HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջորջիայում դատարանը հետաձգել է Դոնալդ Թրամփի դատավարության մեկնարկը

ԱՄՆ Ջորջիա նահանգի վերաքննիչ դատարանը կարգադրել է կասեցնել Դոնալդ Թրամփի գործի քննությունը, որը մեղադրվում է այդ նահանգում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի մեջ: Դատական գործընթացը կասեցվել է այնքան ժամանակ, քանի դեռ վերաքննիչ դատարանը չի որոշել, թե արդյոք անհրաժեշտ է դատական գործընթացից հեռացնել շրջանային դատախազ, դեմոկրատ Ֆանի Ուիլիսին, իսկ այդ որոշումը կարող է կայացվել արդեն այս տարի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

BBC-ն գրում է, որ Թրամփի փաստաբանները ձգտում են գործի քննությունից հեռացնել դատախազ Ուիլիսին՝ ապացուցելով, որ նրա ռոմանտիկ հարաբերությունները մեկ այլ դատախազի՝ Նեյթան Ուեյդի հետ, ով այս գործով գլխավոր մեղադրողն էր, շահերի բախում է առաջացնում:

Մայիսին Թրամփի և նրա 18 ենթադրյալ հանցակիցների գործը վարող դատավորը հայտարարեց, որ դատարանը շահերի բախում չի տեսնում, և գործի քննությունը կարող է շարունակվել վերաքննիչ դատարանի որոշմանը սպասելուն զուգահեռ: Սակայն Վերաքննիչ դատարանը հունիսի 5-ին վճռել էր, որ գործով ոչ մի դատական գործողություն մինչև իր որոշման հրապարակումը չպետք է կատարվի:

Ընդ որում, կողմերի բանավեճի փուլը վերաքննիչ դատարանը նշանակել է հոկտեմբերի 4-ին, և դա գրեթե հաստատաբար նշանակում է, որ բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացվի մինչև նոյեմբերի սկզբին կայանալիք նախագահական ընտրությունները:

Դոնալդ Թրամփը և նրա քաղաքական թիմի 18 անդամները և նահանգային հանրապետական կուսակիցները Ջորջիայում մեղադրվում են 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձի մեջ: Նրանք բոլորը հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները։

Ֆանի Ուիլիսը փետրվարին դատարանում խոստովանել էր, որ սիրային հարաբերությունների մեջ է գլխավոր մեղադրող Ուեյդի հետ, սակայն հավաստիացրել էր, որ դա որևէ կերպ չի կարող ազդել գործի ընթացքի վրա։

Դատավոր Սքոթ Մաքաֆին, ի վերջո, մարտ ամսին որոշել էր, որ Ուիլիսի և Ուեյդի սիրային հարաբերությունները վնասում են գործին, բայց, ըստ նրա, դատական գործընթացը կարող է շարունակվել, եթե Ուեյդը հրաժարական տա: Դատախազ Ուեյդը այդ քայլին գնաց մարտի կեսերին:

Ջորջիայի վերաքննիչ դատարանն ըստ ընթացակարգի մինչև հաջորդ տարվա մարտի կեսը ժամանակ ունի որոշում կայացնելու։ Այդ ժամանակ նախագահական ընտրություններն արդեն պատմություն կլինեն, իսկ Ջո Բայդենը կամ Դոնալդ Թրամփը կզբաղեցնեն ԱՄՆ նախագահի պաշտոնը։

Միևնույն ժամանակ, Թրամփի փաստաբանների թիմը ցանկության դեպքում կկարողանա բողոքարկել Վերաքննիչ դատարանի որոշումն արդեն Ջորջիա նահանգի գերագույն դատարանում:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Նյու Յորքի երդվյալ ատենակալների դատարանը Դոնալդ Թրամփին մեղավոր էր ճանաչել փաստաթղթերի կեղծման մեջ։ Ըստ մեղադրող կողմի Թրամփը նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռության դիմաց գումար էր վճարել։

Դատավորը դատավճիռը դեռ չի հրապարակել, բայց նույնիսկ բանտարկությունը, որն այս դեպքում քիչ հավանական է, չի խանգարի Թրամփին առաջադրվել նախագահի պաշտոնում:

Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար վճարելու գործը Թրամփի դեմ հարուցված չորս քրեական գործերից մեկն էր։ Ջորջիայի գործը մյուս երեքից մեկն է։

Լուսանկարը՝ Luke Hales/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter