
Էնթոնի Բլինքենը Գազայում հրադադարի հարցով կմեկնի Մերձավոր Արևելքի երկրներ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 10-12-ը կայցելի Եգիպտոս, Իսրայել, Հորդանան և Կատար՝ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը: Այդ մասին հայտնել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղարը գործընկերների հետ կքննարկի հրադադարի մասին համաձայնության հասնելու անհրաժեշտությունը, որը կերաշխավորի պատանդների ազատ արձակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ամերիկյան կողմը տեղեկացնում է, որ հանդիպումների ժամանակ Բլինքենը պնդելու է, որ հրադադարի մասին համաձայնագիրը «ձեռնտու է ինչպես իսրայելցիներին, այնպես էլ պաղեստինցիներին»: Հորդանանում ԱՄՆ պետքարտուղարը ներկա կգտնվի Գազայի հատվածին հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերելուն նվիրված խորհրդաժողովին: Համաժողովը հյուրընկալող կողմի հետ կազմակերպում են Եգիպտոսը և ՄԱԿ-ը:
Մերձավորարևելյան շրջագայությունից հետո Բլինքենը կմեկնի Իտալիա, որտեղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կուղեկցի G7-ի գագաթնաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել էր Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման նոր ծրագիր։ Պլանը բաղկացած է երեք փուլից։ Բայդենը խոստովանել էր, որ հատկապես դժվար կլինի պայմանավորվել առաջին փուլից երկրորդ փուլ անցնելու մասին:
Առաջին փուլը կտևի վեց շաբաթ։ Այն ներառում է վերջնական հրադադար, Իսրայելի զորքերի դուրսբերում Գազայի հատվածի բնակավայրերից, իսրայելցի պատանդների մի մասի վերադարձ՝ պաղեստինցի հարյուրավոր բանտարկյալների ազատ արձակման դիմաց։ Այս փուլը նախատեսում է նաև Գազայի հատվածի բնակիչների վերադարձ դրա հյուսիսային հատված և մարդասիրական օգնության մատակարարումների ավելացում:
Երկրորդ փուլը ենթադրում է ռազմական գործողությունների վերջնական դադարեցում և Գազայի հատվածից Իսրայելի զորքերի դուրսբերում, ինչպես նաև իսրայելցի բոլոր պատանդների ազատ արձակում: Այս փուլը հստակ ժամկետներ չունի։ Բայդենի խոսքով՝ հրադադարի ռեժիմը կգործի բանակցությունների ողջ ընթացքում:
Եզրափակիչ փուլում կսկսվի ԱՄՆ-ի և միջազգային հանրության աջակցությամբ տարածաշրջանի վերականգնման մասշտաբային ծրագիրը, որը կտևի 3-5 տարի: Իսրայելցի սպանված պատանդների աճյունները կվերադարձվեն իրենց ընտանիքներին։
Լուսանկարը՝ Alaa Al Sukhni/Reuters
Մեկնաբանել