HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

122 մլն 992 հազար դրամ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում նորոգման աշխատանքների համար

Կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 122 մլն 993 հազար դրամ գումարի չափով:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ գումարը կուղղվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերմանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ադմինիստրատիվ կազմի համար նախատեսված գրասենյակային հատվածի հիմնանորոգումից հետո (գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության 22.12.2022թ․–ի N 2043-Ն որոշմամբ) առկա է նաև ՊՈԱԿ–ի ստեղծագործական անձնակազմի համար նախատեսված հին և անմխիթար վիճակում գտնվող փորձասենյակների հիմնանորոգման, ինչպես նաև համերգասրահը նոր փորձասենյակներով համալրելու անհրաժեշտությունը։

Համերգասրահում համերգների և մշակութային իրադարձությունների այլընտրանքային վայր ունենալու նպատակով նշված հատվածում նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում հանդես գալու կամերային, նոր ֆորմատի համերգային և կրթական ծրագրերով, թեմատիկ զրույցներով և այլն։ 

Նախատեսվում է նաև նորոգել համերգասրահի աստիճանավանդակներից մեկը և համերգասրահի ստորգետնյա այն հատվածը, որտեղ իր գործունեությունն է ծավալում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» անսամբլը։ Այդ տարածքում անհրաժեշտություն կա փորձասենյակների, հանդերձարանների և սանհանգույցների նորոգման, ինչպես նաև տարածքը նոր ընդարձակ հանդերձարաններով համալրման, ինչը թույլ կտա հետագայում ոչ միայն անվանի արտիստներին, այլև երգչախմբերին և այլ մեծ կոլեկտիվներին հավուր պատշաճի ապահովել համապատասխան հանդերձարաններով։

Նախատեսվում է նորոգել նաև համերգասրահի 1-ին և 2-րդ հարկերի ճեմասրահները, ինչպես նաև դահլիճում կատարել թատերահարթակի և պարտերի ընթացիկ նորոգման և ամֆիթատրոնի, թատերահարթակի, աջ ու ձախ օթյակների բազրիքների փափուկ հատվածների նորոգման, բեմի դիմային հատվածի հիմնանորոգման և կողային հատվածների երեսպատման աշխատանքներ։

Կատարվելիք աշխատանքների արագ և համալիր իրականացումը կարևոր է ոչ միայն «Արամ Խաչատրյան» համերգասրահի բնականոն գործունեության համար, այլև մշակութասեր հասարակությանը լիարժեք, հագեցած և պատշաճ մակարդակով ներկայանալու տեսանկյունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter