
Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել
Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ուկրաինայի տարածքից վերադարձվել է ռուսաստանցի 75 զինծառայող։ Փոխարենը Ուկրաինային է վերադարձվել ևս 75-ը։ Ռուսական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ գերությունից ռուսաստանցի զինվորականների վերադարձի ժամանակ «մարդասիրական բնույթի միջնորդական մասնակցություն» է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս հաստատել է, որ Կիևը ռուսական գերությունից վերադարձրել է 75 մարդու: Նրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի և Ազգային գվարդիայի զինծառայողներ, սահմանապահներ, ինչպես նաև 4 խաղաղ բնակիչ:
Ուկրաինական կողմը նաև հայտնել է, որ Ուկրաինան վերադարձրել է պատերազմում զոհված 212 զինծառայողների մարմինները: Նրանք զինվորականներ էին, որոնք մասնակցում էին Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի և Խարկովի ուղղություններով ռազմական գործողություններին։
Մայիսի 29-ին Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարել էր, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակումը դադարեցվել է արդեն մի քանի ամիս: Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում «Ուկրաինայի պատճառով, որն անընդհատ նոր մտացածին պահանջներ է ներկայացնում»։
Թե ինչ պահանջների մասին էր խոսքը, նա չէր մանրամասնել։
Իր հերթին Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լուբինցի գրասենյակից հայտնել էին, որ Մոսկալկովայի հայտարարությունը «չի համապատասխանում իրականությանը»:
«Ուկրաինան ոչինչ չի դադարեցրել։ Փոխանակումներ տեղի չեն ունենում, քանի որ Ռուսաստանը դա չի ցանկանում»,- ընդգծել էր ուկրաինական կողմը։
Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել 2024 թվականի փետրվարի սկզբին։ Այն ժամանակ ազատ էին արձակվել 100 ուկրաինացի և 100 ռուսաստանցի զինվորականներ։
Լուսանկարը՝ Evgeniy Maloletka / AP / Scanpix / LETA
Մեկնաբանել