HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ երեխան արև է․ ուզում եմ, որ նրա շողով ջերմանա ամբողջ աշխարհը»․ Մելանյան հորդորում է մայրերին չհրաժարվել իրենց երեխաներից

Մայրանալը եղել է Մելանյա Վաթինյանի երազանքը։ «Ամեն անգամ երեխա տեսնելիս ես արտասվում էի»,- ասում է Մելանյան։ Երկար սպասումներից հետո 38 տարեկանում Մելանյան ունենում է իր առաջնեկին՝ Ալինային, որը փոխում է նրա կյանքը։ Մեկուկես տարի անց Մելանյան իմանում է իր երկրորդ հղիության մասին: Ամուսինը դեմ է լինում՝ հորդորելով ընդհատել հղիությունը։ Սակայն Մելանյան որոշում է, որ երեխան պիտի ծնվի։

Հղիության ընթացքն անցնում է առանց բարդությունների, սակայն ծննդաբերությունից հետո պարզ է դառնում, որ երեխան առողջական խնդիրներ ունի։ Հետծննդաբերական սենյակ տեղափոխելուց հետո կնոջն են մոտենում բժիշկները՝ հայտնելու այդ մասին․ «Ձեռքս բռնեցին և ասացին, որ երեխան ծնվել է դաունի համախտանիշով, և ճիշտ կլինի հրաժարվել իրենից,- պատում է Մելանյան՝ վերհիշելով պահի հուսահատությունն ու իր հոգեվիճակը,- շոկ ապրեցի ու սառել էի, իրենք խոսում էին, ես չէի լսում։ Իրենց գնալուց հետո ծածկոցը գլխիս գցեցի ու սկսեցի բարձր ձայնով լացել»։

40 օր երեխային՝ Սոֆյային, հիվանդանոցում է  թողնում՝ այդ ընթացքում փորձելով կարգավորել իր ընտանեկան խնդիրները։ Ամուսինը հրաժարվում է ճանաչել երեխայի հայրությունը և կտրականապես դեմ է լինում երեխային վերցնելու մտքին, իսկ վերցնելու պարագայում կնոջն ասում է, որ ամբողջ հոգսերը պետք է անձամբ հոգա։

Մելանյան դիմում է տարբեր կազմակերպությունների, անհատների՝ օգնության ակնկալիքով։ Նրան ձեռք է մեկնում «Բարի մամա» ՀԿ-ն՝ ապահովելով երեխային անհրաժեշտ խնամքի և այլ պարագաներով, ինչպես նաև Մելանյային տալով հոգեբանական աջակցություն։ Մելանյան կարճ ժամանակ ամուսնու հետ ապրելուց հետո որոշում է բաժանվել։ Այժմ բնակվում է մոր և երկու դստեր հետ։ Մայրը վատառողջ է, և նա է ընտանիքի ամբողջ հոգսը տանողն ու գումար վաստակողը։ Չնայած այդ դժվարություններին՝ նա չի հուսահատվում և մեծ ջանքեր է ներդնում՝ Սոֆյայի կյանքի որակը բարելավելու ուղղությամբ։ Մելանյան ակնկալում է, որ պետությունը փոքր-ինչ ավելի աջակից կգտնվի իր կարգավիճակն ունեցող մայրերի նկատմամբ։ Ասում է՝ ունի անձնական օգնականի կարիք, որը շաբաթը երեք անգամ երեխային կտանի վերականգնողական թերապիաների և կբերի տուն։

5-ամյա Սոֆյայի նույնիսկ չնչին թվացող առաջընթացներն և հաջողությունները երջանկացնում են Մելանյային։ Նրա կյանքի իմաստն ու նպատակը լավ մայր լինելն է։ «Իմ երեխան լույսի շող է, արև է․ ուզում եմ, որ նրա շողով ջերմանա ամբողջ աշխարհը»,- ասում է Մելանյան և ջերմորեն գրկում պայծառ աչքերով դեպի իրեն վազող դստերը։

Մելանյան հորդորում է մայրերին չթողնել իրենց երեխաներին․ «Մենակ էն հանգամանքը, որ իմ երեխան իմ կողքին է, արդեն ինձ ուժ է տալիս հաղթահարելու բոլոր դժվարություններն ու անցնել առաջ»,- ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Հայաստանում մանկալքության դեպքերը հիմնականում պայմանավորված են երեխաների առողջական խնդիրներով։ Մեր երկրում գործող 5 մանկատանը խնամվող երեխաների ընդհանուր թիվը 372 է, որից 289-ը ունի հաշմանդամություն (շուրջ 78 %):

Վերջին 3․5 տարվա ընթացքում մանկատներից որդեգրվել է 27 երեխա, որից 7-ն ունեցել է հաշմանդամություն։ 

«Բարի մամա» ՀԿ-ի սոցաշխատող Լիլիթ Շիրինյանն ասում է` մի շարք խնդիրների են բախվում այն մայրերի հետ աշխատելիս, որոնք երեխայից հրաժարվելու ցանկություն են ունենում․ «Հիմնական խնդիրներն են՝ գիտելիքի պակասը առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կազմակերպման հարցում, կոմպետենտության բացակայությունը, ծնողավարման հմտության պակասը։ Յուրաքանչյուր ծնողին տրվում է առանձնահատուկ մոտեցում՝ կախված, թե ինչ դեպք է և իրավիճակ»,- ասում է նա։

Սոցաշխատողը ևս հաստատում է, որ երեխաներին լքելու հիմնական պատճառը առողջական խնդիրներն են, սակայն կան նաև այլ պատճառներ, օրինակ՝ եթե երեխան ծնվել է արտամուսնական կապից, սոցիալական վատ պայմանները, ինչպես նաև՝ հասարակության վերաբերմունքն առողջական խնդիրներ ունեցող և արտամուսնական կապից ծնված երեխաների նկատմամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) հայտնում է՝ որպես այլընտրանքային խնամքի ծառայություն, պետությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։ «Խնամատարության գործընթացի զարգացման նպատակով նախարարության և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի փոխգործակցության շրջանակում շարունակվում են աշխատանքներ, այդ թվում՝ իրազեկման ակցիաների, խնամատար ընտանիքներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։ Նույն ինստիտուտի զարգացմանն է ուղղված մեկ այլ համագործակցություն՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի հետ, որի արդյունքում երեխաները դուրս են բերվում ինստիտուցիոնալ կառույցներից և ինտեգրվում են համայնք՝ ապրելով խնամատար ընտանիքներում»,- նշում է նախարարությունը։

Այս տարի ևս նախարարությունը «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների» ծրագրի շրջանակում հասարակական կազմակերպություններին պատվիրակել է ցերեկային խնամքի ծառայությունների տրամադրում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 3500 երեխայի համար, այդ նպատակով հայտարարելով դրամաշնորհների մրցույթներ՝ ՀՀ պետական բյուջեից հատկացնելով շուրջ 500 մլն դրամ։  Պատվիրակված ծառայությունների ծածկույթն ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը։

«Միջոցառման  նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան  երեխաների ընտանիքում ապրելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու, երեխայի (ընտանիքի) կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով (գնահատված սոցիալական կարիքների հիման վրա) համարժեք ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև նպաստելու երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգացմանը, երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրելու սոցիալ-վերականգնողական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու երեխաների՝ ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ, ապահովելու ընտանիքի հետ վերամիավորումը»,- նշում է ԱՍՀՆ-ն` ի պատասխան մեր հարցերի:

Նախարարությունը նշում է նաև, որ իր ենթակայությամբ գործող պետական վեց ցերեկային խնամքի կենտրոնները ևս շարունակում են իրենց ներդրումն ունենալ երեխայի՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելման գործում։

«Կարևոր է ընդգծել համայնքային մակարդակում երեխաների պաշտպանության գործընթացի հզորացման անհրաժեշտությունը, որը կխթանի երեխաների՝ ընտանիքից բաժանման ռիսկի կանխարգելումը, վաղ փուլում միավորումները։ Նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի նախագիծը՝ առաջարկելով սահմանել մասնագիտական օղակ՝ երեխայի պաշտպանության առաջին աստիճանում»,- նշված է պատասխանի մեջ։

Ներկայում էլ մշակվում է Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը, որտեղ, ըստ ԱՍՀՆ-ի, տեղ են գտնելու մի շարք թիրախային միջոցառումներ։  

Ինֆոգրաֆիկաները` Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter