցիալական հարթակներում զենքի վաճառքի որևէ դեպքով վարույթ չի նախաձեռնվել։ Նա նշեց, որ նման հաղորդում, տեղեկություն ստանալու դեպքում բոլոր միջոցները կձեռնարկվեն վարույթ նախաձեռնելու և հանցագործությունը կանխելու, կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։
Հայկ Հովհաննիսյանը պատմեց, որ նոր տեխնոլոգիաների գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտումը բարդություններ է առաջացնում, բայց վերջին շրջանում իրավապահ մարմինները մեծ հաջողություններ են ունեցել տելեգրամյան ալիքների օգտագործմամբ կատարվող հանցագործությունները բացահայտելու մասով, մասնավորապես՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի վաճառքի կամ շրջանառության մասով։
«Բնականաբար, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և այդ ոլորտում արձանագրվող կայծակնային առաջընթացն իր հետ առաջ է բերում առանց այդ էլ լատենտային հանցատեսակների բացահայտման լուրջ խնդիրներ։ Բոլորովին վերջերս բավականին մեծ հաջողություններ արձանագրվեցին տելեգրամյան ալիքներով թմրանյութի ապօրինի շրջանառության ոլորտում և համապատասխան նախաքննական մարմինը ոստիկանության աջակցությամբ, կարողացավ բացահայտել բավականին ծավալուն խմբերի կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության բազմաթիվ, բազմատեսակ դեպքեր։ Բնականաբար այդ եղանակը, որը գործադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության պարագայում, ենթադրելի է, որ կարող է կիրառվել նաև այլ հանցատեսակների՝ մասնավորապես զենքի ապօրինի շրջանառության դեպքում, բայց մինչ օրս նման դեպք դեռևս արձանագրված չունենք»,- ասում է Հայկ Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է զենքի, զինամթերքի մաքսանենգության դեպքերին, Հայկ Հովհաննիսյանը ասաց, որ դրանց թիվը մեծ չէ և վերջին տարիներին կատարված դեպքերի հիմնական մասը նույն սխեմայով է՝ արտերկրից ներմուծվող մեքենաների մեջ է զենք հայտնաբերվում, որի մասին ներկրողը տեղյակ չի լինում։
Դատախազության պաշտոնյան նշում է, որ զենքի ձեռքբերման աղբյուրների, անձանց շրջանակի մասով քրեական վարույթներից մաս է առանձնացվում, և առանձին քննություն է կատարվում, սակայն դրանց բացահայտման ցուցանիշները շատ ցածր են: Ըստ Հ․ Հովհաննիսյանի՝ զենքի մի մասը, օրինակ, բերվել է Արցախից, հետևաբար իրավապահները չեն կարող ստուգել, պարզել ամբողջական տեղեկությունը, ինչը հանգեցնում է նրան, որ գործը մնում է չբացահայտված:
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության՝ DALL·E 3-ի միջոցով
Մեկնաբանել