HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու բնակիչ. «Աղմուկի վրա պատուհանից նայեցի, տեսա, որ մեր հարեւանի ավտոտնակը, անասնագոմը փլվեցին»

Մայիսի 26-ի առավոտը տխուր ու լարված էր: Քանդված կամուրջներ ու ճանապարհներ, հեղեղված շքամուտքեր, ջրով լցված խանութներ, տիղմի ծանր հոտ, քաղաքի հետ կապը կորցրած բնակելի շրջաններ, առանց լույս, գազ ու ջուր մնացած բնակավայրեր: Այսպիսին էր այդ առավոտն Ալավերդու որոշ թաղամասերում ու խոշորացված համայնքի մի քանի բնակավայրերում:

«Էսպիսի բան նույնիսկ տարեցները չեն հիշում: Եղել է ժամանակ, որ գետը բարձրացել է, կամրջի վրայով անցել է, բայց որ այս աստիճանի վնասներ հասցներ, ոչ ոք չի հիշում»,- ասում է Ալավերդու բնակիչ, «Քաղաքացու ձայնը» կայքի լրագրող Նինա Մամաջանյանը:

Մեր զրուցակիցը, որն ապրում է ջրհեղեղից ահագին տուժած Սանահին կայարան թաղամասում, պատմում է, որ մայիսի 25-ի, լույս 26-ի գիշերը՝ ժամը 1-ի կողմերը, Դեբեդն արդեն հեղեղել էր ափամերձ հատվածները, ջուրը լցվել էր բնակելի շրջաններ: Գիշերվա ժամը 3-ին զանգել էին Նինայի ամուսնուն, որը խանութում էր աշխատում: Հայտնել էին, որ ջուր է լցվել խանութի առաջ: Թաղամասում հոսանք այլեւս չկար, բայց, Նինայի պատմելով, ձայներից հասկացել էին, որ պարեկներ ու փրկարարներ են ժամանել: Սանահին կայարանի մի մասը, որը գտնվում է Դեբեդի աջ ափին եւ հայտնի է «Կամչատկա» անունով, կտրվել է թաղամասի ձախափնյա հատվածից, քանի որ վարարած գետը փլուզել է երկու մասերն իրար կապող կամուրջը: Փրկարարները կապն ապահովում են Դեբեդի վրայով անցկացված ճոպանների միջոցով:

Նինան ասում է, որ իրենց տունն էլ գետի մոտ է (ձախ ափին), բայց քանի որ ջրի մակարդակից բարձր է, իրենք չեն տուժել: «Տեսանք, որ ժողովուրդը խառնված էր: Մթի մեջ գետը սպիտակին էր տալիս: Աղմուկի վրա պատուհանից նայեցի, տեսա, որ մեր հարեւանի ավտոտնակը, անասնագոմը փլվեցին: Կենդանիներ ունեին, այգի ունեին… Հիմա գետը կտրել է այդ տեղը ու ձոր է դարձրել (տես առաջին լուսանկարում - հեղ.): Հետո ծառերը ջարդվեցին, փշրվեցին, գնացին»,- «Հետքի» հետ զրույցում հիշում է Նինան:

Մայիսի 26-ի գիշերվանից մինչեւ մեր զրույցի պահը՝ այսօրվա 16:00-ն, Սանահին կայարանում էլեկտրաէներգիայի մատակարարումը չէր վերականգնվել: Բնակիչները հիմնականում քաղաքի կենտրոն են հասնում՝ հեռախոսները լիցքավորելու համար: Հոսանք չլինելու պատճառն այն է, որ էլեկտրասյուներ են վնասվել, բայց այսօր արդեն նկատել էր, որ նոր սյուներ են դրվել:

Հեղեղը խափանել է գազի մատակարարումը: Ալավերդու որոշ հատվածներում, ըստ մեր զրուցակցի, այն դեռ չի վերականգնվել: Սանահին կայարանում մայիսի 28-ին է վերականգվել գազամատակարարումը:

Հեղեղի հետեւանքով փլվել են կամուրջներ, ճանապարհներ, վնասվել է երկաթուղին: Մեր զրույցի պահի դրությամբ քաղաքի մի մասը ջուր դեռ չուներ ջրատարի վնասվելու հետեւանքով:

Նինա Մամաջանյանն ասում է, որ Սանահին կայարանում 4 բնակելի շենք՝ մի քանի մուտքերով, գրեթե մինչեւ երկրորդ հարկը տիղմի մեջ են: Առայժմ հասցրել են մաքրել շքամուտքերի տիղմը, բնակարաններ դեռ չեն կարողացել մտնել: Ջրի տակ էին անցել Թումանյան փողոցի տները: Բնակիչներին հիմնականում տարհանել են, բայց մի մասը վերադարձել է՝ ասելով, որ գետի մակարդակն իջել է, վտանգը նվազել է:

Կտրվել է Ալավերդու կապը խոշորացված համայնքի մեջ մտնող Ախթալա, Շամլուղ քաղաքների, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան գյուղերի հետ: «Հետքի» զրուցակիցն ասում է, որ այս պահին շրջանցիկ անտառային ճանապարհ կա (Ալավերդի-Ջիլիզա ճանապարհից անցում կա դեպի Շամլուղ), դա են փորձում հարթեցնել՝ կապն ապահովելու համար: Իսկ Ախթալան Մ-6 մայրուղուն կապող կամրջի հարցը դեռ հայտնի չէ, թե երբ կլուծվի:

Լուսանկարները տրամադրել է Նինա Մամաջանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter