HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել՝ թե՛ օրենքով, թե՛ առանց օրենքի». գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի ցուցմունքը

Ջրականի ուսումնական 5-րդ գումարտակի անձնակազմն ի վիճակի չի եղել մարտական գործողությունների մասնակցել։ Այս մասին մայիսի 29-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության քրեական դատարանում հայտնեց ամբաստանյալ Իշխան Վահանյանը։

Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը մեղադրվում է ուսումնական գումարտակի նորակոչիկներին մարտի դաշտում միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։

Ըստ վկայությունների՝ 2020թ. հոկտեմբերի 10-ին, երբ հակառակորդը հարձակվել է, Իշխան Վահանյանն իջել է սարից՝ ասելով, թե վիրավոր է, նստել է մեքենան և գնացել՝ իր հետ տանելով նաև կապի միջոցը։

Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողները զոհվել կամ գերեվարվել են։

Հանրային մեղադրող Գևորգ Ավետիսյանը հետաքրքրվեց՝ երբ Իշխան Վահանյանը ստանձնեց գումարտակի հրամանատարի պաշտոնը, գիտակցո՞ւմ էր նորակոչիկների հանդեպ իր պատասխանատվությունը։

«Գիտակցել եմ, ինժեներական աշխատանքներ պետք ա անեին, համալրվեին»,- պատասխանեց Վահանյանը։

Ըստ նրա՝ մինչև Խուռհատ սարը բարձրանալը, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողությունները, հրամանատարությունն իրենց ասել է՝ միայն բնագիծ են զբաղեցնելու։

-Իսկ եթե դուք իմանայիք, էդ հանգամանքը չնշեին, որ ընդամենը գիծ պետք ա զբաղեցնեք, առաջադրանքի կատարումից կհրաժարվեի՞ք,- հարցրեց հանրային մեղադրողը։

-Չէինք անի, չէինք գնա ըտեղ, մեզ էլ չէին հանի։

Դատախազը հիշեցրեց՝ գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանն իր ցուցմունքում նշել է, որ զորքն ի վիճակի չի եղել մատական գործողություններ կատարել, խոսել է Իշխան Վահանյանի հետ և հարցրել՝ արդյոք Վահանյանը գիտակցո՞ւմ է՝  ինչ պատասխանատվության տակ է մտնում՝ հաշվի առնելով զորքի վիճակը և հնարավոր զարգացումները, ինչին նա դրական պատասխան է տվել։

Իշխան Վահանյանը հերքեց, որ առանձնազրույց է ունեցել գումարտակի նախկին հրամանատար Գարիկ Վարդերեսյանի հետ և նշեց, որ նման խոսակցություն չի եղել։

Հանրային մեղադրողը հետաքրքրվեց՝ կոնկրետ ով և ինչ մարտական առաջադրանք է տվել Խուռհատում, և դրա հիման վրա ինչ մարտական առաջադրանք է տվել անձնակազմին Իշխան Վահանյանը։

-Պիտի գնանք էդ սարը, զբաղեցնենք բնագիծ։ Իրանց իմանալով, մենք էլ տենց իմացանք, որ հակառակորդը առաջ չի գալու, հրադադար ա լինելու, մենք էլ բնագիծ զբաղեցնենք, անցնենք պահպանության։

-Եթե ասեին, որ հրադադար չի լինելու, դուք կհրաժարվեի՞ք,- հարցրեց դատախազը։

-Հանգիստ կհրաժարվեի։

-Վկաները նշել են, որ հոկտեմբերի 9-ին Խուռհատ սարի այդ հատվածում հրետակոծություն է եղել, հիմա դուք զբաղեցրել եք բնագիծ, բա ի՞նչի չհրաժարվեցիք։

-Չեմ կարծում, որ իրանք էլ իմանային տենց բանա լինելու, ստորաբաժանումը հանեին էդտեղ,- պատասխանեց Իշխան Վահանյանը։

Ըստ նրա, երբ հոկտեմբերի 10-ին սկսվել է հրետակոծություն, գնդի հարանատար Արթուր Քարամյանի հետ կապի է դուրս եկել, վերջինս հրամայել է՝ անցնել պաշտպանության։

-Ձեզ խնդիրն առաջադրել է Արթուր Քարամյանը, նաև պետք է վերահսկե՞ր,- հարցրեց հանրային մեղադրողը։

-Բնականաբար,- պատասխանեց ամբաստանյալը։

Հարցաքննության ժամանակ պարզվեց, որ զինծառայողները բահեր չեն ունեցել, որպեսզի խրամատ փորեն։

-Դուք՝ որպես գումարտակի հրամանատար, պարտավորություն եք ստանձնել մոտավորապես 200 զինծառայողի համար,- ասաց դատախազը։

-Չէ, էդքան չի։

-Լավ, հարյուրից ավել զինծառայողների համար։ Դուք անձնապես՝ որպես գումարտակի հրամանատար, պարտավոր չէի՞ք Դուք էլ՝ ձեր հերթին, միջոցներ ձեռնարկել, բահ հայթայթել, ինժեներական մինիմալ պայմաններ ապահովել։ Անգամ բահ չունեի՞ք, որ ինժեներական աշխատանք կատարեիք։

-Չէ։

-Համալրվածության մեջ չկա՞,- հարցեց դատախազը։

-Փոքր բահեր կային համալրվածության մեջ։ 1, 2, 3 հատ, 10 հատ, չեմ կարա ասեմ, - ասաց Վահանյանը։

Զոհվածների ծնողները վրդովվեցին, տեղից սկսեցին խոսել։

-Ես եմ խոսում, լսի հիմա,- դիմելով ծնողին՝ ասաց Վահանյանը։

-Կա՞ր ինչ-որ մինիմալ պայմաններ, գոնե զինծառայողն ինքն իր համար փոս փորեր պաշտպանվելու համար… Մարտական կանոնադրությունը հստակ սահմանում է, որ գումարտակի հրամանատարն՝ անկախ նրանից՝ հրադադար պետք է կնքվի, թե մարտական գործողություն է, պետք է, ըստ իրավիճակի, որոշումներ կայացնի, որոշումներից մեկն էլ պետք է լինի այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնցով ապահովվի նաև զինծառայողների կյանքը, առողջությունը։ Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել, որ մինիմալ պայմաններ ապահովեք, վնասվածքներ չստանան,- հարցրեց հանրային մեղադրողը։

-Տեղանքն օգտագործել են։ Մինիմալ ամեն ինչ ապհովված է եղել։

-Բավարա՞ր եք համարել։

-Տվյալ պահին բավարար եմ համարել։ Ասացի՝ տեղանքում ինչ կա օգտագործում ենք, անցնում ենք պահպանության։

Դատախազը հարցրեց՝ Խուռհատ սարի վրա որտեղ էր գտվում Վահանյանը, երբ հայտնեցին, որ հարձակում է։

-Զորքի մոտ եմ եղել, մի քիչ աջ, մի քիչ ձախ, սաղս էլ էդտեղ ենք եղել։

Ըստ Վահանյանի՝ երբ հոկտեմբերի 10-ին կրակոցներ են եղել, ինքը պատասխան կրակի հրաման է տվել։

-Ասեցին՝ հայկական համազգեստով են, ճշտեք՝ մերոնք են, թե չէ, ձորի տակից սկսեց մինամյոտ աշխատել։ Ու սաղ լինիայով սկսեց խփոցի։ Զեկուցել եմ հրամանատարին, որ մենք ի վիճակի չենք պահել։ Հրաման է եղել միանգամից վիրավորներին հանելը, անձնակազմին ուղղություն նշելը, ես վիրավորվում եմ, նույնը փոխանցում եմ Հայկազին, հրամանատարի հետ կապի է դուրս գալիս, նահանջ է իրականացվում։

-Ունեք փոփոխված իրավիճակ, որտեղ հերտակոծություն է, Դուք ձեր անձնակազմին մարտական առաջադրանք տվե՞լ եք։

-Ըստ կանոնադրության՝ պետք է անձնակազմը գնա խրամախորշ, դիտորդ է մնում դուրսը, հենց հրետակոծությունն ավարտվում է, դուրս են գալիս։

-Ի՞նչ խնդիր եք տվել։

-Ինչ պետք ա, ասել եմ։

-Ի՞նչ եք ասել։

-Ասել եմ՝ բաց տեղից գալիս ենք անտառի մեջ։

-Դա նահանջի հրամա՞ն է։

-Էտի ավելի շատ պաստպարվելու հրամանա,- պատասխանեց ամբաստանյալը։

Դատախազը նշեց, որ մոտ 4 տասնյակ զինծառայողներ հարցաքննվել են, բոլորը միաբերան ասել են՝ միմիայն հրաձգային զենքերից է կրակ եղել, իսկ Վահանյանն ասում է՝ հրետակոծություն է եղել։

-Էդ դեպքում բոլոր վիրավորումները կլինեին հրազենային։

-Ի՞նչ տեղեկություն ունեք, որ բեկորային են ստացել։

-Ես տենց եմ մտածում։

-Նշում են, որ էդ հատվածում հնարավոր չէր բեկորային վիրավորում ստանալ։

-Կոնկրետ իմ վիրավորումը եղել է բեկորային, էլի զինվորներ են եղել, որ ստացել են բեկորային վիրավորում։

-Ի սկզբանե՝ որպես գումարտակի հրամանատար, էդ անտառի մեջ ինչո՞ւ չեք դիրքավորել անփորձ երեխեքին,- հարցրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը։

-Չես կարա,ներբ ոչ մի բան չկա, անձնակազմին տանես ըտե։

Իշխան Վահանյանի խոսքով՝ ինքը խաչքարի մոտ է վիրավորել։ Նրա պնդմամբ՝ ինքն ամենավերջին վիրավորն է եղել, որը դուրս է եկել։

-Ասեցի՝ ես էլ չեմ կարում քայլեմ, վիրավոր եմ, Հայկազն ա Քարամյանի հետ իմ տեղը կապի դուրս եկել։

Վահանյանը նշեց՝ հեռանալուց առաջ պատշաճ կերպով հրամանատարությանը փոխանցել է վիրավորման մասին, բացի այդ հրամանատարությունն ու կապի միջոցը փոխանցել է վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին։ Հանրային մեղադրողն էլ հիշեցրեց գնդի հրամանատար Արթուր Քարամյանի ցուցմունքը, որը Վահանյանին թուլ չի տվել դուրս գալ մարտի դաշտից և ասել է զորքիդ հետ եղիր։

Դատախազը նաև հիշեցրեց, որ ըստ տասնյակ ցուցմունքների՝ Խուռհատ սարի վրա հոկտեմբերի 10-ին հրետակոծություն չի եղել, և Վահանյանն ինքն իր ոտքով է իջել սարից։

-Որ քայլելով գնում էի հոսպիտալն ինձ ո՞ւր էր պահում։

Ըստ Վահանյանի՝ երբ ինքը վիրավոր է եղել, Մոնթե անունով զինծառայողի հետ է իջել սարից։

-Մոնթեն դատարանում Ձեր առջև ցուցմունք տվեց, որ Վահանյանը մեր հետ չի եղել, և վիրավորման, դուրս գալու, շտապօգնության մեքենա կանչելու, հոսպիտալ տեղափոխվելու մասին ամբողջը ներկայացնում է իր պատմածը, որը ինքն ասել է հոսպիտալում։ Ձեր զինվորը գալիս, նման ցուցմունք է տալիս։

-Ճնշումներ են գործադրել,- պատասխանեց գումարտակի հրամանատարը։

-Դուք Ձեր արարքը ո՞նց եք գնահատում, երբ նշում եք, որ նորակոչիկներն ի վիճակի չեն եղել մարտական գործողությունների մասնակցելու։

-Ես ոչ մի խախտում թույլ չեմ տվել՝ թե՛ օրենքով, թե՛ առանց օրենքի,- նշեց ամբաստանյալը։

Իշխան Վահանյանի ցուցմունքը դատարանը կշարունակի լսել հունիսի 3-ին։

Կարդացեք նաև Իշխան Վահանյանի նախորդ ցուցմունքը՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter