HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան պնդում է, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ ֆինանսավորման իր բաժինը վճարելուց

Հայաստանը նախկինի պես ֆինանսական պարտավորություններ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև, չնայած այն բանին, որ այդ երկրի իշխանությունները հայտարարել են կազմակերպությանն անդամակցությունը սառեցնելու մասին և հրաժարվում են ներդրում կատարել կազմակերպության բյուջեում։ Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Երևանը պահպանում է ֆինանսական պահանջների կատարման պարտավորությունները կազմակերպության կանոնադրությանը և ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերին համապատասխան»,- РИА Новости-ն մեջբերել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ նման մոտեցումը համապատասխանում է «միջազգային կազմակերպությունների գործունեության համաշխարհային պրակտիկային, որտեղ պահպանվում է ֆինանսական կարգապահությունը՝ անկախ կողմերից մեկի ցանկությունից սառեցնել կամ նույնիսկ դադարեցնել իր անդամակցությունը»:

ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Հայաստանի հրաժարման պատճառով հարկ կլինի ճշգրտել կազմակերպության 2024 թվականի բյուջեն։ Այնուամենայնիվ, ինչպես ընդգծվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, կազմակերպությունը բնականոն ռեժիմով շարունակում է իր աշխատանքը, իսկ ինչ-որ դեպքերում ՀԱՊԿ քարտուղարությունը կարող է օգտագործել առկա պահուստները։

2024 թվականի համար ՀԱՊԿ-ում Հայաստանի ներդրումը սահմանվել է 53,22 միլիոն ռուբլի։

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ ՀՀ ղեկավարության ներկայացուցիչները քննադատում են ՀԱՊԿ-ին իր պարտականությունների թերացման մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ բազմիցս հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականների ընթացքում չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետեւանքով Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։

Փաշինյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերից Հայաստանը դադարել է մասնակցել ՀԱՊԿ գործընթացներին։ Վիկտոր Բիյագովի հետկանչից հետո Հայաստանը մշտական ներկայացուցիչ չի նշանակել այդ կազմակերպությունում։ Փաշինյանը հստակեցրել էր, որ Երևանը վետո չի դնում ՀԱՊԿ որոշումների վրա, բայց պատրաստ է ամրապնդել հարաբերությունները գործընկերների հետ:

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter