HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը ընկերական խաղում պարտվեց Սլովենիայի ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 1։2 հաշվով պարտվեց Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպումը կայացավ Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ սլովենացիների առավելությամբ։ Ամբողջ 45 րոպեների ընթացքում մեր հավաքականի խաղացողները մրցակցի դարպասին հարված չկատարեցին, իսկ դաշտի տերերն օգտագործեցին իրենց պահերից մեկը։ 11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Յան Մլակարը։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը կերպարանափոխված դաշտ դուրս եկավ, և հենց առաջին րոպեներին մի քանի շատ լավ պահ ունեցավ հաշիվը հավասարեցնելու համար, սակայն Սլովենիայի հավաքականի դարպասապահը փրկում էր իր թիմին վերահաս գոլերից։ Այնուամենայնիվ, 56-րդ րոպեին նույնիսկ նա չկարողացավ իր թիմին փրկել։ Անկյունայինից Էդուարդ Սպերցյանի կատարած փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց մեր ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը։

Երեք րոպե անց արդեն Հայաստանի հավաքականը կարող էր հաշվի մեջ առաջ անցնել, սակայն Արթուր Միրանյանի գլխով կատարած հարվածը մի փոքր շեղ ընթացավ։ 63-րդ րոպեին, սակայն, Սլովենիան կրկին առաջ անցավ հաշվի մեջ, գոլի հեղինակ դարձավ Յոսիպ Իլիչիչը։ Մի քանի րոպե անց, կրկին անկյունայինի խաղարկումից Հայաստանի ազգային ընտրանին կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն Էդգար Սևիկյանի հարվածը մի փոքր շեղ ընթացավ։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում մեր ընտրանու տղաները կրկին մի քանի պահ ունեցան խաղը փրկելու համար, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփոխություններ չեղան․ Սլովենիան հաղթեց 2։1 հաշվով։

Հիշեցնենք՝ հունիսի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ ընկերական հանդիպումը կանցկացնի՝ Երևանի Հանրապետական մարզադաշտում ընդունելով Ղազախստանի ընտրանուն, իսկ Սլովենիայի հավաքականը կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպայի 2024թ․ առաջնությանը։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter