
«Ամենակարեւորը՝ չենք ընկճվում»,- ասում է ջրհեղեղից տուժած ալավերդցի կինը
Մայիսի 25-ին ալավերդցի Սերինե Բարսեղյանը սովորականի պես աշխատանքից տուն էր գնացել: Նրա ընտանիքն ապրում է Սանահին կայարան թաղամասի շենքերից մեկի առաջին հարկում: Գիշերվա ժամը 1-ի կողմերն էին: Սերինեի դուստրն ու տատը քնած էին, իսկ ինքն ու ծնողները հեռուստացույց էին դիտում: Վերեւի հարեւանը զանգել ու ասել էր, որ ջուրը շենք է լցվում:
«Լուսամուտը բացեցինք, տեսանք, որ ջուրն արդեն լցվել է լուսամուտի գոգին,- ասում է 39-ամյա Սերինեն,- աղջկաս, տատիկիս քնից հանել ենք, տարել հարեւանի տուն: Սկզբից գնացել էինք կողքի հարեւանի տուն, 10 րոպե ենք նստել, տեսանք, որ էնտեղ էլ ա ջուրը լցվում: Հետո բարձրացանք երկրորդ հարկ, մի 15 րոպե էլ էնտեղ նստեցինք, տեսանք, որ ջուրը համարյա հասնում էր երկրորդ հարկ»: Այդտեղից գնացել են հարեւան շենք ու ողջ գիշեր մնացել երրորդ հարկի հարեւանի տանը:
Գիշերն անցել էր լուսամուտից լուսամուտ վազելով: Անընդհատ հետեւում էին ջրի մակարդակի բարձրացմանը: Սերինեն պատմում է, որ ինքն ու մայրն իրենց բնակարանից միայն ձեռքի պայուսակներն էին վերցրել, մնացած ամեն ինչ մնացել էր տանը:
«Մենք չենք մտածել, որ ջուրն էս աստիճան կլցվեր: Տարիներ առաջ, երեւի 10-15 տարի առաջ, ջուրը լցվել էր տուն, բայց քիչ էր, էնքան որ հատակն էր թրջվել: Էդ ժամանակ ծնողներս տանն էին: Իսկ էս անգամ… Աստծուն փառք եմ տալիս, որ գիշերը չի եղել, գոնե հասցրել ենք տնից դուրս գալ: Եթե ժամը 4-5-ին լիներ, ողջ չէինք մնա»,- նշում է ալավերդցի կինը:
Մայիսի 26-ի լույս գիշերն ու ամբողջ օրվա ընթացքում թաղամասի տղաները ռեզինե նավակներով սկսել էին տարհանել մարդկանց: Սերինեն ասում է՝ այդ ժամանակ խոսում էին, որ դեռ վտանգը կա, ու մարդիկ խուճապահար դուրս էին գալիս տներից: Կեսօրից հետո Սերինեի ընտանիքը եւս տարհանվել է:
Ծնողները գնացել էին բարեկամի տուն, իսկ ինքն ու դուստրը՝ տատի տուն՝ Սանահին-Սարահարթ:
Երկու օր անց Սերինեն տուն էր գնացել: Ռեզինե կոշիկներ էր գտել ու բնակարան մտել: Պատմում է, որ երեքսենյականոց տունն ամբողջությամբ ցեխի մեջ էր, բենզինի ու կերոսինի ուժեղ հոտ էր գալիս: Ասում է՝ հավանաբար, հեղեղը նաեւ վառելիքիով տարաներ էր քշել- տարել, եւ հոտը ջրի հետ տարածվել էր:
Տուն մտնելուց հետո Սերինեն փորձել էր հագուստը վերցնել՝ մտածելով, որ կլվանար, պիտանի կլիներ հագնելու համար, բայց հագուստից բենզինի հոտ էր գալիս: Տնից միայն սպասքն էր կարողացել վերցնել:
«Երբ որ ներս մտա, մարդու լաց էր գալիս: Մարդիկ տարիներով հետ էին գցել, ու մի վայրկյանում էդ ամեն ինչը կորցրեցինք»,- նշում է նա:
Դուստրը՝ Մերին, լավ է սովորում դպրոցում: Դասագրքերն արդեն հանձնել էր, բայց տետրերը տանն էին մնացել, ու հիմա երբեմն լացում է, որ դրանք մնացել են ջրի մեջ:
Սերինեն ասում է, որ չնայած ամբողջ տնից միայն սպասքն է կարողացել վերցնել, չի ընկճվում: Տարիների ընթացքում քիչ-քիչ նորից կհասնեն ինչ-որ բանի: «Ամենակարեւորը՝ չենք ընկճվում: Որ ընկճվենք էլ, մենակ մենք չենք տուժել: Որ մենակ մենք լինեինք, կասեինք՝ ինչի՞ ըսենց եղավ: Բոլորին նայելով՝ հույս ենք տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու»,-ավելացնում է ալավերդցի կինը:
Առաջին լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի, մյուս լուսանկարները տրամադրել է Սերինե Բարսեղյանը
Մեկնաբանել