HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է իր մոր՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելուն։

Նախարարը կրկին հայտարարել է, որ ՌԴ-ում շինարարությամբ զբաղվող իր եղբայրներն են ֆինանսավորել կառուցապատումը։

«Այդ հոդված գրողը եթե մի քիչ ուշադիր լիներ, բացեր, կարդար իմ եղբոր ընկերությունների անունները, կարդար, տեսներ՝ այդ ընկերությունները ինչքան տարեկան շրջանառություն են ունեցել, 230 հազար դոլարի մասին հարց չէր առաջանա։ Այսինքն, կարող էր այդ հոդված գրողը մտներ ինտերնետով կարդար մեր ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը․․․ Եղբայրներս կա՛մ անհատապես են աշխատել, կա՛մ ընկերությունում․․․Սկզբից ընկերություն չի եղել, մասնավոր են աշխատել, հետո ընկերություն են հիմնել»,- հայտարարել է Գնել Սանոսյանը՝ նշելով, որ իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերության անունն է՝ «ՎԳՎ»։

Նախարարի հայտարարությունից առաջ մենք, իհարկե, գտել էինք իր եղբոր՝ ՌԴ-ում հիմնադրած ընկերության տվյալները, բայց դեռ հրապարակում չէինք պատրաստել։ Գնել Սանոսյանի հորդորից հետո ներկայացնում ենք բաց աղբյուրներից ստացված տվյալները, որոնք չեն հիմնավորում 230 հազար ԱՄՆ դոլար եկամուտը։ 

Գնել Սանոսյանի եղբայրը՝ Վահան Հենզելի Սանոսյանը, 2021 թ.-ին ՌԴ-ում հիմնադրել է «ВГВ ДОРСТРОЙ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100% բաժնետոմսերը նրան են պատկանում։ Վահան Սանոսյանն այլ ընկերություններ չի հիմնադրել, այլ ընկերությունների բաժնեմասեր ձեռք չի բերել։ Նա կապված է միայն «ВГВ ДОРСТРОЙ» ընկերության հետ (բաժնետեր և տնօրեն է)։

Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության հարկերի և եկամուտների հաշվետվություններից պարզ է դառնում, որ «ВГВ ДОРСТРОЙ» ընկերությունը մեծ եկամուտ չի ստացել։ 2023 թ.-ին ընկերության մաքուր շահույթը կազմել է 237 հազար ռուբլի, իսկ 2022 թ.-ին՝ 275 հազար ռուբլի։ Ընկերության կանոնադրական կապիտալն ընդամենը 10 հազար ռուբլի է։ Եթե ընկերության երկու տարվա զուտ շահույթը վերածենք դրամի, կստացվի մոտ 2 միլիոն 252 հազար 800 դրամ (512 հազար ռուբլի)։

Նախարարի մյուս եղբայրը՝ Վարդան Հենզելի Սանոսյանը, ՌԴ-ում 2021 թ․-ին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Նրա ստացած եկամուտների մասին տվյալներ առկա չեն։

Այս պայմաններում շարունակում է արդիական մնալ այն հարցը, թե որտեղի՞ց նախարարի եղբայրներին մոտ 230 հազար դոլար գումար առանձնատան ներկա փուլի ծախսերը հոգալու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter